Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ MoMA-ում է պահվում Պաբլո Պիկասոյի ամենից նշանավոր և հեղափոխական նկարներից մեկը՝ «Ավինյոնի աղջիկներ»-ը։ Այստեղ է, որ 25-ամյա նկարիչն առաջին անգամ օգտագործում է հետագա տարիներին մեծ զարգացում ստացած կուբիզմ-ի սկզբունքները։ Կուբիզմը գեղանկարչական ուղղություն էր, որի ներկայացուցիչները հրաժարվեցին առարկաները մեկ անշարժ դիտակետից և միասնական հեռանկարի կանոններով պատկերելու սկզբունքից։ Կուբիստական մտածողության մեջ առարկան կարող է մասնատվել երկրաչափական ձևերի, իսկ դրա տարբեր կողմերը՝ միավորվել մեկ պատկերի մեջ։

Ավինյոնի աղջիկները և տղաները
«Ավինյոնի աղջիկները» կտավի վրա Պիկասոն աշխատել է 1906-1907 թթ․ Փարիզի Մոնմարտր թաղամասի իր արվեստանոցում։ Ըստ արվեստաբանների, ստեղծագործության գաղափարը ձևավորվել է երկարատև որոնումների ընթացքում։ Նկարիչը կատարել է բազմաթիվ էսքիզներ ու նախապատրաստական ուսումնասիրություններ՝ աստիճանաբար փոխելով թե՛ կերպարների քանակը, թե՛ նրանց դիրքերը և ամբողջ հորինվածքը։ Սկզբնական տարբերակներում պատկերված էին ոչ միայն հինգ մերկ կանայք, այլև երկու տղամարդ՝ նավաստի և ուսանող։ Վերջինիս ձեռքին գանգ կար։ Սակայն աշխատանքի ընթացքում Պ․Պիկասոն հրաժարվում է տղամարդկանց կերպարներից և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում կանանց վրա։ Վերջնական տարբերակում նրանք ոչ թե պարզապես ներկայացված են որևէ միջավայրում, այլ կարծես անմիջականորեն նայում են դիտողին։ Այս փոփոխությունը վճռորոշ էր։ Կտավն այլև սովորական, որոշակի սյուժեով զարգացող մի պատմություն-տեսարան չէր, այլ հակասական ու բազմաշերտ մի ստեղծագործություն, որն անմիջական երկխոսության մեջ է դիտողի հետ։
Դեմքե՞ր, թե՞ դիմակներ
Ստեղծագործությունն առաջին անգամ ցուցադրվեց միայն 1916 թվականին՝ Փարիզի Salon d’Antin ցուցահանդեսում, ստեղծումից մոտ ինը տարի անց։ Նկարի շուրջ մեծ քննարկումներ ծավալվեցին։ Այն դարձավ արդի արվեստի զարգացման առանցքային ստեղծագործություններից մեկը, քանի որ խախտում էր ոչ միայն գեղանկարչական տեխնիկայի ընդունված կանոնները, այլև դիտողի՝ արվեստից ունեցած ակնկալիքները։ Պ․Պիկասոն հրաժարվում է մարմինների ծավալը լույսի ու ստվերի միջոցով բնականորեն վերարտադրելու ավանդական սկզբունքներից։ Փոխարենը՝ նա ֆիգուրները ներկայացնում է հարթությունների, անկյունների և փոխկապակցված երկրաչափական ձևերի միջոցով։ Կտավի տարածությունն էլ չի ենթարկվում դասական հեռանկարի կանոններին։ Ֆիգուրներն ու ֆոնը կարծես ներխուժում են միմյանց տարածք, իսկ առարկաների սահմանները կորցնում են իրենց սովորական հստակությունը։ Արդյունքում՝ դիտողը դժվարանում է որոշել, թե որտեղ է ավարտվում մարմինը և որտեղ է սկսվում ֆոնը։ Հատկապես ուշագրավ են աջ կողմի երկու կանանց դեմքերը։ Դրանց ձևավորումը հիշեցնում է աֆրիկյան դիմակների որոշ առանձնահատկություններ։ Դեմքերը դառնում են ոչ թե անհատական դիմանկարներ, այլ ուժեղ արտահայտչականություն ունեցող, գրեթե դիմակային պատկերներ։ Կտրուկ ձևերը, դիմակային դեմքերն ու դիտողին ուղղված հայացքները կոտրում են մերկ կանացի մարմնի՝ հաճույքի և հիացմունքի առարկա լինելու ավանդական ընկալումը։ Նկարիչը փոխում է նաև գեղարվեստական պատկերման տրամաբանությունը։ Կտավի կերպարները չեն տեղավորվում մեկ միասնական, հանգիստ տարածության մեջ. նրանք կարծես ներխուժում են դիտողի տարածք՝ խախտելով պատկերի և իրականության միջև հաստատված սահմանը։
