Տրոյական պատերազմից տուն վերադարձող Ոդիսևսը վաղուց արդեն ինքնուրույն գրական-մշակութային ճանապարհորդության ու արկածների մեջ է։ Ճանապարհը, թափառումներն ու փոձությունները, տուն վերադառնալու ցանկությունը, սպասումը, կորուստը, հավատարմությունը, բայց նաև ինքնության որոնումն ու օտար աշխարհի հետ առերեսումը շարունակում են նոր իմաստներ ստանալ հայ ու համաշխարհային գրականության մեջ։
Հայ գրականության մեջ Ոդիսևսի ու նրա հետ կապված մոտիվների արձագանքները նույնպես բազմաթիվ են, որոնցից ամենահայտնիներն են՝ Վահան Տերյանի «Որպես Լայերտի որդին․․․» և Եղիշե Չարենցի «Նավզիկե» գործերը։
Հայ արդի պոեզիայում հոմերոսյան հերոսն արդեն հայտնվում է ոչ այնքան որպես առասպելական հերոս, որքան ժամանակակից մարդու կերպարային անդրադարձ։ Նրա Իթակեն կարող է լինել տունը, սիրելի մարդը, կորցրած ինքնությունը, իսկ երբեմն էլ՝ մի տեղ, ուր վերադարձն այլևս հնարավոր չէ։ ժամանակակից հայ պոեզիայում Ոդիսևսը միգրանտ է, սիրելի, ամուսին, վերադարձող մարդ, օտարական, երբեմն՝ նույնիսկ մի մարդ, որի վերադարձը ոչ ոք այլևս վստահ չէ, որ սպասում է։
Եվ թերևս հենց այստեղ է հոմերոսյան կերպարի կենսունակության գաղտնիքը. քանի դեռ մարդը ճանապարհ է ընկնում, կորցնում է տունը, փորձում է վերադառնալ և ճանապարհին փոխվում է այնքան, որ այլևս վստահ չէ՝ նախկին տունն իրեն կընդունի՞, թե՞ ոչ, Ոդիսևսի պատմությունը դեռ չի ավարտվել։
Ներկայացնում ենք նորագույն հայ բանաստեղծության մեջ Ոդիսևսի կերպավորման հինգ օրինակ։
Գևորգ Համբարձումյան
Պենելոպե
Դարակներում այդքան հավաք շարված օրերը
ժամանակը՝ հոսող ծորակից
դեպի հերթական սիգարետը ձգվող քայլերս —
այս գիշերվա մի քանի ժամը
քեզ համար եմ պահել
(մինչ դու քանդում ես
ցերեկվա գործած պատանքը)
պահել զղջումի չղջիկների համար
որ կախվել են պարաններից
մանր սալահատակին միջատների վազքն
ու լաթերս ոչինչ չնկատող —
ես ախր կարող էի սիրել քեզ երեկ
ես ախր կարող էի սիրել քեզ
լվացարանում սուզվող ափսե — նավակներով
ես ճամփա եմ ընկնում
Իթակե
գիտեմ՝ սպասում ես ինձ՝ աղեղը ձգած
(մինչ սպունգը ներծծում է համառությանս վերջին
պատառիկները)
պոստմոդեռնիստական իմ այս սխրանքը թող
արժանի լինի քեզ
և այս գիշերվա՝
քեզ համար պահված ժամերից մեկում
ես մի պահ կմտածեմ հերոսության
անհնարինության մասին
մինչ անհամբեր չղջիկները կհանեն աչքերս
չկարողանալով այլևս սպասել
ու(հետո) առավոտը
կը-աղ-մը-կի դարակներից
ու չղջիկները
կը-կաթ-կը-թան պարաններից
մոռացնելով այս
մի քանի ժամը
որ քեզ համար էի պահել
սիրելիս
Գևորգ Թումանյան
Երկարատև
դեգերումներից հետո
Ոդիսևսը
Իթակեի մաքսատան
մեկուսարանում է
փաստաթղթեր չունի
Հոմերոսից մեջբերած վկայություններն էլ
հին հունարենի պատճառով
չեն հասկանում
Հունաստանին տնանկներ
պետք չեն
Հունաստանը սնանկ երկիր է
Զավեն Բեկյան
Ոդիսևսի վերադարձը
Իթակե էր հասել
Ոդիսևսն՝ ՈՒլիսը։
Հավաքվել էին շուրջը՝
․․․ մամլո ասուլիս էր։
Պենելոպեն՝ ճամփած՝
սեղեխներին հարիֆ,
կլանված լսում էր
գտնված իր յարին։
Պատմեց Ոդիսևսը
իր աշխարհից տեսած,
արկածներն իր բազում՝
մեկը մեկից հրաշք․․․
Պատմեց կտտանքներից
ղզղնած Կիրկեի
ու սահուն ընթացքով
հասավ Նավզիկեին․․․
Աչքերը մշուշվել,
ու դողում էր ձայնը։
Պենելոպեն զգաց՝
ոնց որ՝ էն չի մի բան․․․
«Իզու՜ր արեցի հուշտ սեղեխներին ես էն․․․ »։—
Սիրում էին անշուշտ
տղերքը էն իրեն․․․
Տխրեց Պենելոպեն
ու կքեց գլխահակ։
«Ես քո եկած ճամփե՛ն, խաբեբա՛ ստահակ․․․»։
Փնթփնթաց Տելեմաքը․
«Պե՞տք է մեզ ՈՒլիսն էս․․․»։
Աչքը՝ Պենելոպեին՝
մի պառավ էր լալիս․․․
Անուշ Քոչարյան
*նամակ առաջին
բոլորը եւ ամենը սպասում են․
լավագույն բառերը՝ հակազդեցության,
լավագույն հակառակը՝ փառահեղ վերջին։
պատերազմը՝ ավարտին,
ու չվերադարձողը իր սիրելիի մահվանը՝ եւս,
որ այնտեղ՝ մի տեղ, ինչ-որ նյութի մեջ նորից հանդիպեն։
պենելոպեն սպասեց, որ ծովը հաղթի,
վիրջինիան տեսավ ու հանգիստ սուզվեց՝
գրպաններում ծանրությունը։
աթվուդը սպասեց, որ «պենելոպեական» գրի։
թռչունները՝ հարավի ժամին,
հարավը՝ թռչունների հավատարմությանը։
սպասում են։
քաղաքներն իրենք են վախճան ուրվագծում,
որ չվրիպեն իրենց անկատարությունը։
եւ ամեն անուն թանգարան ունի,
թեեւ չկա քաղաք, որ չունի ժամանակակիցը.
սպասումի ժամը հիման է։
փոքր երկիրը, ինչպիսին իմն է,
սպասում է պատմողին։
լավագույն հնարավորությունը
ելքն է՝ անգամ վերջին գնացողի։
այսպես,
այս միջով,
նույն քարի վրա առաջին հազարամյակում դաջվեց ձուկը,
եւ հաջորդ հազարամյակին քարն իր մյուս երեսը տվեց
մեկ այլ ձկան պատկերի։
Նուարդ Ավե
Մենք բաժանվեցինք,
Եւ ես զգում եմ, ասես,
Կիսել են հոգիս ու մարմինս,
Ասես՝ պիտի դուրս գամ փնտրելու եդեմական ծաղիկ,
Որ ապրեմ գոնե մահականացուիս կյանքը,
Այնինչ ուզում էի կատու լինել,
Որ ինը կյանք ապրեի,
Որ իննում էլ քեզ սիրեի:
Մենք բաժանվեցինք,
Ու նկարը, որ պատերազմի դեպքում
Պիտի ծոցումդ պահեիր,
Չի պատռվել, չի ջնջվել, չի թաղվել,
(կուղարկեմ Գրանիշին, որ սրա հետ դնի)
Պատռվել եմ, ջնջվել եմ, չեմ թաղվել:
Պատերազմ չեղավ սահմանին,
Իսկ այս կռվից իմ դիակն ու՞մ են հանձնելու,
Դու ես հարազատս:
Ռումբերի տակ վազելն ավելի հեշտ է, քան ավերակների վրայով քայլել,
Եւ հիմա կանգնած ենք.
Դու՝ քո ավերակների առաջ,
Ես՝ իմ,
Ու քեզնից հետո չի գալու մեկը, որ ինձ հավաքի,
Ու ծվեններս մնալու են այսպես,
Մարմինս՝ այստեղ,
Իսկ հոգիս …
Առավոտյան կիսել սարքելիս միամիտ թափե՞լ ես:
Եւ ինձ մնում է գրել բանաստեղծություն,
Որտեղ խոսում եմ քո մասին,
Իմ կիսվելու ու քո կիսելի,
Ու գոնե այսպես միանա մարմինս հոգուս:
Դու՝ մի Ոդիսեւս,
Իսկ ես՝ Պենելոպե,
Վերադարձիր:
Բանաստեղծությունների աղբյուրը՝ www.granish.org