• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
 Ուղե՞ղ, արգան՞դ, թե՞ մեկ այլ բան․ ի՞նչ է պատկերել Միքելանջելոն «Ադամի արարումը» որմնանկարում

Ուղե՞ղ, արգան՞դ, թե՞ մեկ այլ բան․ ի՞նչ է պատկերել Միքելանջելոն «Ադամի արարումը» որմնանկարում

Արդյո՞ք Աստծուն շրջապատող կարմիր թիկնոցի պատկերում  Միքելանջելոն մարդու ուղեղն է ներկայացրել։  Իսկ գուցե  արգանդ է պատկերել՝ ակնարկելով մարդու ծնունդը։ Վատիկանի  Սիքստինյան կապելլայի ամենահայտնի որմնանկարներից մեկը տասնամյակներ շարունակ հետաքրքրում է ոչ միայն արվեստաբաններին, այլև բժիշկներին ու անատոմիայի մասնագետներին։ Սակայն ի՞նչ հիմք ունեն այս  մեկնաբանությունները, և արդյո՞ք նկարիչն իսկապես ծածկագրել է անատոմիական պատկերներ։

 

Սիքստինյան կապելլան․ Սուրբ Գիրքը՝ հոգու և մարմնի պատկերներով

 

Հռոմում՝ Վատիկանի պապական պալատում գտնվող Սիքստինյան կապելլան համաշխարհային արվեստի ամենաճանաչված հուշարձաններից է։ Այդ համբավը պայմանավորված է Միքելանջելո Բուոնարոտիի ստեղծած որմնանկարներով։ Կապելլան կառուցվել է 15-րդ դարի վերջին՝ Սիքստոս IV պապի օրոք։ 1508 թվականին Հուլիոս II պապը Միքելանջելոյին հանձնարարեց նկարազարդել կապելլայի առաստաղը։ Աշխատանքներն ընթացան մինչև 1512 թվականը։

Նախնական նախագիծը նախատեսում էր առաստաղի որոշ հատվածներում պատկերել տասներկու առաքյալներին, իսկ մնացած մակերեսը զարդարել համապատասխան զարդանախշերով։ Սակայն Միքելանջելոն առաջարկեց ավելի ընդգրկուն պատկերային համակարգ։ Պապը համաձայնեց, և նկարիչը հնարավորություն ստացավ մշակելու աստվածաբանական մի ծավալուն պատում ու պատկերասրահ։ Ծննդոց գրքի հիման վրա ստեղծվեց ինը հիմնական տեսարաններից բաղկացած շարք, որտեղ ներկայացված են  արարչագործությունը, մարդու ստեղծումը, մեղանչումն ու դրան հաջորդած իրադարձությունները։ Կենտրոնական տեսարանները շրջապատված են Հին Կտակարանի մարգարեների, անտիկ աշխարհի սիբիլների, երիտասարդ մերկ կերպարների և այլ պատկերներով։

Վատիկանի թանգարանների ներկայացրած մեկնաբանության համաձայն՝ կենտրոնական ինը տեսարանները խմբավորվում են երեք թեմատիկ շարքի մեջ՝ տիեզերքի ծագում, մարդու ստեղծում և չարի առաջացում։ Այսպիսով՝ առաստաղը պարզապես առանձին աստվածաշնչյան դրվագների հավաքածու չէ, այլ փոխկապակցված պատկերային համակարգ։ Այս համակարգի կենտրոնական ու ամենահայտնի պատկերներից մեկը «Ադամի արարումն» է։ Այստեղ Միքելանջելոն ներկայացնում է մարդկության ծագման աստվածաշնչյան պատմությունը, սակայն այնպիսի գեղարվեստական լեզվով, որը հետագա դարերում բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է տվել։

 
«Ադամի արարումը»․ կյանքը՝ երկու ձեռքերի միջև

 

Որմնանկարում Ադամը պատկերված է երկրին  պառկած, իսկ նրա առջև՝ օդում Արարիչն է՝ ձեռքը դեպի առաջին մարդը պարզած։ Երկու կերպարների ցուցամատերը գրեթե հպվում են։ Այդ փոքր տարածությունը, որ բաժանում է նրանց ձեռքերը, դարձել է համաշխարհային արվեստի ամենաճանաչելի պատկերային խորհրդանիշերից մեկը։

Միքելանջելոյի ստեղծագործական լուծումը հիմնված է ոչ միայն աստվածաշնչյան պատմության վերարտադրության, այլև շարժման ու սպասման բացառիկ զգացողության վրա։ Ադամի մարմինը կարծես դեռևս ամբողջությամբ չի արթնացել, մինչդեռ Աստծո կերպարն արտահայտում է ուժ, շարժում և գործողության պատրաստակամություն։

Հենց այդ հակադրությունն է ստեղծում տեսարանի դրամատիզմը։ Աստվածային ուժն արդեն մոտ է մարդուն, բայց նրանց մատները դեռ չեն հպվել։ Կյանքի փոխանցումը ներկայացված է որպես իրադարձություն, որը տեղի է ունենալու ակնթարթ անց։

Սովորաբար այս պատկերը մեկնաբանվում է որպես Ադամին կյանքի և հոգու շնորհման պատկեր։ Միքելանջելոյի երևակայության շնորհիվ արարչագործության վերացական գաղափարը դառնում է տեսանելի։ Այս տեսարանում Ադամի ֆիզիկական-անատոմիական կատարելությունը, նրա դիրքն ու Աստծո հետ հարաբերությունը  ձևավորում են Վերածննդի մարդակենտրոն գեղարվեստական մտածողության բնորոշ օրինակներից մեկը։

 

Աստված մարդու ուղեղի ներսո՞ւմ

 

1990 թվականին ամերիկացի բժիշկ Ֆրենկ Լին Մեշբերգերը JAMA բժշկական ամսագրում հրապարակեց հոդված, որով փորձեց նորովի մեկնաբանել որմնանկարը։  Ֆ․Մեշբերգերի ուշադրությունը գրավել էր Աստծուն և հրեշտակային կերպարներին շրջապատող մեծ կարմիր թիկնոցը։ Նրա կարծիքով՝ թիկնոցի ընդհանուր ուրվագիծը և ներսում գտնվող կերպարների դասավորությունը հիշեցնում են մարդու ուղեղի միջսագիտալ կտրվածքի անատոմիական պատկերը։ Այս վարկածի համաձայն՝ Միքելանջելոն կարող էր դիտավորյալ ստեղծել երկիմաստ պատկեր։ Առաջին հայացքից մենք տեսնում ենք Աստծուն՝ հրեշտակներով շրջապատված, սակայն անատոմիայի մասին պատկերացում ունեցող  դիտողը կարող է նույն ուրվագծում ճանաչել ուղեղի կառուցվածքը։ Բժիշկը ենթադրում էր, որ այդ նմանությունը պատահական չէ։ Նրա մեկնաբանությամբ՝ Աստծո կերպարը մարդու ուղեղի հետ կապելը կարող էր արտահայտել այն գաղափարը, որ մարդուն շնորհված աստվածային պարգևը բանականությունն է կամ գիտակցությունը։ Այս վարկածը հատկապես հետաքրքիր է Միքելանջելոյի՝ մարդու մարմնի նկատմամբ ունեցած հետաքրքրության համատեքստում։ Նկարիչը զբաղվել էր անատոմիայով։  Նրա քանդակներում և որմնանկարներում մարդու մարմնի լավ իմացությունը ակնհայտ է։

Ֆ․ Մեշբերգերի հոդվածը բժշկական և արվեստաբանական քննարկումների նոր ալիք առաջացրեց։ Հետագա հեղինակները փորձեցին նմանատիպ անատոմիական պատկերներ գտնել նաև կապելլայի մյուս որմնանկարներում։

 

Մարդկության ծնունդը

 

2015 թվականին Mayo Clinic Proceedings ամսագրում հրապարակվեց «Ադամի ծնունդը․ Միքելանջելոյի ստեղծագործության բժշկական մեկնաբանություն» հոդվածը։ Դրա հեղինակներ Ռաֆայել Թամարգոն և Յան Սուկը ենթադրում էին, որ Աստծուն շրջապատող կարմիր թիկնոցի ձևը կարող է հիշեցնել ոչ թե ուղեղ, այլ կնոջ արգանդ և հարակից անատոմիական կառուցվածքներ։ Հեղինակների կարծիքով՝ Միքելանջելոն կարող էր ներկայացնել ոչ միայն Ադամի՝ Աստծո  ստեղծումը, այլև մարդկության ծնունդը՝ օգտագործելով կանացի մարմնի մաս հիշեցնող  պատկեր։ Այս դեպքում որմնանկարի գաղափարը կարելի է դիտարկել երկու մակարդակով՝ աստվածային արարչագործություն և կենսաբանական ծնունդ։ Մարդու ստեղծումը ներկայացվում է ոչ միայն որպես երկնային կամքի արտահայտություն, այլև որպես կյանքի ծագման համամարդկային պատկեր։

 
Միտո՞ւմ, թե պատահականությո՞ւն

 

Միքելանջելոյի ստեղծագործությունների նմանատիպ մեկնաբանությունները պատահական չեն, քանի-որ նկարիչը մարմինը պատկերում էր ոչ միայն արտաքին ձևերի ճշգրտությամբ, այլև շարժման, լարվածության և ներքին ուժի արտահայտման նպատակով։ Նրա քանդակներում ու որմնանկարներում մարմինը դառնում է գաղափար արտահայտելու միջոց։ Այդուհանդերձ, դժվար է ասել՝ արդյո՞ք  անատոմիական զուգորդումները միտումնավոր են ստեղծվել, թե՞ դրանք ձևավորվել են  դիտողի ընկալման և մեկնաբանության առանձնահատկություններով պայմանավորված։ Այս մեկնաբանությունները  մեր ուշադրությունը հրավիրում են Միքելանջելոյի ստեղծագործության հիմնական առանձնահատկության վրա․ նրա արվեստում մարդու մարմինը գաղափարների արտահայտման գլխավոր միջոցներից է։ Նա կարողացել է աստվածաշնչյան պատմությունը ներկայացնել այնպիսի պատկերով, որտեղ միաժամանակ առկա են մարդկային մարմնի գեղեցկությունը, կյանքի առաջացման խորհուրդը և աստվածայինի հետ հանդիպման սպասումը։

Art 365

01.11.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.