• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Նշան Աբասյան․ Ծառից բալ քաղելու պես...

Նշան Աբասյան․ Ծառից բալ քաղելու պես...

Ժամանակակից քաոսային աշխարհում, աշխարհում, որը խեղդվում է տեղեկատվական աղմուկի ու անհոգի  տեխնոլոգիաների  մեջ, աշխարհում, որտեղ մարդը բնությանն ու ինքն իրեն վերադարձի ճանապարհ չի գտնում, պոեզիան մնում է բացառիկ միջոց գտնելու հոգևոր աշխարհի կորսված արահետները։ Նշան Աբասյանի առաջին հայացքից պարզ թվացող, ձևականությունները թոթափած  բանաստեղծությունները արթնացնում են աղմուկներից անդին գտնվող, մարդուն մարդկայինի տարածքներ վերադարձնող զգայություններ, պարգևում հպանցիկ, սակայն, ընդմիշտ քեզ հետ մնացող տպավորություններ։ Տպավորությունները հուշեր են արթնացնում անդառնալի ժամանակների ու ապրումների մասին, հուզում ու լուսավորում հոգու մութ խորությունները։ Այս գողտրիկ բանաստեղծությունները դառնում են սպեղանի ու ամուր պատնեշ ընդդեմ՝ մարդուն  տագնապների մեջ պահող,  կեղծիքի ու հայհոյախոսության իրականության։ Ներկայացնում ենք Նշան Աբասյանի բանաստեղծությունների նոր շարքը։  

 

Հայաստան

 

Քարաճեղքից ծիկրակում-միկրակում էր մի դեղին ծաղիկ։ Անձրևը գալիս-մալիս էր քարերի փեշերով․․․

Քարերի փեշերո՜վ, փեշերով գալիս էր անձրևը հովիկ։ Քարաճեղքից ծիկրակում էր դեղին ծաղիկը․․․

ու մարդու լաց էր գալիս սիրուց, մարդու լաց էր գալիս․․․

 

***

Քարերը լռություն են հևում.

Դռները՝ ճամփաներին,

Ճամփեքը դռներին են նայում

այդպես հավերժորեն․․․

 

***

«Գուլոն տուն չէր. նստա լացի,

Վա՜յ լե, Գուլո՛, յամա՜ն Գուլո»։

 

Առվակը գլգլալով լցվում է գուռը...

Իմ սիրտը հիմա սրթսրթում է էդ կարկաչից։

Շապիկս սառել կպել է կրծքիս, շունչս կտրվում է։

...Բոկոտն քայլեմ մի քիչ էս թաց խոտի վրայով... մի քիչ գնամ.

Իմ սիրտը բարակել, սրթսրթում է կարկաչից։

 

Հասարակ բան

 

Ամառ էր։

Ես ու դու ձեր դաշտ էինք գնում՝ ծաղիկ քաղելու։

Կածանին տաք փոշի էր. բոբիկ ոտքս թրմփացրի գետնին։

Կակաչ քաղելիս մատիդ մի մեղու կանգնեց։

Հիշում եմ՝ կարմիր կակաչը գցեցիր առուն, ջրերը տարան։

Մեղուն թռավ մազերիդ մեջ։

Շատ ծիծաղեցինք։

 

Ամառ էր։

Ես ու դու դաշտից էինք գալիս։ Ասեցիր.

- Ծաղիկները տանենք հացատուն՝ մաման կաթնահունց սարքի...

 

***

- Էս ի՜նչ հավաք ես խոսում,- ասացիր այդ օրը մեր հանդում։

Գուռի մոտ։ Երեք բարդու տակ։

(Եվ ես էլ ինձ բարդի զգացի, գիտե՞ս, հավաք ու թիկնեղ։ Գուռի մոտ)։

Հեռվում իմ պապը ցորենն էր ջրում։

Դաշտը՝ փռված ոտքերի տակ, ինքը՝ լուռ։

- Տե՛ս, դաշտը գնո՜ւմ հասնում է Արարատի փեշին,- ասացիր,- էս ի՜նչ հավաք-սիրուն ես խոսում․․․

 

***

Կարծեմ 2014 թիվն էր։ Գարուն։

Շվշվացնելով քայլում էի ինձ համար անձրևի տակ, մեկ էլ տեսնեմ՝ ջրափոսիկների մեջ ուրախ-ուրախ չլմփացնելով՝ դու ես անցնում դիմացի խաչմերուկից։

Շատ անձրև էր, և քեզ շատ ժպտացի։

Լայնեզր գլխարկդ հանեցիր, գլուխ տվիր կատակ-մատակ ու անցար։

Շվշվացնելով քայլում էի ինձ համար ու մտածում՝ էս ի՜նչ լավ անձրև էր, էս ի՜նչ լավ...

 

***

Աղջիկը մի գետ էր,

որ վար էր հոսում սարալանջով...

 

Մի վերք՝ վզնոցի պես գալարվող

սև սարի դոշին...

 

Վիրավորանք՝ կախազարդի պես հարազատ։

 

Փետուր-փետուր իջնում էր երկնքից,

նստում սև սարին

ու բան չէր ասում...

 

Բան չէր ասում էդ աղջիկը

էդ սարի դոշին.

                                                                                               

Իջնո՜ւմ, հա՛ իջնում էր փետրավոր...

 

***

Վիրավորությունը թափվում ու չի թափվում իմ աչքերից...

Ոնց որ նիհար կեռասենի լինեմ մի,

լուրջ եմ ասում։

Որպես կարմիր անձրև՝ հոսել ու չեն հոսում էլ իմ դեմքից

ոսկրացած կեռասներն այդ

Մի քանի...

 

***

- Ինչ կլինի, արի էլի հասարակ բաներ ասենք իրար, ծառից բալ քաղելու պես հասարակ բաներ։

- Օրինակ՝ շա՛տ ամառ լինի որ։

- Օրինակ՝ որ զանգ լինի էս ճյուղից կախ...

- Օրինակ՝ ճյուղը պոկվի, զանգն ընկնի զրնգա մեկ էլ...

- Ու Ռուբեն քեռին հեռվից լսի, հորթին դեմը տա, գա...

- Ինչ կլինի, արի էլի հասարակ բաներ ասենք իրար, ծառից բալ քաղելու պես հասարակ բաներ։

Art 365

07.07.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.