• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպես մոնղոլները երկրպագության եկան Քրիստոսին

Ինչպես մոնղոլները երկրպագության եկան Քրիստոսին

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի գրադարանում է պահվում հայ և համաշխարհային մանրանկարչության մեջ Սուրբ Ծննդի և Մոգերի երկրպագության թեմայի ամենից ինքնատիպ դրսևորումներից մեկը՝ Թորոս Ռոսլինի (1210 - 1270 թթ.) «Ծնունդ» մանրանկարը: Այն ընդգրկված է մեծ մանրանկարչի 1260 թվականին Հռոմկլայում Կոստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի հրամանով ընդօրինակած Ավետարանում: 
Մանրանկարը պահպանելով հանդերձ Սուրբ Ծննդի տեսարանի ավետարանական դիպաշարն ու հիմնական մոտիվները, դրանց հայկական արվեստում պատկերման առանձնահատկությունները` բացառիկ նորություններ է բերում:

Մանրանկարի կենտրոնում քարանձավի առջև շքեղ գահավորակին նստած Տիրամայրն է՝ Քրիստոս գրկին: Մարիամից ձախ Հովսեփն է, իսկ վերևում՝ Փրկչի ծնունդը ողջունող հովիվները: Աջ կողմում երեք մոգերն են և ևս հինգ կերպարներ: Նկարի ստորին հատվածում պատկերված է մեկ այլ ավանդական դրվագ՝ մանուկ Քրիստոսին կոնքի մեջ լողացումը: Ուշագրավ է, որ այստեղ պատկերված է նաև Ծննդյան ավետարանական դրվագը ներկայացնող Մատթեոս Ավետարանիչը: Այսինքն մեկ պատկերում մանրանկարիչը միավորել է և պատմությունը շարադրողին և հենց բուն պատումը: 

Ըստ արվեստաբանների, այս մանրանկարը բացառիկ է նրանով, որ կարծես միավորում Սուրբ Ծնունդ և Մոգերի երկրպագությունը պատկերները, քանի որ Ծննդյան պատկերաշարում Մարիամը երբեք գահին նստած չի ներկայացվում: Նույն կերպ յուրահատուկ է նաև հովիվների ձախ կողմից պատկերումը, որն ըստ արվեստաբան Լ. Չուգասզյանի այդ ձևով հանդիպում է միայն Վերոնայի տաճարի (1139 թ.)ճակատամասի քանդակում:    

Սակայն էլ ավելի ուշագրավ է  մոգերի պատկերագրությունը: Այն ըստ Լ. Խաչիկյանի, արտացոլում է Թորոս Ռոսլինի ապրած ժամանակների հասարակական-քաղաքական տրամադրությունները: Այստեղ Արևելքից նորածին Փրկչին երկրպագության եկած երեք մոգերի կամ արքաների կողքին պատկերված են նաև հինգ մոնղոլներ: Պատկերն ուղեկցվում է գրությամբ՝ «Թաթարն եկաւ այսաւր» (թաթարն եկավ այսօր):

Սակայն ի՞նչ կապ ունեն մոնղոլ-թաթարները նորկտակարանյան մոգերի հետ: Բանն այն է, որ երբ 13-րդ դարում մոնղոլները արշավեցին  Արևմուտք, դա հայերի կողմից  դիտվեց, որպես փրկություն մահմեդականներից: Ըստ այդմ էլ՝ կիլիկյան իշխանությունները հավատում էին, որ մոնղոլները քրիստոնեություն կընդունեն և նրանց օգնությամբ կփրկվի ոչ միայն Կիլիկիայի հայոց թագավորությունը, այլև քրիստոնյա Արևմուտքն ընդհանրապես: Եվ այս մտայնությամբ ու ծրագրով էր նաև Կիլիկյան հայոց Հեթում թագավորը հանդիպում մոնղոլների Մանգու խանի հետ: Մոնղոլների մասին պատմող Կիրակոս Գանձակեցի պատմիչը նույնպես այդպես է ներկայացնում ժամանկաշրջանի տրամադրությունները: Եվ այս մտայնությամբ էլ ըստ Լ.Խաչիկյանի թաթար-մոնղոլները դասվում են  Քրիստոսին երկրպագության եկած մոգերի շարքին: 

 Սրանով մեր մանրանկարիչը, խախտելով սուրբ գրքի պատկերագրության ավանդական ձևերը, քաղաքական երանգ է տվել կաթողիկոսի պատվերով նկարազարդվող փառաշուք այդ ավետարանին: Մոնղոլներին դասելով Քրիստոսի ավետարանով սրբագործված ժողովուրդնների շարքը, նա ընդառաջել է նոր այդ աշխարհակալների հետ համագործակցության և բարեկամության դաշինք կնքած Կիլիկյան հայկական թագավորության իշխող շերտերի նկրտումներին, -գրում է Լ.Խաչիկյանը:

Աղբյուրներ՝  Լ.Խաչիկյան, Արտազի հայկական իշխանություններն ու Ծործորի դպրոցը, Բանբեր Մատենադարանի, 1973:

Լ.Չուգասզյան, «Ծննդյան» թեման Թորոս Ռոսլինի արվեստում, Բանբեր Մատենադարանի, 1986:

Art 365

04.01.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.