Արշիլ Գորկու (1904-1948) արվեստը 20-րդ դարի աբստրակտ գեղանկարչության նշանակալի երևույթներից է։ Գորկու աբստրակտ էքսպրեսիոնիստական նկարներում թեև ակնհայտ կենսագրական նշաններ գրեթե չկան, սակայն դրանք կարելի է մեկնաբանել կենսագրության հետ կապերով ու մանկությունից եկող տրավմատիկ փորձառությամբ։ Ըստ արվեստաբանների, մանկությունն այն ժամանակն է, երբ ձևավորվել է նրա պատկերային ինքնահատուկ լեզուն։ Ըստ այդմ էլ՝ Արշիլ Գորկու արվեստի ակունքները պետք է որոնել ոչ 20-րդ դարի արվեստի ազդեցությունների մեջ, այլ առաջին հերթին՝ մանկության փորձառության մեջ։ Սովը, կորուստը, մայրական սերը, բնության զգայական աշխարհը և լռությունը ձևավորում են այն լեզուն, որով Գորկին «խոսում» է իր կտավներում։ Եվ հենց այդ պատճառով նրա արվեստը չի սահմանափակվում որոշակի ոճով կամ ուղղությամբ այլ վերածվում է համամարդկային գեղարվեստական փորձի։
Մայրը
Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Ադոյանը ծնունդով Վանից էր և ականատեսն է Հայոց ցեղասպանության, սովի, գաղթի։ Ըստ կենսագիրների, նա միշտ հիշել է, թե ինչպես սովի ժամանակ մայրը՝ Շուշանիկը իրեն ու քույրերին է տվելի հացի վերջին փշուրները և ինքն անոթի մնացել։ Մոր մահը (1919) խորը հետք է թողնում Գորկու ներաշխարհում։ Մոր կերպարը նրա ստեղծագործության մեջ չի ներկայացվում ամբողջական, այլ՝ անավարտ, կիսատ շարժումներով, ներքին լռության ձևերով։
Այս առումով նրա հայտնի գործը՝ «Նկարիչն ու մայրը» (The Artist and His Mother), ուղղակի ինքնադիմանկար չէ, այլ տրավմատիկ հիշողության վերակառուցում։

Հողն ու բնությունը
Նկարչի մանկական հիշողություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ծննդավայր Վանի բնաշխարհը։ Նա հաճախ է հիշում ծիրանի այգիները, խոտերի հոտը, հողն և բուսաշխարհը Այս հիշողությունները հետագայում վերածնվում են են նրա արվեստի բիոմորֆ ձևերի մեջ՝ օրգանական, հոսուն, երբեմն անորոշ սահմաններով պատկերների մեջ, որոնք կարծես «աճում» են կտավի վրա։ Այդպիսին է օրինակ, հայրենի գյուղին՝ Խորգոմին նվիրված պատկերը։ Այսպիսով, նրա աբստրակցիան չի ծնվում միայն եվրոպական ավանգարդի ազդեցությամբ, այլ մանկության աշխարհի զգայական փորձառությունից ու հիշեղություններից։
Լռությունը
Կենսագիրների վկայությամբ մոր մահից հետո Գորկին դառնում է ինքնամփոփ ու լռակյաց։ Այս լռությունը հետագայում վերածվում է գեղարվեստական լեզվի․ նրա արվեստը չի պատմում, չի նկարագրում, այլ հուշում է, ակնարկում, կիսատ թողնում։ Այն ինչը հնարավոր չէ արտահայտել խոսքով դառնում է գիծ և գույն։
Նոր ինքնությունը
ԱՄՆ տեղափոխվելուց հետո(1920) Գորկին ոչ միայն իր ստեղծագործական ուղին նորից է սկսում, այլև վերաշարադրում է իր կենսագրությունը․ փոխում է անունը (1925), երբեմն՝ ծագման պատմությունը։ Սա նոր իրականություն պարզ ինտեգրման պատմություն չէ, այլ տրավմատիկ հիշողության մշակութային վերամշակում։ Ստեղծվում է նոր՝ գեղարվեստական ինքնություն։


