• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Պոմպոնի արջը, Բուրդելի Հերակլեսն ու Երվանդ Քոչարը

Պոմպոնի արջը, Բուրդելի Հերակլեսն ու Երվանդ Քոչարը

Փարիզի Օրսեի թանգարանում այսօր կողք կողքի կարելի է տեսնել 20-րդ դարի դարի ֆրանսիական քանդակագործության երկու շատ տարբեր, բայց խորհրդանշական կերպարներ՝ Ֆրանսուա Պոմպոնի «Սպիտակ արջը» և Անտուան Բուրդելի «Հերակլեսը՝ Սթիմփալոսյան թռչուններին սպանելիս»։

Պոմպոնի Սպիտակ արջը՝ հսկայական, պարզեցված ու գրեթե անթերի հարթ մակերեսով, դարձել է արվեստագետի ամենահայտնի ստեղծագործությունը։ Պոմպոնը, որը տարիներ շարունակ աշխատել էր Ռոդենի և Կամիլ Կլոդելի արվեստանոցներում, 1905-ից հետո հրաժարվեց մարդկային կերպարից և կենտրոնացավ կենդանիների վրա։ Նրա նպատակն այլևս կենդանու արտաքին մանրամասները վերարտադրելը չէր, այլ նրա «էությունը» գտնելը։ 1922 թվականին «Սպիտակ արջի» ցուցադրությունը նրան, արդեն 67 տարեկանում, բերեց ուշացած, բայց մեծ հաջողություն։ 

Նրա կողքին կանգնած Բուրդելի Հերակլեսը կարծես հակադիր աշխարհից լինի։ Եթե Պոմպոնի արջը հանգիստ է, լռակյաց և ծանրության մեջ գրեթե անկշիռ, ապա Բուրդելի հերոսը՝ լարված, շարժման մեջ և ուժի ծայրահեղ կենտրոնացման պահին։ 1909 թվականի այս ոսկեզօծ բրոնզե քանդակը ներկայացնում է Հերակլեսին, որը աղեղով պայքարում է Սթիմփալյան թռչունների դեմ։ Նրա հզոր, անկյունային մարմինը և ձգված աղեղը ստեղծում են այնպիսի տպավորություն, կարծես ամբողջ մարմինը վերածվել է մեկ գործողության։
Ուշագրավ է, որ այս քանդակները մինչ Օրսեի թանգարանի ստեղծումը կրկին կողք-կողքի են եղել, սակայն Փարիզի մեկ այլ նշանավոր վայրում։ Փարիզի լատինական թաղամասում գտնվող Լյուքսենբուրգյան այգում մինչ 1930-ական թվականները ժամանակակից արվեստի թանգարան է եղել, որտեղ էլ այլ նշանավոր գործերի կողքին ներկայացվել են նաև այս ստեղծագործությունները։

Այսօր էլ Լյուքսենբուրգյան այգում կա ծաղիկների ջերմոցի նախկին շենքը, այսօր էլ այստեղ ցուցադրություններ են կազմակերպվում։ Հետաքրիքր է, որ 1920-1930-ական թթ․ այս վայրն ու ցուցադրությունը Երվանդ Քոչարի և Ավետիք Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի սիրելի վայրերից էին։ Վ․ Իսահակյանն իր՝ «Փարիզ, Քոչար, անցած օրեր» հուշագրության մեջ պատմում է Լյուքսենբուրգյան այգի նրանց այցելությունների մասին։ Նաև այն մասին, որ այս քանդակները Քոչարի սիրելի գործերից էին, որոնք ներշնչում էին մեծ քանդակագործին, նաև խորհրդածել տալիս հայ արվեստի մասին։  Ներկայացնում ենք հատված այս գրքից։

 

 Քոչարը հանեց մեզ այս վիճակից, ասելով` հերիք է նայեք աղջկերքին, տանեմ ձեզ թանգարան, ցույց տամ սիրած գործերս, բան սովորեցնեմ, որպեսզի ուրիշ անգամ արվեստը ավելի լավ դատեք: Լյուքսեմբուրգի թանգարանը լավագույնն է Լուվրից հետո։ Հավաքված են այստեղ մեր ժամանակների լավագույն գործերը: Ես հաճախ էի այցելում այս թանգարանը և միշտ մի նոր բան հայտնաբերում:

Թանգարանը Լյուքսեմբուրգյան պալատին կից ծաղիկների նախկին ջերմոցն էր` հարմարեցված ցուցասրահների: Այնտեղ հավաքված էին «մոդեռն» արվեստի նմուշներ: Սկսած 1900 թվականից մինչև մեր օրերի (1930-ական թվականները) լավագույն գործերը` նկարչություն, քանդակագործություն, որ ֆրանսիական կա-ռավարությունը գնել էր և որը համարում էր արժանի ցուցադրվելու: Գործերի հեղինակները շատը ֆրանսիացիներ էին, կամ էլ ֆրանսիական քաղաքացիություն ընդունած նկարիչներ, ինչպես Պիկասոն, Կանդինսկին, Լարիոնովը, Գոնչարովը, Շագալը: Նաև Ռուսաստանում մնացած Մալևիչը, Տատլինը, Պետրով-Վոդկինը և ուրիշներ: Կային և ուրիշ ազգի արվեստագետներ` իտալացի, իսպանացի, գերմանացի, ռումինացի։ XX դարի առաջին տարիները նկարչության համար եղան «հեղափոխական» տարիներ: Ծնունդ առան կուbիզմը, դադա շարժումը և վերջապես սյուրռեալիզմը։ Թանգարանի կոլեկցիան օրը օրին մեծանում էր, տեղ չկար, մի պահեստի նման էր կամ էլ էլ մի անտիկվար իրերի խանութի: Պատկերավոր ասեմ, մի օր պիտի պայթեր, բայց չպայթեց: Ֆրանսիական կառավարությունը, սկսած մեծ արվեստասեր, գիտակ Ժորժ Պոմպիդուից, ստեղծեց նոր թանգարաններ: Առաջինը Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի կենտրոն-թանգարանն էր, ուր հավաքվեցին «մոդեռն» արվեստի լավագույն նմուշները: Իմիջիայլոց, Երվանդ Քոչարից ևս այնտեղ ցուցադրված են իր «Նկարչություն տարածության մեջ» գործերից մի քանի նմուշ։ Հետո ստեղծեցին Ժամանակակից արվեստի թանգարանը, և նույնիսկ պատկառելի Լուվրը բարեհաճեց իր դահլիճներում ցուցադրել մոդեռն արվեստի գործեր: Հիմա, 1928 թվին, Երվանդը տանում էր ինձ Լյուքսեմբուրգի պալատի թանգարանը՝ ցույց տալու իր ամենասիրած գործերը:

Մտանք թանգարան։ Քոչարը մեզ տարավ դեպի առաջին սրահը: Այնտեղ հեռվից երևում էր «Բևեռային սպիտակ արջը», հեղինակը` ֆրանսիացի քանդակագործ Պոմպոն։ Սա սպիտակ մարմարի մի զանգված է, որ գալիս է քո ուղղությամբ: Նախ նշմարում ես երկու փոքր աչքեր, հետո ամբողջ մարմինը, մեջքը: Առջևի երկու, կոր թաթերը, գալիս են վրադ: Ցավոք, այս գործը ծանոթ չէ մեր հասարակությանը, թեև 19-րդ դարի լավագույն գործերից է:

Երկրորդը, որի համար եկել ենք այստեղ, Բուրդելի «Հերակլեսն» է բրոնզից: Հերակլեսը, մի ոտքը հենված ժայռին, իր աղեղը լարում, պատրաստվում է նետն արձակելու: Հիմա որ նայում եմ Քոչարի «Դավիթը», չեմ կարող չհիշել այս գործը: Նմանություն, կրկնում եմ, չկա, ամենևին, կա միայն Բուրդելին համարժեք մի ուրիշ գործ, ստեղծագործություն` Քոչարի «Դավիթը», նույնպես հանճարեղ:

Հետո բավականին հոգնած, հագեցած այս տպավորություններից, դուրս եկանք, այգում նստենք նստարաններին, խոսենք, զրուցենք: Հանկարծ լուսավորված, ես ասացի` բայց ինչո՞ւ մենք` հայերս, չունենք գեղեցիկ քանդակներ, վեներաների, մարտիկների և կամ զորավարների։ Մինչև հիմա չէի մտածել այս մասին: Արամ ճարտարապետը, որը պիտի ամեն ինչ իմանար, նույնպես ասաց` ինչո՞ւ հույներն ունեն, մենք չունենք:

Քոչարը փորձեց մի պատասխան, բացատրություն տալ և ասաց. «Երևի ցիվիլիզացիաների տարբերություն է, հռոմեա-հելլենական հասարակությունը ապրել է հաղթանակների, հարստության, վայելքների մեջ, իսկ մեր ժողովուրդը` անվերջ պատերազմներ, արշավանքներ, և երևի կրոնի` գերիշխանությունը, վարքերի խստամբերությունը, մոր, ընտանիքի պաշտամունքը: Պատկերացնո՞ւմ եք, մերկ կնոջ արձան սրանց մեջ: Սակայն ին-չո՞ւ չունենք, ունենք քարփորագրություն պատերի վրա, անթիվ հիանալի գործեր, խաչքարեր, սյունագլուխներ, հարթաքանդակ-ներ մեր եկեղեցիների պատերին, Անիում, Վանում, Սանահինում և մանավանդ նրանց գլուխգործոց, որը ես շատ եմ սիրում, պաշտում, Գեղարդի ժայռի մեջ քանդակված եկեղեցում, Պռոշ իշխանաց խորհրդանշանը։ Երկու առյուծ և մի արծիվ` ճանկերում մի ցլիկ բռնած: Սա մի այլաբանական, առեղծվածային գործ է` սյուրռեալիստական։ Եվ հետո,- ավելացնում է Քոչարը,- եթե մեզնից հափշտակված, խլված հողերում պեղումներ անեինք, ինչ ասես չէր կարող դուրս գալ արևի լույսին:- Հետո, մի քիչ ուշ, ավելացնում է.- Բայց վեներաներ հաստատ դուրս չէին գա»:

Լուսանկարները՝ Հ․ Համբարձումյանի

Hayk Hambardzumyan

23.09.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.