• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Նշան Աբասյան․ գետը ոնց որ փշրված հայելի

Նշան Աբասյան․ գետը ոնց որ փշրված հայելի

Օրերի փշրված հայելու մեջ կյանքն արտացոլվում է դրվագներով, գեղեցիկ ու տխուր, հուշերի պատառիկներով ու քամուց փրկված տողերով։ Ժամանակի դարձդարձումների մեջ հերթագայվում են եղանակները, ծնվում ու մահանում են մարդիկ, գրվում ու չեն գրվում բանաստեղծությունները, կյանքի գետը շարունակում է իր անխաթար ընթացքը։ Այսօրը կարծես անցյալ է դառնում, սակայն ցավը չի անցնում փշրված հայելու կտորները փշրում են հոգիներ, կտոր-կտոր անում հուշերը, երջանկության պահերը դարձնում կարճ, հատվածային ակնթարթներ՝ սեղմված տագնապների, չամոքվող ցավի, անհասկանալի տխրության մեջ, ասել ցանկանալու, բայց չկարողանալու ձգտումներում։ Մի պահի մեջ, սակայն, հուսահատությունն ու միայնությունը ընդհատվում են երկնային ներկայության աննշմար զգացողությամբ՝ փրկված տողով, ուրցի կամ խնկի բույրով։  Զգացողություն, որ հուշում է, որ հոգին կա, որ երկինքը կա, որ հողն էլ կա ու շոշափելի է։ Ու այդ զգացման մեջ ամեն ինչ նոր իմաստ ու ձև է ստանում, աշխարհը կրկին հավաքվում է փշուր առ փշուր ու դառնում շունչը կտրելու չափ գեղեցիկ, որպեսզի հաջորդ պահի մեջ փշրվի ինչպես գետի հայելին ու այդպես հոսի հավերժ՝ փշրումների ու կառուցումների մեջ․․․
Ներկայացնում են Նշան Աբասյանի բանաստեղծական նոր շարքը։      

 

 

***

Առուն կատակասեր` ոլոր-մոլոր գնում է բաց դաշտով։

Սերմնացանը (տարօրինակ մի ոսկերիչ առատաձեռն) ցորեն է շաղ տալիս արտով մեկ։

Եվ հանդը, զուտ հանդն է ընդունում վիշտը, որ կաթում, կաթկթում է մեծ-մեծ աչքերից արևի...

 

***

«Հողից ուրցի հոտ է գալիս»,—

գրած էր եղել զինվորներից մեկը

իր գտնված նամակում...

 

***

Էս տարվա քամին ցորենը քշեց տարավ հետը։

Ոնց որ ոսկե հավք լիներ. հասավ գետին, գետը ասեց.

— Մի րոպե՛...

...Էս տարվա գետը ոնց որ փշրված հայելի լիներ ոսկեգույն...

 

***

Էսօր սիրտս ուզեց նոր բանաստեղծություն գրել։

Մտա իմ էջը, որ գրեմ,

տեսնեմ՝ վա՛յ քու, արդեն գրել եմ...

Փոր ու փոշման կանգնել պատուհանի առաջ,

մեկ փողոցին եմ նայում,

մեկ՝ հեռախոսիս.

նույն անձրևը՝

համ դրսում,

համ ափիս մեջ փաստորեն...

 

 

***

Էնքան սիրուն ես...

Ոնց որ զոհ լինես, ա՛յ մարդ...

Ոնց որ անվերջ չմեռնող զոհ լինես դե դու էլ մուգ վարդագույն,

ա՛յ քար...

 

***

«Էն քամբախ Մշո դաշտ ի՛նչ անուշ տեղ էր»...

 

Էս տետրն էլի ընկավ ձեռքիս տակ...

Էս անտեր տաշեղն էլի ծակեց մատս,

էս փոշոտված մատներս էլի լացելով եմ լվալու,

էս մի քիչ արյունը էլի խառնվելու է ջրին,

մի քիչ արնոտվելու է փոքրիկ լվացարանը սիպ-սպիտակ,

մի քիչ հոսելու է ջուրը ծորակից, մի քիչ գնա...

 

«Էն քամբախ Մշո դաշտ ի՛նչ անուշ տեղ էր»...

Էս փոշոտված մատներս էլի լացելով եմ լվալու...

 

 

***

Երեք օր է՝ լավ եմ քնում, արևս,

էլ մի՛ անհանգստացիր։

 

Կրծքավանդակիս այրոցն անցել է,

ոչ էլ երիկամներս են ցավում։

 

Զարմանալի է, գիտե՞ս,

գիշերը սենյակումս կարծես մեղմ քամի լինի,

թեև պատուհանը փակում եմ։

Մի տեսակ թույլ խնկի հոտ էլ եմ զգում.

տարօրինակ է շատ…

Պահապան հրեշտակնե՜ր են, ի՜նչ են՝ չեմ հասկանում.

պառկում եմ անկողնում թե չէ,

ասես ցողոտված ծառ լինեմ

մի խաղաղ ու մեծ լռության մեջ…

 

Երեք օր է՝ լավ եմ քնում, արևս,

էլ մի՛ անհանգստացիր։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հեռավո՜ր-հեռավոր մի երկրում՝

մի ծիրանի գետակի ափին,

մի արձանուհի էր կանգնած։

Ամեն գիշեր,

երբ այդ հեռավոր երկրի բոլոր մարդիկ՝

հայրիկներն ու մայրիկները,

քույրիկները ու եղբայրները,

տատիկներն ու պապիկները,

բոլոր-բոլորը գնում էին քնելու,

Ծիրանի գետակի ափին կանգնած արձանուհին մի ակնթարթ կենդանանում էր։

Կախարդական այդ ժամին նրա աչքից մի քարիկ էր ընկնում գետի մեջ։

Շրը՜ը՜ը՜խկ․ փշրվում էր գետը նույն պահին՝ խաղաղ ու լուռ գիշերվա մեջ

մի աստղային օրոր երգելով ամենքի՜ն-ամենքին...

Hayk Hambardzumyan

11.02.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.