• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայու սիրտն ու հոգին է իբր զէնք շաչում․ Կոմիտասի նամակներն Արշակ Չոպանյանին

Հայու սիրտն ու հոգին է իբր զէնք շաչում․ Կոմիտասի նամակներն Արշակ Չոպանյանին

 

Առաջին հանդիպումից ի վեր Կոմիտասը շատ մտերմանում է գրող, գրականագետ Արշակ Չոպանյանի հետ։ Նրան ուղղված նամակները ոչ միայն այդ մտերմությունն են ներկայացնում, այլև մեծ երգահանն այստեղ խոսում է իր գաղափարների մասին, ներկայացնում  հայության մշակութային, հասարակական, քաղաքական կյանքի ապագայի իր տեսլականը։ Կոմիտասն այստեղ հայ ժողովրդին համարում է լույսի որդեգիր և առաջնորդ խավար վայրերում։ Մեծ երգահանը վստահ է, որ մեր գլխավոր զենքը հենց մեր մեջ ի վերուստ դրված լույսն է, մշակույթն ու այդ մշակույթը տարածելու առաքելությունը։ Այս համատեքստում Կոմիտասը շատ բարձր է գնահատում Ա․ Չոպանյանի՝ հայ մշակույթն ուսումնասիրելուն և հանրահռչակելուն ուղղված գործունեությունը։ Եվ այն գնահատականները, որ Կոմիտասը տալիս է  Չոպանյանի գործունեությանը, մեծապես վերաբերում է հենց իրեն։ Ներկայացնում ենք հատվածներ Կոմիտասի՝ Արշակ Չոպանյանին ուղղված երկու նամակից։

1912, 25 դեկտեմբեր, Կ. Պոլիս,

Pangalti N 83 (47)

Սիրելի՛ Արշակ, 

Երկար ժամանակ է, ուզում եմ քեզ նամակ գրել, բայց այսօր-վաղն ասելով` ցարդ ուշացաւ:

Արդեն մասնակի տեղեկանում եմ եւ գիտեմ, թէ այժմ ո՜րքան սուրբ ու ազնիւ, քո սիրած ու պաշտած, կշռած ու մարսած գործն ես մշակում՝ հաայուն ապագան է արդ քու հոգածութեանդ առարկան, ուստի բոլոր ուժը իրաւամբ դէպի գերագույն նպատակն ես ուղղած։ Արդեն հայ ազգը քեզ չա՜տ բան է պարտական,

դո՛ւն էիր առաջինը, որ լաւ ըմբռնեցիր, թէ մեր ապագան հարթելու համար պէտք էր նախ մեզ օտարներին ծանոթացնել, ցույց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսոյ որդեգիր ու կարապետ ենք խաւար վայրերում, շինարար ենք... եթէ մեր մէջ տեւականութիւնն ու միութիւնը պակաս է եղած, պատճառն այն է, որ ազատ շունչ չենք քաշել, նոյնիսկ մեր իբր անկախութեան օրերումն իսկ հալածուելով տգիտութենէն ու խաւարէն, աւերակէն ու աւարէն, սրէն ու հրէն...

Բայց աննկուն բան ունենք մեր մէջ, մի անմար յոյս, դէպի ապագայ լուսոյ կանթեղը յառած են մեր հայեացքները, դէպի այն կանթեղը, որ հայ ժողովուրդը, իր թագաւորութիւնն ու իշխանութիւնը կորցնելէն յետոյ, տարել ու կախել է բազմաբեղուն ու երկնաւէտ Արագածի գագաթը` երկնքի անտես առաստաղէն, անթել կապով, որ մարդիկ՝ խաւար ու աւարառու, ձեռք տալ չկարողանան, եւ գոնէ նորա լուսոյ նշույլը ցայտէ մեր վերայ, եւ եւ մեր ապագա կեանքը երազենք։

Դուն էիր առաջինը, որ մեր նախնեաց ստեղծագործ հոգին թղթերով ու գրքերով նկարեցիր ու ցուցադրեցիր օտար աշխարհի մէջ քաղաքակրթութեան հարազատ զաւակներին, որ մենք եւս իրենց շաւիղն ենք բռնել, մենք եւս իրենց ճամբան ենք քայլել, մենք եւս մեր ձեռքին լոյս բռնել, եւ թէպէտ ջանացել են դեւերը փչել ու մարել մեր կեանքը, բայց փչողներն են խորտակուել, եւ մենք դեռ մոխիրների տակ առկայծել ենք՝ ապաւինելով` գիտութեան ու կրթութեան, որ թէեւ մերն է եղել իբրեւ Արեւելքի զաւակներ, բայց մեր ձեռքէն դուրս է եղել ու Եւրոպան լուսաւորել․ արդ, քանի որ մեզ համար անծանոթ չէ մեր մտքի նախատիպը եւ կարողութիւը, որ այժմ Եւրոպայէն է, որ մեզ լուսաւորում է, ինչո՞ւ չունենանք մեր իսկ լուսոյ ջահը` մեր ձեռքին։ Դուն էիր առաջինը, որ հրաւիրեց հայի գեղարուեստական ստեղծագործութեանց ծանօթացնելու քաղաքակիրթ աշխարհին... Արդ, հանգիստ վայելի՛ր եւ ուրախացի՛ր, ո՛ւժ առ եւ ո՛ւժ տուր, պի՛նդ կեցիր, որ բարձրացած դարաւոր ազատութեան ձգտող կոհակներն ու ալիքները չզարնուեն ժայռին ու այս անգամ ալ փշրուեն, որի վերջը թերեւս կորստաբեր լինի մեզ համար:

 

Իսկ արդեն 1913 թվականի ամռանը Կոմիտասը կարճ ժամանակով Կ․ Պոլսից գալիս է Էջմիածին։ Նպատակը՝ Մայր Աթոռում պահվող ձեռագրերի հետ աշխատանքն էր ու երգեր գրառելը։ Այս մասին Կոմիտասը օգոստոսի 7-ին նամակ է գրում Փարիզ՝ Արշակ Չոպանյանին։

 

Սիրելի՛ Արշակ,

 

Գուշակածիդ պէս՝ նամակդ ստացայ այստեղ: Չե՛մ եկել մնալու, այլ միայն մատենադարանում աշխատելու եւ գեղջուկ երգեր հաւաքելու։ Առաջին գործս երեկ վերջացրի, երկրորդն եմ սկսելու վաղը։ Մինչեւ սեպտեմբերի կէսերը Կ. Պոլիս կլինեմ: Վաղը կերթամ գիւղեր: Բաւական նոր բաներ են դուրս եկել։

Շատ լաւ ես արել, որ ծովի լոգանքներ ես առնում. քեզ շատ լաւ ազդեցութիւն կթողնեն եւ կառողջանաս. ըստ կարելւոյն երկար մնայիր տեղումդ:

Ուրախութեամբ եւ հպարտութեամբ եմ հետեւում գործնէութեանդ, մանաւանդ այսպիսի հանգամանքներում, երբ աւելի զօրեղ զէնք չունենք, քան մեր հին ու նոր եկեղեցուն ու աշխարհիկ եւ գիտական ու գեղարուեստական կարողութիւնները ցուցադրել, որ տեսնեն, թէ իբր ողորմութիւն չէ՛, որ խնդրում ենք, այլ իբր մարդկային զարգացման զօրավիգն ազգ ենք հրապարակ ելնում. երանի՜ թէ սկզբէն այս զէնքն առնէինք, առանք մի զէնք, որ աւելի զօրեղները` փշրեցին՝, բայց մեր ունեցածը անընկճելի եւ անխորտակելի է՝ հայու սիրտն ու հոգին է իբր զէնք շաչում:

Լաւ է ուշ, քան երբեք: Մանաւանդ, երբ հրապարակ է ելնում հայ հանճարը՝ հա՛յ անձերի, կազմակերպողների, երգողների, նուագողների եւ խօսողների ձեռքով, արդէն զինաթափ են լինում ամեն նախապաշարումներ միանգամայն․․․:

Art 365

26.09.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.