• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Պոեզիան պոեզիայի ու պոետների մասին

Պոեզիան պոեզիայի ու պոետների մասին

Պոեզիան, բանաստեղծությունը՝ անդրադառնալով աշխարհին ու մարդուն, տիեզերքի ամենաբազմազան երևույթներին ու թեմաներին, շատ հաճախ անդրադառնում է նաև ինքն իրեն։ Անդրադառնում ու փորձում է հասկանալ՝ ո՞րն է պոեզիայի դերն ու նշանակությունը, ո՞րն է պոեզիայի առաքելությունը։ Հայ պոեզիայի զարգացման տարբեր փուլերից ընտրված այս գործերում բանաստեղծը տիեզերքի ընթերցող է և միջնորդ Աստծու և մարդկանց միջև, կամ Աստծու քարտուղար, ինչպես Պ․ Սևակի շարքում է։ Բանաստեղծը նաև մարտիկ ու զինվոր է, որ պարտք ու պատասխանատավություն ունի երկրի ու հասարակության առաջ, ըստ Համո Սահյանի։ Սակայն  բանաստեղծը նաև դժբախտ, չհասկացված ու միայնակ մարդն է, որը ստեղծում է երգեր ու իմաստներ, որոնք անտեսանելի ու անշոշափելի են, ինչպես Հ․ Էդոյանի բանաստեղծության մեջ է։ Պոեզիայի միջազգային օրվա առթիվ ընթերցենք հայ բանաստեղծների գործերը բանաստեղծության ու բանաստեղծների մասին, հետևելով պոեզիայի ընկալումների փոփոխությանը՝ տիեզերքի ճանաչումից, մինչև անտեսանելի կապերի բացահայտում։ 

 
Հովհաննես Թումանյան
Տիեզերքի ընթերցումը
 

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել՝
Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
Բարձըր ճակատիս ժըպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ։

Վերանում է վեր հոգիս զըվարթուն—
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,
Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված։

 

 
Վահան Տերյան
Իմ երգերին

 

Մարդոց երկրում անտարբեր,
Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ
Կընդունե ձեզ գգվանքով,
Իմ երազնե՛ր, իմ երգե՛ր…

Այս օրերում ապական,
Կյանքի անարգ խնջույքում —
Ո՞վ կըգգվե կուսական
Ձեր թախիծը իր հոգում։

Ո՞վ վշտաբեկ ու տրտում
Կարձագանքե ձեր խոսքին,—
Ձեր նվագը ցավագին
Ո՞վ կըպահե իր սրտում…

Ո՞ւմ համար եք դուք հնչում,
Մեղեդիներ սգավոր,—
Արդյոք ո՞վ կա հեռավոր,
Որ ձեր ցավով է տանջվում….

 

Եղիշե Չարենց
Պոետ

 

Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյան — մոգական երազ.
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
Երկնային հեռուն ու աստղերն անհաս։

 

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի, փողոցի ուղին —
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին։

 

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր, որ հազար մարդ է համբուրել —
Հավատում եմ ես, որ նրանք քրոջ
Շրթունքներ են կույս — ու մաքուր են դեռ։

 

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա —
Նրա թևավոր, աստղային հոգին
Ճախրում է հեռու աստղերի վրա։

 

Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ։

 

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար, կամ ցնդած մարդու։
Բայց նա մեռնելիս կժպտա, կասի.
— Օրհնությո՜ւն քեզ, կյանք։ Հրա՜շք էիր դո՛ւ...

 

 

Պարույր Սևակ
Երես ու աստառ

 

Ուռենիները նրա՛ համար են,

Որպեսզի... ցույց տան ջրին ճանապարհ: 

 

Եվ ծուխը, նո՜ւյնպես, նրա՛ համար է,

Որպեսզի... ցույց տա ուղղություն քամուն:

 

 Ծղրիդներն, անշո՜ւշտ, նրա՛ համար են,

Որպեսզի... մամլեն մութն իրիկնային

Իրենց նվագի նո՛ւյն ձայնանիշով:

 

Եվ արտույտները նրա՛ համար են,

Որպեսզի... իրենց երգով չորացնեն

Շաղն ու եղյամը վաղ առավոտվա: 

 

Իսկ ուշ աշունն էլ նրա՛ համար է,

Որպեսզի ......

Դանդաղ-դանդաղ լայնացնի տարածությո՜ւնը՝

Տերևաթափո՛վ... 

 

Բանաստեղծնե՞րը:Նրա համար չե՞ն,

Որպեսզի... այսպե՛ս

Ամե՜ն բան շրջեն աստառի վրա...

 

 

Համո Սահյան

Բանաստեղծը

 

Դու դեռ իրավունք չունես լռելու,
Այս մեծ ամպրոպը թող քեզ նորոգի,
Դեռ այնքան լույսեր ունես փռելու,
Խոսքով կռելու հավատք ու հոգի։

Դու դեռ իրավունք չունես մեռնելու,
Քանի չեն մեռել ենիչեր ու հոն,
Դեռ ամրություններ ունես առնելու
Հեռաստաններում հոգնահորիզոն։

Դեռ կարողություն ունես փորձելու
Քո տառապանքներն իմաստուն ու մեծ,
Եվ դեռ ինքդ քեզ իրագործելու
Հղացումներ ու հնարներ ունես։

Իրավունք չունես չզգաստանալու,
Թեկուզ դեռ հատուկ հրահանգ չկա,
Ժամանակ չկա հանգստանալու,
Եվ ծերանալու ժամանակ չկա։

Զինվոր ես եղել, զինվոր էլ մնա,
Ժամանակը չէ զորացրվելու,
Զենքերդ կապիր ու կռիվ գնա,
Դու դեռ զորություն ունես կռվելու։

Դեռ պարտքեր անես աշխարհին տալու,
Պատրաստվիր վաղվա ճակատամարտին։
Էլ ի՞նչ ամպ ես, որ չես որոտալու,
Անձրև չես տալու լեռանն ու արտին։

Տողերդ նորից կրակով լցրու,
Վհատ երգերդ հողմերին հանձնիր,
Բարձրացիր նորից և հնչեցրու
Քաղաքացիական քնարդ ազնիվ։

Դա դեռ իրավունք չունես լռելու,
Այս մեծ ամպրոպը թող քեզ նորոգի,
Դեռ այնքան լույսեր ունես փռելու,
Խոսքով կռելու հավատք ու հոգի։

 

 
Հենրիկ Էդոյան

 

Պոեզիան

փողոցը չէ,

այլ փողոցով անցնող

մարդը միայնակ,

ձեռքերը գրպաներում,

պոեզիան ծառը չէ,

այլ թռչունը`

ծառի ճյուղերում ապրող,

պոեզիան դեմքը չէ,

այլ դեմքի վրայով

ստվերը սահող,

պոեզիան երկինքը չէ,

այլ ամպը` երկնքում,

պոեզիան բառը չէ,

այլ լռությունը

բառերի միջև,

կապը անծանոթ

երկու անցորդների,

որ գուցե այլևս

չեն տեսնի իրար:

Art 365

21.03.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.