Վիեննայի «Բելվեդեր» թանգարանում է պահվում ու ցուցադրվում համաշխարհային գեղանկարչության ամենից նշանավոր ու առինքնող ստեղծագործություններից մեկը՝ Գուստավ Կլիմտի «Համբույր»
կտավը։ Այն ավստրիական մոդեռնիզմի լավագույն դրսևորումն է, որը վաղուց արդեն դարձել է արվեստի նոր ձևերի, մեծ վարպետության ու հավերժական զգացմունքների կատարյալ արտահայտության խորհրդանիշ։
Կլիմտի «Ոսկե դարաշրջանը»
Կտավը ստեղծվել է 1907–1908 թթ․ Կլիմտի արվեստի «Ոսկե դարաշրջան»-ում։ Ստեղծագործական մի շրջան, որը համարվում է նկարչի ստեղծագործական հասունացման բարձրակետը։ Այս շրջանում է, որ Կլիմտը իր նկարներում լայնորեն սկսում է օգտագործել ոսկի և բյուզանդական խճանկարների համար բնութագրական դեկորատիվ շերտեր։ Ոսկու օգտագործումը այս և մի շարք այլ կտավներում ներշնչված է Ռավեննայի Սան Վիտալե տաճարի բյուզանդական խճանկարներից։ Սակայն ոսկին այստեղ նրբորեն համադրված է Կլիմտին բնորոշ մուգ ու վառ գույների, զաղկազարդերի ու երկրաչափական մարմինների հետ։
Քառակուսին և շրջանները
Թվում է, թե կտավը ուղղանկյուն պետք է լինի, քանի որ ուղղահայաց ձգվածություն ունեն կերպարները, սակայն իրականում այն քառակուսի է։ Կնոջ և տղամարդու ֆիգուրները՝ բռնված սիրով ու կրքով, վերցված են ոսկե շրջանակի մեջ, ինչպես սրբանկարներում ներկայացվում են սրբերը, և կարծես կտրված են պղնձագույն ֆոնից՝ իրականությունից։ Տղամարդու կերպարի քառակուսի, ուղղանկյուն ընդգծված դեկորատիվ նախշերը հակադրվում են կնոջ նուրբ, շրջանաձև ծաղկային զարդանախշերին՝ ընդգծելով սեռերի տարբերությունը և նրանց ներդաշնակ միավորումը համբույրի մեջ։
Սերը, ոսկին ու հավերժական համբույրը
Ենթադրաբար նկարչի սիրելիներից մեկին՝ Էմիլիա Ֆլյոգեին պատկերող կտավը, չի կարելի համարել սոսկ սիրո ու համբույրի պատկեր։ Բյուզանդական սրբապատկերներ հիշեղնող տեխնիկան, կերպարների պատկերավորման մոդեռնիստական եղանակը, ոսկին ու զարդերի ներդաշնակ երկրաչափությունը, ստեղծել են կատարյալ ու անչափ տպավորիչ պատկեր, որը հիացնում է յուրաքանչյուր դիտողի։ Այն վաղուց արդեն դարձել է Վիեննայի խորհրդանիշերից մեկը։ Մի պահի՝ համբույրի մեջ քարացած կերպարները, շարժվում են կարծես, ձգվում վեր՝ ազատության ոլորտներ, որ սերն ու հիացումն են պարգևում։ Կերպարները անընդհատական շարժման ու այլակերպումների մեջ են և դիտման ամեն պահի մեջ նոր գույներով ու ձևերով են պարուրվում, ծաղկում ու շնչում յուրաքանչյուր հպումից։ Համբույրը կենդանանում է ու շարունակվում հավերժ․․․