Օրերի մեջ, անցյալի ու ներկայի պատկերներին հրվելով ու դրանցից անդրադառնալով՝ ինքնության փնտրտուքները Նշան Աբասյանի հերոսին բանաստեղծական այս շարքի տարածության մեջ տարուբերում են նման լինելու ու տարբերվելու միջև, ներքաշում դիմակներ փորձելու գայթակղիչ խաղի մեջ։ Նմանություն առարկաներին, մարդկանց՝ դավոների ու չելենտանոների՝ մարդկանց որոնց բռնել չի լինի։ Եվ այս խաղը տևում մինչև այն պահը, երբ վերադառնում է սեփական աստվածապարգև ինքնուրույն ճանապարհի ընկալումը՝ իմ ճամփեն էս լուսե դաշտերով։ Ճանապարհ-ճակատագիր, որը սկսում է մանկական գյուղական հովվերգությամբ, անցնում Ռադիոտան կողքով, հետո երևանյան պուրակներով, ապա թերևս կանցնի Հայոց ճամփաներով, մինչև մի նոր նավաբեկություն՝ գեղեցիկ ու զուսպ։ Եվ այդ ճանապարհից ու քեզ տրված դերից արդեն փախչել չի լինի, քանի որ հեռավոր մի օր քեզ տվել են մարջանը կարմիր և դու, ուզես, թե չուզես ճաքճքած բառեր ես կարկատելու․․․։
***
Իսկական սերը այն փշրանքներն են, որ դեռ հավաքվում են վիրավորանքից հետո։
***
Ես նման եմ պարանին մնացած թաշկինակի․
թիկունքումս՝ լքված պատշգամբ,
առջևս՝ գագաթներ ձյունաթույր․․
***
Ես նման եմ խաչմերուկին հանգչող լապտերի․
դեպի աջ՝ մի ծառ է դեռ կանգուն,
դեպի ձախ՝ ոտնահետքն անցորդի․․․
***
Ես նման եմ տխուր ուժի՝
որպես գետի վրա ձգվող մի ծերացող կամուրջ՝
մի թևս կախված ջրերին,
մյուս թևիս՝ ընտանի մի ագռավ...
***
Ինչո՞ւ ես իմ ճամփեն էս լուսե դաշտերով Դու գցել,
Տե՛ր իմ, Տե՛ր․․․
Տե՛ս՝ ծաղիկն ասում է ինձ՝ քաղի՛ր,
կածանը, մինչդեռ, գնո՜ւմ է․․․
Եվ ձեռքս խոտերին քսելով՝
գլխահակ անցնում եմ ես էլ դե․․․
Սիրուն է կտավը և թեպետ,
տխրուն է ընթացքն այս հեքիաթե․․․
***
Պատուհանիս մոտ նստած՝
կոշկակարի պես նորոգում եմ հնացած մի բանաստեղծություն։
Ճաքճքած այս բառը, օրինակ,
էլ կարկատել չի լինի.
պիտի դեկոր դարձնեմ։
Աչքերս հոգնել են նայելուց
(տարիքն իրենն ասում է).
կախ ընկած տողատակերը նորից մեխում եմ ձանձրացած,
ու ձեռքս թափ տալով՝
ինքս ինձ փնթփնթում վճռական.
«Էս կոշիկն էլ հագնող չեմ ես»...
***
Անցնում եմ Ռադիոտան կողքով,
և, ա՜յ քեզ բան,
քայլերս ինձ դեպի սպիտակ շենքն են հրում՝
դեպի 2011 թվականը․․․
Սիրտս մի պահ թրթռում է․
ես նորից այն երիտասարդ ռեպորտյորն եմ ահա՝
Ալեք Մանուկյանի նույն մարմարե շվաքներում․․․
նույն սերերս դողալիս․․․
Անցնում եմ Ռադիոտան կողքով,
և սերերս ահա՝ հին ու խոնավացած,
դեպի ինձ են հրվում․․․
***
«Տես, չխռովես. լաց կլինեմ ես,
Թե հեռանաս ինձանից,
Շատ կտխրեմ ես»:
Տխրում ու պարում,
պարում ու տխրում են
արդեն քիչ գինով հայերը հարսանքավոր։
Եվ իմ սրտից էլ մի քիչ նուռ է կաթում,
մի քիչ ես էլ եմ կտրիճ Դավո։
«Տես, չխռովես. լաց կլինեմ ես», -
մի քիչ իմ սիրտն էլ տխրում,
մի քիչ երգում է այդպես՝
միանգամայն ֆիդայաբար,
միանգամայն քաղցրորեն...
***
Բանն այսպես է եղել.
Ամռան մի տաք օր
ես բակում խաղալիս եմ եղել ոտաբոբիկ։
Ճամփով մի ծեր կին է անցել։
Ինձ տեսել, կանգնել ասել է.
- Բարև՛, բալա՛։
- Բարև՛, տատի՛, - մանկորեն քարացել, մի պահ նրան եմ նայել զարմացած։
- Ա՛ռ էս մարջանը քեզ, - ժպտալով մոտ է կանչել ինձ բարի կինը՝ վառվռուն կարկատաններով։
Ես խաղը թողել, ձեռքիս մեջ երկա՜ր կարմիր քարին եմ նայել իմ մեծ-մեծ մանկական աչքերով։
Իսկ տատը շարունակել է
քայլամոլոր իր հին երթը
...Հայոց ճամփաներով...
Բանն այդպես է եղել
ամռան մի տաք օր։
***
Անձրևները մոտենում են․
շուտով էլի իսկական բանաստեղծություններ կծնվեն։
Խոնավ գուղձերի արանքներով
առուների պես կգալարվեն արձակ տողեր։
Ձեռքս կպտտեմ անձրևի տակ,
և լռության ջուրն ապարանջանի պես կոլորվի դաստակիս։
Աշունն իրենը կանի․
անկշռելի քամին էլի հովեր կհասցնի քո կրծքին,
և դու հողից հոտ կառնես
այնտեղ՝ հեռուներում․․․
ՀԱՅԱՍՏԱՆ
Տատս խնոցի ուներ
(անվանենք Վերջին Խնոցի).
հիշում եմ՝ ոնց էր թանի միջից գունդ կարագը հանում
իր կնճռոտ ձեռքերով...
Այդ ճոճվող կավե տակառի մեջ, սակայն,
ես կարծում էի, կաթ է,
և տատս կաթից լիալուսին էր դուրս բերում ինձ համար,
իսկական կաթնահոտ լիալուսին՝
ոլոր մատնակոսներով...
***
Ես կարող եմ վերցնել հեռախոսն ու
բանաստեղծություն գրել հենց այնպես,
սիրելի՛ս,
ես արդեն վաղուց բանաստեղծությունները գրպանումս եմ շրջում։
Չելենտանոյի նման շվշվացնելով քայլում եմ ինձ համար, ուր ուզեմ։
Անձրևների տակ թրջվում եմ աշնանաբար,
արևների տակ ծիծաղում
որպես հին գարունը քո...
Տղուկների հետ քարկտիկ եմ խաղում,
աննպատակ պտտվում եմ երևանյան պուրակներում
և տաղերը կոնֆետի պես գցում եմ բերանս՝
ըստ անհրաժեշտության։
Ես կարող եմ վերցնել հեռախոսն ու
բանաստեղծություն գրել, երբ ուզեմ,
սիրելի՛ս,
ինձ էլ բռնել չի լինի...
***
Ամեհի ծովն արձանացած ինձ է նայում
թանգարանային այս ահեղ կտավից...
Մաշկիս տակ էլի խուլ գվվոց եմ զգում
այս չավարտվող նավաբեկությունից՝
ողբերգականորեն գեղեցիկ,
ողբալիորեն զուսպ...