Հայ ձեռագիր մատյաններում Տերունական շարքի, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը պատկերող մանրանկարների մեջ առանձնահատուկ տեղ ունեն Պայծառակերպության պատկերները։ Պատմական Հայաստանի տարբեր վանքերում ստեղծված այս պատկերները տարբեր են իրենց ոճով ու գեղարվեստական առանձնահատկություններով, սակայն բոլորն էլ ձգտում են ինքնահատուկ մանրամասներով ներկայացնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Թաբոր լեռան վրա ու նրա մեծ խորհուրդը՝ Հայտնությունը որպես Աստծու որդի։ Տիրոջ Պայծառակերպության պատկերը Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի հողորդումների համաձայն տեղի է ունենում Մովսես և Եղիա մարգարեների հայտնությամբ և ներկայությամբ՝ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես ավետարանիչների։
Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2 եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: 3 Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ (Մատթ.17.1-3)
Ավետարանական այս դրվագի երկու ինքնատիպ պատկեր գտնում ենք Սյունիքի վանքերում ստեղծված ձեռագրերում։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է պահվում եկեղեցու Սյունյաց տարածաշրջանի առաջնորդ նաև պատմիչ Ստեփանոս Օրբելյանի պատվերով Նորավանքում 1302 թվականին ստեղծված մի Ավետարան (ՄՄ № 6792)։ Ձեռագիրն ընդօրինակել է Հովհաննես Օրբելը, իսկ մանրանկարիչը նշանավոր ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչ Մոմիկն է: Այս մեծարժեք ձեռագրում ի թիվս Տերունական շարքի այլ մանրանկարների, տեսնում ենք նաև Պայծառակերպությունը։ Այն Մոմիկի գրչին բնորոշ՝ ընդգծված քանդակային ոճավորում ունի։
Ի տարբերություն այս տեսարանի շատ այլ պատկերների, Քրիստոս պատկերվում է առանց մորուսի, որով էլ ավելի է ընդգծվում Ավետարաններում նշվող այլակերպումն ու Փրկչի դեմքի՝ արևի նման պայծառ դառնալը։ Մոմիկի մյուս նորամուծությունն այն է, որ Քրիստոս պատկերվում է ոչ թե ձվաձև շրջանակի մեջ, այլ անմիջապես ամպերի՝ Եղիայի և Մովսեսի հետ միասին։ Ուշագրավ են վերևում բացված երկնակամարի կապույտից, մինչև կապտասպիտակ ամպերի քուլաներ գունային անցումները։
14-րդ դարում Սյունիքում է ստեղծվել մեկ այլ Ավետարան, որտեղ գտնում ենք Պայծառակերպության պատկերը։ Ավետարանի մասին քիչ տվյալներ են պահպանվել, սակայն հայտնի է, որ գրիչը՝ Գրիգորն է։ Ենթադրվում է, որ Գրիգորը ձեռագիրը գրչագրել է Տաթևի վանքում։
Այս մանրանկարում Քրիստոս արդեն ավանդական ձևաձև մանդոռլայի մեջ է, որը կարծես իր երկու ծայրերով կապում է երկինքն ու երկիրը։ Այլ մանրանկարներում հանդիպող ամպերին փոխարինել են աստղերը։ Ուշագրավ է, եթե այլ պատկերներում աշակերտները փակում են աչքերը Քրիստոսից ճառագվող լույսին չդիմանալով, ապա այստեղ նրանք կարծես քնած լինեն, ինչը բնորոշ է արևմտյան պատկերագրական ավանդույթին։ Հետաքրքիր է նաև, որ եթե այլ պատկերներում Մովսես մարգարեն է պատկերվում երիտասարդ տեսքով, ապա այստեղ՝ Եղիան։
Պայծառակերպության պատկերագրությունը հայկական ձեռագրերում մատնանշում է ավետարանական այս իրադարձության խորհրդի խորն ու ինքնատիպ ընկալումը հայ մանրանկարիչների կողմից և այն մեծ ներշնչումը, որ ունեցել են նրանք Ավետարանը նկարազարդելիս։