Կոստան Զարյանի Անցորդը եւ իր ճամբան վեպը, որը հեղինակը գրել է 1926-1927 թթ․ և անվանել համայնավէպ, բացառիկ է իր ընդգրկմամբ, գեղարվեստական առանձնահատկություններով ու հարցադրումների շրջանակով։ Հեղինակն ուղղակի չի ներկայացնում 20-րդ դարասկզբի առաջին տասնամյակների հայ կյանքը, այլ յուրօրինակ հոգևոր ճանապարհորդություն է կատարում է հայ ժողովրդի ապրած ժամանակների ու տարածությունների մեջ։ Այդ ճանապարհորդության, կամ գուցե ավելի ճշգրիտ՝ ուխտագնացության նպատակը գլխավորապես հայ ժողովրդի առաքելության ու գոյության հիմքերի հայտնաբերումն է։ Եվ այս ճանապարհին հեղինակը կարևորում է հայ հոգու արգասիքները՝ ճարտարապետությունը, գրականությունը, մշակույթն ընդհանրապես, բայց նաև բնական միջավայրը, որն ավելին է քան գեղեցիկ բնապատկերը։
Մասնավորապես ներկայացնելով Արարատյան դաշտավայրը՝ հեղինակը փորձում է խորամուխ լինել ոչ թե դաշտավայրի գյուղատնտեսական կամ պատմական նշանակության մեջ, կամ նկարագրել արտաքին հմայքը, այլ ներկայացնում խորքում գտնվողն ու թաքնվածը՝ ներքին մետաֆիզիկական էությունը։ Այն պատկերվում է հեղինակին որպես լույսի աղբյուր, պաշտամունքի վայր, հոգևոր անըմբռնելի մի էություն, աշխարհն ուղղորդող յուրօրինակ փարոս։ Այս դաշտավայրին պետք է ակնածանքով ու խոնարհությամբ մոտենալ, զգալ ամեն մի ձայն ու լույսի թրթռում, բացել փակված հոգին ու կծկված սիրտը նրա ոգեշնչող մեծության առջև։ Ըստ Կ․ Զարյանի աշխարհը կործանվում ու վերաշինվում է նոր ձևերով, քաղաքակրթությունն իր հերթական անկումն է ապրում, սակայն Արարատի հայացքի տակ՝ Արարատյան լուսավոր դաշտում, ժամանակի անիվը կարծես կանգ է առել հավերժական սպասման մեջ։ Եվ հայ ժողովորդն էլ իր ամբողջ տարաբախտությամբ ապավինել է այս դաշտին ու լեռանը, քանի-որ միայն այստեղ կարող է վերգտնել իր առաքելությանը։
***
Ես չեմ տեսել Արարատեան դաշտից աւելի լուսաւոր դաշտ:
Այստեղ լոյսը, ինչպէս Արեւմուտքում, թափառող պատահականութիւն չէ, ամպերի միջից վայր ընկած ճառագայթների փունջ կամ ստւերների հակադրական` ռէմբրանդեան պայքար, այլ խաղաղօրէն սփռւած, բիւրեղեայ մի պարտէզի համայնատարած կայծկլտում:
Դաշտ եւ լոյս մի են: Երբ գիւղացին հերկում է, նա իր բահի հարւածով դուրս է նետում հողի հետ նաեւ լոյսի մի կոյտ։
Ու Արարատը լուսաւորութիւնը կանոնաւորող մեծ հայելիի է նմանում: Նա իր պայծառութիւնը հեռաւոր լեռներից է առնում` Հիմալայից, եւ ճերմակ փարոսի նման պտըտելով, հորիզոնների բոցը եւ ոսկին մաղում է ամպերի մէջ ու սփռում այստեղ:
Արեւմտեան մարդը լոյսը ըմբռնում է, ինչպէս երազ, անդորրութիւն, բախտ: Նա ապրում է փոթորկալից ամպերի տակ, որի դէմ կառուցել է ստւերների ոճը՝ գոթական եկեղեցին: Նրա հոգին անհանգիստ է, տւայտող՝ չարչարւող մտքի դանակների տակ արիւնած: Նրա միտքը զննող է եւ միեւնոյն ժամանակ յոռետես: Նա իրապաշտ է․ լոյսի բացակայութեան պատճառով նա ուզում է արժէքաւորել ստւերը, անկանոն շուքերի խաղը: Նա ապրում է տպաւորութիւններով, անցողակի եւ փոփոխական զգացումների անհանգիստ պայքարների պահանջի տակ:
Այստեղ մարդը ապրում է լոյսի հետ միացած: Արեւը մարմին է, ամենօրեայ հաց: Ու հացը իր կրօնական պաշտամունքին միացնում է դհօլ ու զուռնան:
Մեր ճարտարապետութիւնը արտաքին գունաւորման պահանջ չունի։Պարսկական մզկիթի գմբէթը զարդարւած է գոյնզգոյն նկարներով: Բիւզանդական եկեղեցին, մանաւանդ իր ռուսական ձեւի մէջ, ոսկիներով է ծածկւած: Հայ տաճարը մերկ է եւ ամբողջական: Արարատի գագաթի նման նա լոյս է եւ երաժշտութիւն:
Այսօր ես ըմբռնեցի մեր հին տաղերի հիմնական ոճը, մեր ճարտարապետութեան եւ մեր հաւատքի ոգեղինացած կառուցւածքը, մեր կարպետների ժուժկալ գունաւորումը եւ մեր լեզւի շարժուն հնչականութիւնը:
Եւ հասկացայ նաեւ, որ Նարեկացին այստեղ չէ ծնած:
Նա հայ հոգու միւս երեսն է:
***
Քայլերիս տակ դաշտը խուլօրէն տրոփում է: Ինչպիսի՜ մերկացած մեծութիւն: Ձեռքերը կրծքին դրած, պառկել է մի հսկայ եւ ականջ է դնում տարածութիւնների մէջ սփռւած տիեզերքին:
Ոչ մի առասպելի զանգակը չի հնչում այստեղ։ Եթէ հնչէ իսկ՝ չի լսւիր։ Ինքը՝ դաշտը, լուսաւոր ձայների մի երգ է, անլսելի, բայց ակնյայտ մի ղօղանջում: Հնչուն բառերով լեցուն, աստւածաշնչական մի հսկայ էջ է, որի վրայ Արարատի գագաթը ման է ածում իր վառ աչքերը։
Այս հողի վրայ պէտք է ման գալ ոտաբոբի՛կ։
Խոնարհ ձեռքերով պէտք է վերցնել նրա բոյսերը ու սիրել պարզ սիրտով։
Պէտք է գտնել հիմնական հնչականութիւնը, լսել սկիզբ-նախասկիզբ ձայնը եւ լուսաւորութեան մէջ լռել։
Կան երկրագնդի վրայ ճակատագրական վայրեր, որոնք կոչւած են, պատմութեան որոշ վայրկեաններին, մարդկութեան այլակերպութեան նպաստել:
Մեզ, հայերիս, տիեզերքի մէջ, տարօրինակ դեր է վիճակւած: Մի դեր, որ կատարում ենք, բայց անգիտակցում: Պատմութիւնը դեռ մութ է։ Նրա գիրքը կողպւած է եօթը բանալիով։ Նրա նպատակը անյայտ է, եւ, սակայն, մշուշների միջից ճառագայթներ են երեւում, որոնք պէտք է մեզ լրջորէն մտածել տան:
Արարատեան դաշտը օրրան է։ Արարատը՝ կենտրոն եւ նախակէտ։ Նրա գագաթը, հայ եկեղեցու գմբէթի հետ, քայլեց աշխարհի վրայից, անցաւ Փոքր Ասիան, մագլցեց Դանուբը, կանգ առաւ Իտալիայում, գնաց Գերմանիա, Շւեդիա, Նորվեգիա, Ֆրանսիա, բարձրացաւ մինչեւ Անգլիա, մինչեւ Իռլանդիա։
Այստեղ Հնդկաստանը, Բիւզանդիոնը եւ Արեւմուտքը կանգ են առնում, գրկախառնւում, արւեստի եւ մտածումի լոյսերի մէջ կնքւում եւ ճամբայ ընկնում դէպի նոր արկածախնդրութիւններ:
Ի զուր չէ, որ դարաւոր թափառումներից յետոյ, այլափոխւած, չարչարւած, հեռաւոր դաշտերը մեր արիւնով կերակրելուց յետոյ, ահաւասիկ նորից վերադարձել ենք մայր հողի վրայ եւ ճակատագրական պայքար ենք մղում նոր մի էութեան համար:
Եւ ինչպիսի՜ ժամանակ։
Դարը փշրել է իր ղեկը։ Արեւմուտքը յառել է իր անհանգիստ աչքերը` դէպի Արեւելք: Հիմքերը չարժւել են, ու մեծ փլչումը սկսւել է։ Այն, ինչ որ անւանում էինք քաղաքակրթութիւն, մարդկութեան անյաղթելի բերդ, այսօր` պարապ հոգիների առջեւ, ներկայանում է թղթե տնակի նման։
Ամստերդամը նորանոր քաղաքամասերի մէջ կուտակում է իր աղբիւսները առանց ոճի, Կորբիւզիէն վերաշինում է մեր խրճիթները` ֆրանսիական անհարազատ հողի վրայ, Ամերիկան իր կատաղած կեանքի անիւը տասնեակ յարկերի վրայ է գցում ու պարապութեան մէջ ջղայնացած բազուկները շարժում։
Իսկ մենք վերադարձել ենք մերկ դաշտը, ուր Հռիփսիմէի եկեղեցին միշտ կանգուն է։
Այստեղ բոլոր ալիքները կանգ են առել, ծովը համր է, եւ փոթորիկը` հեռաւոր։
Եկել ենք որբացած եւ ստաբոբիկ։ Չկայ ուրիշ ժողովուրդ մեզանից աւելի չքաւոր եւ աւելի դժբախտ։ Բայց չկայ վայր աւելի լուսաւոր, աւելի ամբողջական ու ոգեղինացած, քան այս դաշտը:
Այստեղ է նոր կեանքի բանալին:
Եւ այստեղ է մեր նոր առաքելութիւնը։
Աղբյուրը՝ Կոստան Զարեան, Անցորդը եւ իր ճամբան,
Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթիֆո-Անտարես, 2020: