Թեև հայկական ձեռագրերի մեծ մասը ստեղծվել է տղամարդկանց ձեռքով, սակայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են նաև ձեռագրեր, որոնք ստեղծվել՝ գրչագրվել ու նկարազարդվել են միջնադարյան Հայաստանի տարբեր վայրերի կուսանոցներում՝ միանձնուհիների կողմից։ Միջնադարում, ավանդական հանրույթում կանանց ստեղծագործելու և ընդհանրապես որևէ գործունեության մասին եղած պատկերացումների համատեքստում այս երևույթը զարմանալի կարող է թվալ։ Միանձնուհիների ձեռագրաստեղծ գործունեության ծավալումը պայմանավորված էր 17-րդ դարում, հատկապես Սյունիքում զարգացող վանական ու անապատական կյանքի, մենաստանների գործունեության ծաղկման հանգամանքներով։ Կանայք մենակյաց կյանքը հաճախ ընտրում էին հետևելով իրենց ազգական տղամարդկանց։ Իգական ակտիվ մենաստաններ ու գրչության կենտրոններ կարող ենք տեսնել Շոռոթում, Շինուհայրում, Հալիձորում, Ավետարանոցում և այլուր։ Այս բոլոր վայրերում ձեռագրաստեղծմանը մասնակցում էին կանայք։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ հատուկ ցուցադրությամբ` Սրբագործ ձեռքեր․ գրչակենտրոն կուսանոցներ Հայաստանի հարավում 17-րդ դար, ներկայացվում են այս վանքերում՝ միանձնուհիների կողմից ստեղծված ձեռագրերը։ Ցուցահանդեսի համադրողը ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտն է։ Նա Զալցբուրգի համալսարանում զբաղվում է Հայաստանի հարավում ՝ Նախիջևանում և Արցախում իգական մենաստանների գործունեության ուսումնասիրությամբ։ Ցուցադրությունը բացահայտում և մեկ տեղում ներկայացնում է միանձնուհիների ստեղծած բարձրարժեք ձեռագրեր։
Օրինակ՝ Շինուհայրի կույս գրիչներ էին՝ Մարիանեն, Մարինոսը, Էրինեն, Հռիփսիմեն, Մարգարիտը և այլք։

Ավետարան, Շինուհայր, 1694, գրիչ Հռիփսիմե
Հալիձորի կանանց անապատում գործունեություն էր ծավալել մայրապետ Հռիփսիմեն։ Նրա գրչած ձեռագրերից պահպանվել են երկուսը։

Ժողովածու, Հալիձոր, 1653, գրիչ՝ Հռիփսիմե
Միանձնուհիներ՝ Գայանեի և Հռիփսիմեի հետ է կապված Ավետարանոցի գրչության կենտրոնի գործունեությունը։

Մաշտոց ձեռաց, Ավետարանոց, 1641, գրիչ Գայանե
Այս ձեռագրերի գրչության արվեստի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս տեսնելու միանձնուհիների ինքնահատուկ հայացքը, մեծ վարպետությունը, պատկերավորման նրբությունն ու հոգատարությունը յուրաքանչյուր մանրամասնի նկատմամբ։