• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Նշան Աբասյան․ Եթե մոտենաք․․․

Նշան Աբասյան․ Եթե մոտենաք․․․

Արտաքին շուքի և ուժի, թվացյալ երջանկության և անհոգության, դուրյանական լճակի ողորկ, սակայն ամեն պահ փոթորկվելու պատրաստ մակերեսի տակ պոեզիան թաքցնում է  փնտրող,  տառապող ու այրվող փխրուն հոգին։ Ներքինի ու արտաքինի, տեսանելիի ու աներևույթի այս հավերժական  բախումն էլ ծնում է բանաստեղծական հերոսի օտարման ողբերգությունը․ չհասկացված հերոսը դիմադրում է, տարուբերվում,  փորձում ապրել  «ինադու», ի վերջո, փակվում խեցում՝ աչքը կապույտ հեռուներին։  Հերոսի և իրականության ռոմանտիկ բախումը Նշան Աբասյանի  բանաստեղծական նոր շարքում արտահայտվում է նաև լեզվի միջոցով․ Նշանի գրին ոչ բնորոշ խոսակցական բառերն է՛լ ավելի են ընդգծում  հերոսի՝ աշխարհի հետ հարաբերությունների խութերն ու անհնարինությունը։ Բայց ինչ-որ տեղ հեռվում, այդուհանդերձ,  կան երազված անտառային բացատներ ու լուսավոր մարգագետիններ, որտեղ  իր գեղեցկության մեջ միայնակ թախծում է հոգին՝ ինչպես վերքի պես ազնիվ մի ծաղիկ։

 

***

Էս վերջերս անդադար հույզերի հրավառություն է հոգումս, կյա՛նք,

հուրը հո չի՜ վառում, հո չի՜ վառում.

մեկ եռման ջուր է լցվում գլխիս, մեկ՝ սառը ցնցուղ,

մեկ ուզում եմ ինադու տխուր մնալ,

մեկ էլ ինադու չեմ մեռնում այլևս...

 

Հույզերի հրավառություն է հոգումս,

կյանքը եռում է շուրջս, կյա՛նք,

հեչ չմտածես...

 

***

Խանձված դաշտերի միջով մի ամայի ճանապարհ է ձգվում դեպի անծայր հեռուները։

Ճամփեզրին մի տեղ մի ահեղ բիզոն է անշարժ կանգնել։

Բայց վախենալ չի լինում...

Եթե մոտենաք, դուք էլ տեսնելու եք, թե ահա աչքից ի՜նչ մեծ կաթիլ է ծանր թրմփում գետնին...

 

***

Ամռան մի շոգ օր արևային անձրև եկավ։

Գետինն այրվում էր տապից,

և անձրևի կաթիլները կախման կետեր էին նկարում շիկացած ճանապարհին։

Քարերն ասես լաց էին լինում ձանձրույթից։

 

Եթե անցորդը դու լինեիր,

քո կոկորդն էլ կայրվեր,

քո սիրտն էլ կփայլեր

այդ օրվա ծանր արևի տակ...

 

***

Հա՛մ ուժժժեղ ապրում եմ,

Հա՛մ ասում են՝ ինձ կախել են, ա՛յ մարդ,

Էս ի՞նչ ճոճանակ ա վերջը։

 

Ասում են՝ դու սուս՝

Լռում եմ։

 

Լուռ եմ մնում՝

Ասում են՝ էս ինչի՞ չի խոսում։

 

Ճմլվում է սիրտն իմ՝

Ոնց որ քացով հանգցրած խարույկ...

 

Հարբած երգիչներն արդեն քնել են շուրջը,

Եվ խոր գիշերային կապույտում

Դեռ երկար կմարի

Մետաղական կարմիր փայտածուխը

Իմ չտեսած անտառային բացատում...

 

***

Կանաչ մարգագետնին պառկած՝

մի սիրուն աղջիկ էր լուռ տխրում արևի տակ։

Բրոնզագույն շրջազգեստը խոտերի մեջ

ոսկե լճակի էր նման,

մանավանդ երբ քամին

մեկ էլ մի քիչ շարժում էր բարակ կտորն ու ծլկում վախկոտ-վախկոտ...

 

Ծառ էլ կար այնտեղ,

կածան էլ,

անցորդ մարդիկ էլ էին պատահում.

երբ հասնում էին այդտեղ,

չգիտես ինչու, գլխարկները հանում,

անխոս գլուխ էին խոնարհում քնած աղջնակին

ու շարունակում իրենց ճամփան...

 

Կանաչ մարգագետնին պառկած՝

մի սիրուն աղջիկ էր լուռ տխրում արևի տակ...

 

***

Արի էրթանք ի վերին թաղ,

Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, լա՜ճ տնավեր...

 

Երգում էր քաղվորը մեղմաձայն

ու իր գերանդին քաշում․․․

բոլորովի՜ն անտրտունջ,

բոլորովի՜ն անտրտունջ․․․

 

Ես էլնիմ թուփ, դու էղի շաղ,

Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, լա՜ճ տնավեր...

 

Երգում էր քաղվորը,

և խշխշում, ալիքվելով գետնին էր փլվում

բարձր խոտը երգի հետ...

 

***

Իսկական սերը այն փշրանքներն են,

որ դեռ հավաքվում են

վիրավորանքից հետո․․․

 

***

Փարթամ ամառ կգա,

կանաչ սարեր կլինեն,

առուն ջուր կքչքչա,

և բոլորի սիրտը շատ կլցվի...

 

Վերքի պես ազնիվ մի ծաղիկ կծաղկի առվի մոտ,

ջուրը կխմի,

ամոթխած կթրթռա մի թույլ...

 

Փարթամ ամառ կգա,

և մարդիկ լաց կլինեն շփոթված...

 

ՓԱՓՈՒԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

 

Բարի գիշեր, աղջիկս,

խաղաղ քնիր.

երկինքը էն քո ասած իսկական կապույտն է հիմա, տե՛ս...

 

Աստղերն էլ հո աստղե՜ր չեն.

ասպետներ են,

իսկական ասպետներ քեզ համար...

 

Խաղաղ քնիր, աղջիկս,

երկինքը իսկական կապույտ է...

Hayk Hambardzumyan

26.05.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.