Փանոս Թերլեմեզյան,Գևորգ Բաշինջաղյան, Վարդգես Սուրենյանց, Հրաչյա Ռուխկյան․ այս և մի շարք այլ նշանավոր հայ նկարիչների աշխատանքներ առաջին անգամ ցուցադրվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» ուշագրավ ցուցադրությամբ։ Մատենադարանում, իհարկե, նախկինում էլ գեղանկարչական աշխատանքներ ներկայացվել են, սակայն առաջին անգամ է, որ ցուցադրությունը համադրվել է բացառապես Մատենադարանի հավաքածուում պահվող գեղանկարներով։ Քչերը գիտեն, որ Մատենադարանում հայ միջանադարյան ձեռագրերի, գրքերի ու արխիվային փաստաթղթերի կողքին պահվում են նաև մեծարժեք գեղանկարներ։

Գեղանկարները Մատենդարանում հայտնվել են տարբեր առիթներով ու ժամանակներում։ Օրինակ` ցուցադրության կենտրոնական նկարը` 20-րդ դարի երկրորդ կեսի անհայտ հայ նկարչի` Մատենադարանի շենքի կառուցման մի պատկեր է, որը վերջերս հայտնաբերվեց ու գնվեց Մատենդարանի կողմից։ Այն ոչ միայն գեղարվեստական արժեք ունի, այլև բացառիկ պատմական վավերագիր է Մատենդարանի թանգարանային մասնաշենքի շինարարության ընթացքի վերաբերյալ։

Ցուցադրվող նկարների մեծ մասը Մատենդարանում են հանգրվանել ձեռագրերի նվիրատվությունների, հայտնի հայագետների ու նվիրատուների անձնական արխիվների հետ միասին։ Նկարները ցուցադրվում են համապատսխան արխիվային փաստաթղթերի, նկարներում պատկերվող մարդկանց անձնական իրերի ուղեկցությամբ։


Շատ գծանկարներ, էսքիզներ ներկայացնում են պատմական Հայաստանի պատկերներ, նշանավոր եկեղեցիների ճարտարապետական մանրամասներ, մարդկանց և այլն։


Ցուցադրության առաջին սրահում կարելի է տեսնել նաև ժամանակակից աշխատանքներ, որոնք ներշնչվել են հին լուսանկարներից։

Այս ուշագրավ ցուցահանդեսով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը իր թանգարանային ու գիտական գործունեությանը զուգահեռ հանրությանը ներկայանում է որպես 20-րդ դարի գեղանկարչության ցուցադրության հարթակ։
