• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպե՞ս Այգեկցու առակների հերոսները հայտնվեցին «Արարատի» գինու մառանների պատին

Ինչպե՞ս Այգեկցու առակների հերոսները հայտնվեցին «Արարատի» գինու մառանների պատին

 «...քառորդ դար ընդմիջումից հետո, շարունակում եմ աշխատել «Արարատ» տրեստի մառանների կառուցապատման շարունակության նախագծի վրա: Սա մի անհատնում խոսք է, մի բազմավեպ, որի գործող անձինք անընդհատ փոխվում են, ավելանում, որպեսզի շարունակեն նախորդների արածը, մեծացնեն ու հարստացնեն հայոց գինու հրաշալի ամբարները: Եվ ահա, այդ գործարանը, հետզհետե զարգանալով, պիտի մոտենա իր հիմնական կերպարին, Հրազդանի ժայռապատ ձորի գլխինվեր խոյանա որպես մի հուժկու ժայռակոփ բերդ»,-գրում է Ռաֆայել Իսրայելյանը 1970-ականներին:

Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, այն ժամանակ «Արարատ» տրեստի, այսօր համանուն գինու, օղու  ու կոնյակի գործարանի մառանների նախագծման աշխատանքները սկսում է 1937 թվականին: Այս մոնումենտալ կառույցի նախագծումը դառնում է Ռ. Իսրայելյանի առաջին մեծ աշխատանքը: Հենց այս առաջին խոշոր  աշխատանքում երևում է  մեծ ճարտարապետի՝ կառույցի ֆունկցիոնալ-տեխնոլոգիական պահանջներ, քաղաքաշինական նշանակությունն ու գեղագիտությունը համադրելու տաղանդը: Խորհրդային շրջանի արտադրական շատ շենքերի պատերին կարելի էր դեկորատիվ տարրեր գտնել, որոնք հաճախ կապ չունեին նրա ֆունկցիոնալության հետ, սակայն այս դեպքում այլ էր:

Անհրաժեշտ էր մառանների խուլ պատն այնպես հարդարել, որ դետալները արտահայտեին կապը այդ վայրի անցյալի՝ Երևանի բերդի, հարակից Հրազդանի ձորի, նաև հենց կառույցի ներկա նշանակության ու բովանդակության հետ: 

Հենց այս տեսանկյունից ուշագրավ է, որ Ռ.Իսրայելյանը բացի բուն ճարտարապետական կարևոր լուծումները, դեկորատիվ հարդարման մեջ օգտագործում է գրական-բանահյուսական աղբյուրներից ծանոթ կերպարներ ներկայացնող քանդակներ:

Ընդհանրապես մեծ ճարտարապետը շատ լավ գիտեր ու սիրում էր գրականությունն ու բանահյուսությունը, նա նույնիսկ ակնարկներ է հեղինակել նվիրված ժողովրդական հեքիաթների, առած-ասացվածքների հրատարակություններին:

Եվ պատահական չէր, որ  մառանների պատի հարթաքանդակները պատկերում են Վարդան Այգեկցու առակների Հակոբ Կոջոյանի նկարազարդումները: 

Սակայն ինչպե՞ս և ինչո՞ւ հատկապես ընտրվեցին այդ պատկերները:

1934 թ. Պետհրատը լույս է ընծայում Վարդան Այգեկցու առակների  Ակսել Բակունցի կազմած ժողովածուն, որի  նկարազարդումները իրականացրել էր Հակոբ Կոջոյանը:

 

Մ.Մազմանյան, Հ.Կոջոյան, Ռ.Իսրայելյան

 

Ամենայն հավանականությամբ այս տպավորիչ գիրքը, նաև Հակոբ Կոջոյանի հետ մտերմությունն ու  նրա խորհուրդները պատճառ դարձան, որ  կոջոյանական պատկերները հարթաքանդակների ձևով հայտնվեն գինու գործարանի մառանների պատերին: Այսպիսին է օրինակ այս նրբագեղ եղնիկը:

Ուշագրավ է, որ պատի երկու  կամարների արանքում տեղավորված  կոջոյանական  եղնիկի քանդակի տակ կա նաև արձանագրություն.«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ ԱՅՍ ԵՂՆԻԿԸ ՔԱՆԴԱԿԵՑԻՆՔ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ»:

Կամարներից մեկի ներքևի ձախ անկյունում քանդակված է Վարդան  Այգեկցու «Աղվեսագրքի» գլխավոր հերոսների մեկը՝ աղվեսը, որի քիթն ինչպես վկայում է ժողովրդական առածը խաղողին չի հասնում:

Շենքի կենտրոնական  մուտքի վերևում արդեն կարող ենք տեսնել  Վարդան Այգեկցու «Գինի» առակի այրու որդուն, որին մայրը՝  անտեսելով գինի խմելու թագավորական  արգելքը,  ամեն օր մի թաս գինի էր տալիս և մի գիշեր հենց այդ տղան էլ սպանում է առյուծին:

 

Այսինքն՝ ամեն ինչ գեղեցիկ ու օգտակար է ճիշտ չափի ու կիրառության ճիշտ ժամանակի  մեջ:

Լուսանկարների աղբյուրը՝  www.risrayelyan.com

Art 365

17.09.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.