• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ովքե՞ր էին Հարդագողի ճամփորդները և ո՞ւր էին գնում

Ովքե՞ր էին Հարդագողի ճամփորդները և ո՞ւր էին գնում

Եղիշե Չարենցի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ Հարդագողի ճամփորդները  գրվել է 1917 թվականին Թիֆլիսում։ Այս  բանաստեղծությունը կառուցվում է  խորհրդանշական պոեզիային բնորոշ մոտիվներով՝ իրականության մերժում, վերերկրային տարածության մեջ իդեալի փնտրում, իդեալի և իրականության բախումից ծնվող տրտմություն և հուսահատություն։ Քնարական հերոսները՝ անցնելով իրականության դաժան ճանապարհենրով, բախվելով անհասկացվածության ու մերժումներին, հայացքներն ուղղում են երկինք՝  Հարդագողի ճանապարհ կամ Ծիր Կաթին համաստեղությանը, որը սակայն սիմվոլիստական պոեզիայի սկզբունքներով խորհրդանշորեն ներկայացնում է մարդկային հոգու խորքը։ Այսինքն՝ երազելի ճամփորդության նպատակը ոչ թե աստղերին հասնելն է, այլ ճանապարհորդություն դեպի հոգին ու հոգևորը և ամենակարևորը՝ կորսված երկնային էության վերգտնումը։

 

«И так мы живем, что нам нельзя не петь».

Ա․Ֆետ

 

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական ―
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ։
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,―
Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում ― արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն ― հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն ―
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․

 

Ակնհայտ խորհրդապաշտական բնույթից ու ընթերցումից անկախ այս բանաստեղծությունը նաև կենսագրական հիմքեր ունի։ Բանաստեղծությունն ունի «Սիրելի Վիվանին» ընծայականը։ Վիվանը (Անուշավան Զիդեջյան, 1899-1960), արձակագիր էր, հրապարակախոս։ Սովորել է Սորբոնի համալսարանում, աշխատել ֆրանսիական մամուլում։ Հայաստան վերադառնալուց հետո աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում։ Եղել Խ․ Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն։ Թարգմանել է Օ․Բալզակի երկերը և այլ գրքեր։ Նրանք Ե․Չարենցի հետ ընկերացել են 1917 թ. ուշ աշնանը Թիֆլիսում և հենց այդ օրերին էլ գրվել է բանաստեղծությունը։

«Կարդացել էր «Գործ» ամսագրում տպագրած իմ պատմվածքը՝ «Հովակին ժպիտը» և ցանկացել էր անձամբ ծանոթանալ ու զրուցել», -հիշում է հետագայում Վիվանը։

 Իսկ 1918 թ․ ապրիլին, Չարենցն ու Վիվանը որոշում են մեծ ճանապարհորդություն կատարել՝ Վլադիկավկազ-Իրկուտսկ - Վլադիվոստոկ - Ճապոնիա - Հնդկաստան երթուղով։ Ընկերները դուրս են գալիս Թիֆլիսից, սակայն խառնակ ժամանակները թույլ չեն տալիս իրականացնել ծրագիրը և ճանապարհորդությունը ավարտվում է Կրասնոդարի Արմավիր քաղաքում։ Քաղաքի փողոցներում շրջելիս Չարենցը պատահաբար հանդիպում է մի հայրենակցի, որն էլ հաղորդում է, որ նրա ընտանիքը նույնպես այստեղ է։  Չարենցի ծնողները, որ գաղթում էին Կարսից, նրանց գտնում են և ճամփորդությունը ավարտվում է չսկսված։

 

Այս բանաստեղծության հետ գաղափարական ընդհանրություններ ունի Եղիշե Չարենցի՝ նույն շրջանում գրված մեկ այլ գործ, որը հաճախ հրատարակվում է Հարդագողի ճամփորդների հետ միասին։

 

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր -
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր -
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին...

Art 365

04.06.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.