Կոմիտաս վարդապետի թղթերում մի քանի ինքնակենսագրություն է պահպանվել։ Ներկայացվող ինքնակենսագրությունը վարդապետը 1908 թվականի աշնանը հանձնել է Գ. Լեռնյանին, որպեսզի նա այն ռուսերեն թարգմանի Պետերբուրգի երաժշտական հանդեսներից մեկի համար։ Թարգմանիչը տարբեր պատճառներով չի հասցրել թարգմանել ինքնակենսագրությունը և երբ հաջորդ անգամ Կ․ Պոլսում հանդիպել է Կոմիտասին, երգահանն ասել է, որ թարգմանության անհրաժեշտություն չկա։ 1924 թ․ այս ինքնակենսագրությունը լույս է տեսել «Հայրենիք» ամսագրում։
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԿՈՒՏԻՆԱՅԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ
1908 ՅՈՒՆԻՍ 24 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ԾՆՈՂՆԵՐՍ: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ: ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆ ԵՐԳԻՉ ԵՒ ՈՒՍՈՒՑԻՉ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ։ ՀԱՄԵՐԳՆԵՐՍ ԵՒ ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐՍ: ԳՐՈՒԱԾՔՆԵՐՍ:
Ծնուել եմ 1869 թուին, սեպտեմբերի 26–ին, Փոքր Ասիայի Կուտինա կամ Քիւթահիա քաղաքում։ Երրորդ օրն ինձ մկրտել են եւ անունս դրել Սողոմոն: Հայրս՝ Գէորգ Սողոմոնեանը Քիւթահիացի է. իսկ մայրս՝ Թագուհի Յովհաննիսեանը` Բուրսացի։ Երկուսն էլ հայ են:
Հօրս եւ մօրս ազգատոհմը ի բնէ ձայնեղ է։ Հայրս եւ հօրեղբայրս՝ Յարութիւն Սողոմոնեանը, յայտնի դպիր են եղել մեր քաղաքի Ս. Թէոդորոս եկեղեցում: Մօրս եւ հօրս տաճիկ լեզուով եւ եղանակներով յօրինած երգերը, որոնցից մի քանիսը արդէն գրել եմ 1893 թուին հայրենիքումս, դեռ երգում են մեծ հիացմունքով մեր քաղաքի ծերերը: Մայրս վախճանուել է 1870 թուին, իսկ հայրս՝ 1880 թուին։ Ծնողներիս մահից յետոյ ինձ՝ միամօր զաւակիս դաստիարակել եւ ուսմանս մասին մեծ հոգ է տարել հօրական տատս՝ Մարիամը։ 1876 թուին էր, երբ առաջին անգամ ոտքս դրի դպրոցի շէմքը։ Մեր քաղաքի վարժարանը մի չորս բաժանմունք ունեցող դպրոց էր: 1880 թուին աւարտեցի այդ վարժարանը, եւ հայրս, իր մահից չորս ամիս առաջ, ինձ ուղարկեց Բուրսայի վարժարանը։ Դեռ տարին չբոլորած՝ հօրս մահուան պատճառով մեր քաղաքը վերադարձայ:
1881 թուին մեր վիճակի առաջնորդը՝ Գէորգ Վարդապետ Դերձակեանը, պէտք է գնար Սուրբ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրուելու։ Գէորդ Դ. ամենայն Հայոց Կաթողիկոսը հրամանադրել էր, որ առաջնորդը հետը բերէ եւ մի որբ աշակերտ իր Ս. Էջմիածնում հիմնած Մայր Աթոռի Գէորգեան Ճեմարանի համար: 20 որբի մէջ վիճակն ինձ ընկաւ, եւ առաջնորդն ինձ Ս. Էջմիածին բերաւ:
1881–82 ուսումնական տարեշրջանին՝ սեպտեմբերի 15–ին, մտայ Գէորգեան Հոգեւոր Ճեմարանն իբրեւ գիշերօթիկ սան եւ աւարտեցի դպրոցական ու լսարանական բաժինը 1892–93 ուսումնական տարեշրջանին:
1896 թուին, հայ յայտնի բարեգործ Աղերսանդր Մանթաշևանի օժանդակութեամբ գնացի Բերլին՝ երաժշտական ուսումս կատարելագործելու: Դիմեցի աշխարհահռչակ ջութուկահար Յովսէփ Յովակիմին, որ Բերլինի արքունի երաժշտանոցի տեսուչն էր: Խորհուրդ տուաւ մտնել Ռիխարդ Շմիտիթի մասնաւոր երաժշտանոցը։ Ուսուցչապետ եւ արքունի երաժշտագէտ տեսուչ Ռիխարդ Շմիտիթը յանձն առավ ինձ հետ պարապել առանձնապէս։
Թէեւ ծանոթ էր ինձ դաշնակի ուսումը մինչեւ կեղծ յաջորդութիւնները, բայց սկզբիցն սկսեցինք, որ հիմնաւոր լինի։ Շմիտթի մօտ մնացի ուղիղ երեք տարի՝ 1896 թուի յունիսից մինչև 1899 թուի յունիսը: Աւարտեցի տեսական եւ մանաւանդ գործնական երաժշտութեան ամբողջ դասընթացը:
Միաժամանակ իսկական ուսանող գրուեցայ Բերլինի արքունի Ֆրիդրիխ–Վիլհելմ համալսարանի փիլիսոփայական բաժնում եւ լրացրի երաժշտութեան փիլիսոփայական պատմական դասընթացը։ Ուսուցչապետներս էին F. Bellermann, O. Fleischer եւ G. Friedlander:
1899 թուին՝ Սեպտեմբերին վերադարձայ Սուրբ Էջմիածին։
Դեռ Գէորգեան Ճեմարանի Զ. դասարանի աշակերտ էի, երբ Մակար Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրով մտայ Ս․ Էջմիածնայ միաբանութեան շարքը: 1890 թուին՝ յունիսի 8–ին, ձեռնադրուեցայ աւագ սարկաւագ: 1893 թուին՝ սեպտեմբերի 11–ին, Մկրտիչ Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրով ձեռնադրուեցայ աբեղայ։ 1895 թուին՝ փետրուարի 26–ին, ձեռնադրուեցայ վարդապետ։ Արտասահմանում ևս վարդապետ ուսանող էի:
Ճեմարան մտած օրից երգիչ եւ Մայր Աթոռի աչքի ընկնող ձայնեղ մանուկներից մէկն էի։ Երբ Գէորգ Դ․ կաթողիկոսն իջնում էր վեհարանից Մայր Տաճար, ես եւ իմ մի ձայնեղ ընկերս կանգնում էինք նորա Աթոռի մոտ և այնպէս երգում միայնակները։ Մեր երգելու ժամանակ ծերունի Հայրապետի արցունքները գլորւում էին եւ թաւալվելով խիտ ու ճերմակ մորուսի վրայով՝ թագնւում էին փիլոնի ծալքերի մեջ։
Մակար Ա․–ի օրով արդէն գլխաւոր դասապետ էի Մայր Աթոռում Դ. դասարանիցն սկսած։ Մրտիչ Ա․–ի օրով 1893–ի սեպտեմբերի սկզբին նշանակուեցի Ճեմարանի երաժշտութեան ուսուցիչ։ Դաս էի տալիս հայ եկեղեցական երաժշտութիւնը հայ նորագույն եւ եւրոպական ձայնանիշերով մինչեւ արտասահման գնալս: Երաժշտանոցն ու համալսարանն աւարտելուցս յետոյ 1899–ի սեպտեմբերին վերսկսեցի Ճեմարանի դասերս, նշանակուեցայ Մայր Աթոռի երաժշտապետ եւ վարում եմ Մայր Տաճարի բազմաձայն խումբը։ Առաջին համերգը միացած էր Բերլինի Բ. դասախոսութեան հետ։
Եւրոպայում մեծ համերգ տեղի ունեցաւ Փարիզում, Փարիզի Հայկական Միութեան ձեռներեցութեամբ, 1905–ի դեկտեմբերի 1–ին։ Այս համերգով նպատակ ունեի ծանոթացնել Ֆրանսայի երաժիշտ աշխարհին հայ ժողովրդի եկեղեցական և ժողովրդական ստեղծագործությունները: Այս համերգի մասին խոսեցին գրեթէ բոլոր երաժշտական հրատարակութիւնները, իսկ մանրամասնաբար Le Mercure Musical 2e An- nee No. 23–24, 15 Decembre, P. 422–424:
Փարիզի համերգից յետոյ հրաւէր ստացայ Զուիցերիայի Հայ ուսանողութիւններից՝ համերգներ տալու համար հետեւեալ քաղաքներում՝ Ցիւրիխ, Լօզան եւ Ժընեւ, Կովկասում համերգներ եմ տուել Ս. Էջմիածին, Երեւան, Տփխիս եւ Բագու: Անդրանիկ դասախօսութիւնն արել եմ «Հայ ժողովրդական եւ եկեղեցական երաժըշտութեան» մասին աւարտելուցս անմիջապէս յետոյ Բերլինի «Միջազգային Երաժշտական ընկերութեան» համար 1899 թուին՝ մայիսի 10–ին։ Այս ընկերութեան հիմնադիր ժողովի անդամներից մէկն էլ ես էի: Նույն դասախօսութիւնն ընկերութեան խնդիրքով երկրորդեացի 1899–ի յունիսի 14–ին, աւելի բազմամարդ երաժիշտ հասարակութեան առջեւ նոյն քաղաքում՝ Շարվենքայի երաժշտանոցի սրահում։ Այս դասախօսութեան մասին գրուեցաւ թերթերի մէջ հիացմունքով եւ «Միջազգային Երաժշտական Ընկերութեան» ամսագրի մէջ (Zeitschrift der Internationalen Musik–Ge- sellschaft, Jahrgang I., Heft 1–2, Oktober–November 1899, Seite 46–47):
Երրորդ դասախօսութեան հրաւէրն ստացայ, նոյն նիւթի մասին, Փարիզի համերգից յետոյ, Ecole des Hautes Etudes–ի վարչութիւնից եւ կարդացի՝ մի փոքրիկ համերգ կցելով, 1907 յունուարի 13–ին: Միւս դասախօսութիւնները նոյն նիւթի մասին արել եմ Սուրբ Էջմիածնոյ Գէորգեան Ճեմարանում, Իգտիր գիւղում, Տփխիս, Բագու, Փարիզ, Բերն, Լօզան, Ժընեւ, Վենետիկ քաղաքներում հայերէն լեզուով հայ հասարակության համար։