• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ջոտտո․ երեք Չարենց

Ջոտտո․ երեք Չարենց

20-րդ դարի հայ նշանավոր նկարիչ Ջոտտոն (Գևորգ Գրիգորյան, 1897-1976) Եղիշե Չարենցի տարեկիցն ու սերնդակիցն էր։ Սակայն միայն տարեկից լինելը չէ,  որ կապում է բանաստեղծին ու նկարչին։ Թիֆլիսում՝ Ջոտտոյի  ծննդավայրում գործող Հայարտանը՝ հայ արվեստի կենտրոնում, ըստ վկայությունների,  Չարենցն ու Ջոտտոն հանդիպել են։ Թերևս հանդիպումներ են եղել նաև հետագայում՝ 1921-1923 թթ․, երբ նկարիչը սովորում էր Մոսկվայում՝ Բարձրագույն գեղարվեստական արվեստանոցում, իսկ նոր ամուսնացած Չարենցը այդ ժամանակ  կնոջ հետ նույնպես  Մոսկվայում էր, և սովորում էր  Արևելքի աշխատավորների համալսարանում։
Ավելին, ըստ տարածված պատմության Գևորգ Գրիգորյանին Ջոտտո կամ Ջիոտտո է անվանել հենց Եղիշե Չարենցն՝ ի պատիվ իտալացի նշանավոր նկարիչ ու քանդակագործ՝ Ջոտտո դի Բոնդոնեի։ Նկարչի ու բանաստեղծի տեսանալի ու անտես կապերի ամենից մեծ վկայությունները, սակայն,  Ջոտտոյի՝ Եղիշե Չարենցին պատկերող երեք նկարներն են։

     

Այս նկարները զարմանալի ձևով արտացոլում են Չարենցի կյանքի տարբեր փուլերն ու հոգեվիճակները, միաժամանակ ներկայացնում ժամանակն ու հենց նկարչին։ Առաջին՝  1926 թվականին ստեղծված կտավում, թեև ընդհանուր տաք ու լուսավոր գույներ են, սակայն սա այն թվականն է, երբ Չարենցը բանտարկվում է։ Նուրբ, նույնիսկ կանացի գեղեցիկ դիմագծերով ստեղծված կերպարը կասկածով է նայում դիտողին, կարծես մարտի հրավիրում։  Ետին պլանում գծագրվում է ճանապարհ ու կնոջ պատկեր։ Դժվար է ասել արդյո՞ք նկարիչը ակնարկում է բանաստեղծի բանտարկման պատճառ դարձած արկածը՝ Մարիաննա Այվազյանի հետ, թե մեկ այլ բան, սակայն, այս նկարում տեսնում ենք այդ շրջանի ակտիվ, բռնկուն, պայքարող, հասարակությանն ու գրականությանը մարտահրավեր նետող Չարենցին։Նաև` եվրոպական շրջագայությունից նոր վերադարձած բանաստեղծին՝ իր արտաքին նշաններով բոլորովին տարբեր ետին պլանում պատկերվող իրականությունից։  Այս Չարենցին՝ խաղացկուն ու միաժամանակ իմաստուն, լավագույնս բնութագրում է նույն շրջանում գրված՝ Ռուբայաթներ շարքի այս բանաստեղծությունը․

 

Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես.
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն

ընդունում ես —

Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է

անհատնում այս տունը —

Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ մշտապես

խնդո՛ւն է։

Երկրորդ կտավը ստեղծվել է ողբերգական ու ճակատագրական 1937 թվականին։ Կերպարն այստեղ խոհուն է, հանդարտ, եվրոպական ազնվականի նկարագրով։ Այս Չարենցն ավելի ճարտարապետի է նման, քան բանաստեղծի, ինչն էլ ավելի է շեշտվում ետևում վեր բարձրացող կառույցների ուրվագծերում։ Թերևս մենք տեսնում ենք նոր կյանքի գաղափարական ճարտարապետ Չարենցին։ Այն Չարենցին, որը ստեղծել է Գիրք ճանապարհին։ Նկարի տրամադրություններին համահունչ է հատկապես բանաստեղծի վերջին գրքի այս բանաստեղծությունը․

 

ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՂԱՔ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻՆ

 

Ո՜վ դուք, որ գալու եք վաղը կառուցելու այստեղ,

Այս անապատում ամայի բազմաժխոր քաղաք․—

Ահավասիկ գրում է ձեզ համար մի անհայտ

բանաստեղծ

Յոթը խորհուրդ, որ շինեք ձեր կառուցման շաղախ։

Առաջինը. — ո՛ւր էլ որ կամենաք, թեկուզ

անապատում ,

Շինել ձեր նոր քաղաքը — չմոռանա՛ք երբեք,

Որ այդտեղ, այդ անապատ՛ւմ անգամ, ավազներում

նրա անհատնում

Երբեմն կանգնել են ու խորտակվել բազմաթիվ

քաղաքներ ու բերդեր։

Քանզի, — և չմոռանա՛ք դուք այս, ո՜վ ապագայի

որմնադիրնե՛ր,—

Աշխարհի մեկ ծայրից մինչև մյուսը, արեգակի

ներքո՝

Չկա և ո՛չ մի թիզ հող, որ բազմիցս անգամ մեր

նախնիները

Չլինեն հերկած ու կործանած իրենց ստեղծարար

ձեռքով։

Ուրեմն, ո՜վ առաջնորդնե՛ր, սկսեցե՛ք փորել

Ձեր ցանկացած վայրում երեք թիզ հող —

Մինչև հանդիպի ձեր քլունգը մի դագաղի քարե

Եվ դուք հանեք այն խավարից՝ ձեր ձեռքերով

կերտող

Բայց հողի խորշերից այն հանելուց առաջ

Բարձրացրե՛ք նախ դուք քարե կափարիչը

Եվ տքնեցեք գտնել, թե հանգչելուց առաջ

Ի՛նչ ուղղությամբ են նրա կոպերն իջել։

Եվ ապա այդ նո՛ւյն ուղղությամր չափեք հարյուր

կանգուն

Եվ հիմնեցե՛ք այդտեղ քաղաքի աշտարակը,

Եվ գամեցե՛ք ապա աշտարակի գլխին

Ձեր ժամացույցը կարմիր,

Որ նրա զարկերին ունկնդիր՝

Սերունդները նշեն գալիքում

Իրենց աշխատանքի և խոնջենքի ժամը։—

Եվ բարձրացե՛ք ապա այդ աշտարակի կատարը

Եվ նայեցե՛ք դուք նախ դեպի հարավ,

Ապա դեպի հյուսիս, և՛ արևմուտք, և՛ արևելք,

Որ որոշեք սահմանը քաղաքի ու նրա

Պարիսպների խոյանքը դեպի վերև։

Եվ յոթերորդ խորհուրդը, որ տալիս եմ ես ձեզ.—

Կառուցելուց առաջ ձեր քաղաքը՝

Այրեցե՛ք մագաղաթյա մարմինը ննջեցյալի

Եվ մոխիրը նրա հազարամյա

Խառնեցե՛ք ձեր ապագա պարիսպների քարին։—

Եվ դագաղը նրա մարմարիոնյա,

Որպեսզի տարածվի համբավն ամենուրեք —

Ապագայի բոլո՛ր եկվորներին ի տես՝

Քաղաքի ոսկեքանդակ դռների մոտ դրեք։—

Քանզի մեռյալների մոխի՛րն է ամենապինդ կիրը,

Ամենապինդ շաղախը և առհավատչյան

Եվ նրանո՛վ է դառնում երկիրը — երկիր,

Եվ ժողովուրդը — ժողովուրդ, և գալիքը — գալիք՝

անհողդողդ ու անճառ․․․

 

 

Երրորդ նկարը կոմպոզիացիայով նման է առաջինին․ Չարենցը այստեղ կրկին մենակ չէ, այս անգամ Կոմիտասի հետ, աջ կողմում թեք՝ ճանապարհ հիշեցնող գծեր կան, որոնք նման են առաջին նկարի ճանապարհին։ Այս նկարը  ստեղծվել է Կոմիտասի՝  Հայաստանում հողին հանձնելուց շուրջ չորս տասնամյակ անց՝ 1974 թվականին, և ներկայացնում է բանաստեղծի ու երգահանի առաջին ու վերջին հանդիպումը․

«Կոմիտասի դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու։ Այնտեղ էին Կոմիտասի ընկերները․․Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր։ Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ։ Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը», -հիշում է Ռուբեն Զարյանը

 Այս օրերին էլ Եղիշե Չարենցը  գրում  Կոմիտասի հիշատակին նվիրված պոեմը՝ Requiem aeternam («Հավերժական հանգիստ»)․

 

Ա.
Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք:-
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք:-
Եվ հանճարի հեռակա
Հուրն է հանգչում ճակատիդ,
Ինչպես մարող ճառագայթ
Արարատի գագաթին: -

Բ.
Հայրենի ե´րգն ես դու մեր
Հալածական , ինչպես ամպ,
Որ քամիներն են ցրել
Եվ տարիներն ապստամբ:-
Ժողովրդի հանճարեղ
Սրտով երկնած ձայն ու շունչ,
Որ բարբառել ես դարեր
Օտարության մշուշում:

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

 

Art 365

24.11.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.