• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպես Ավետիք Իսահակյանը  Արագածի գագաթ  բարձրացավ

Ինչպես Ավետիք Իսահակյանը Արագածի գագաթ բարձրացավ

Ավետիք Իսահակյանի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Արագածին»-ը՝ «Ալագյազի մանիներ» շարքի բանաստեղծություններից է, որը, սա­կայն, հաճախ  ներկայացվում է որպես առանձին գործ։ Սիրելի լեռան պատկերը կամ խորհրդանիշը այստեղ, նաև Իսահակյանի հետագա շրջանի ստեղծագործության մեջ առանց­քային նշանակություն ունի։ Այն ամփոփում է բանաստեղծի մանկական  հուշերը, հայրենիքի կարոտն ու սերը, դառնում կյանքի անցողիկության  ու տիեզերքի հավերժականության, մարդու միայնության ու ուժի, կա­տարելության ձգտումների փիլիսոփայական ու գեղարվեստական ընդ­հանրացումը։ 

 

Արագածին

 

Դու, Արագա´ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ` բյուրեղ վրան
Թափառական ամպերի:


Սեգ ժայռերդ` արծվի բույն,
Լճակներդ` լույս–փերուզ,
Առուներդ` մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս:

 

Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ` գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ:

 

Թիթեռներդ` հուր–հրեղեն
Թռչող, ճախրող ծաղիկներ.
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն–ծվիկներ:

 

Ծիրանավառ դո´ւն թագուհի,
Բուրումների դո´ւն աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր:

 

Ավետիք Իսահակյանը ոչ միայն ներքևից հիացել է Արագածի գեղեցկությամբ, այլև 1904 թվականի օգոստոսին բարձրացել նրա գագաթը։ Վերելքի դժվարությունների, իր ստացած անմոռանալի տպավորությունների ու խոհերի  մասին Վարպետը գրում է Եվգինե Թիթրյանին ուղղված` օգոստոսի 15-ի  նամակում․ 

«Բարձրացանք Արագածի հավիտենական ձյունափառ լեռնագագա­թը և իջանք նորից դաշտը — ժողովրդի մեջ, հազարավորների մեջ, ուր  մարդը չնչին է ու բանա՜լ, իսկ այն ալմաստե բարձունքում մարդը մե­նակ էր, հզոր, աոանձին, արքայական...

Սրանից մի 12 օր առաջ հինգ ընկերներով Աղեքսանդրապոլից առավոտյան՝ նստած լավ ձիերի վերա՝  ճանապարհ ընկանք դեպի սարը, երեկոյան հասանք լեռնալանջում մի գյուղի և գիշերեցինք մի ընկեր–գյուղացու մոտ. մյուս օրը այդ գյուղացու 
և ուրիշների հետ ճանապարհ ընկանք, ձիով և ոտքով, շա՜տ դժվար էր ճանապարհը՝ սար ու ձոր, քար ու ժայռ, բայց չափազանց գեղեցիկ էր. լեռնագագաթից փչում էր քաղցր քամին, առվակների ու աղբյուրների քչքչոցը, թռչունների ձայնը, կապույտ երկինքը և նկարչական պեյզաժ­ ներ, լճեր, բա՜րձր, մո՜ւթ ժայռեր... Ահա ճանապարհը... Երգելով, ձիերը  քշելով (հարմար տեղերում), լճերի մեջ լողանալով գնում էինք, երեկո­յան հասանք լեռան գագաթի անմիջապես տակը, ուր ձիով չի կարելի մի քայլ անել նույնիսկ. պետք է ասել, որ Արագածը, չնայելով որ Արարա­տից–Մասիսից ցածր է (Արարատը 5 վերստ բարձրություն, իսկ Արագա­ծը՝ 3 և կես վերստ), բայց նրանից ավելի լայնանիստ տարածված, ահա­գին լանջերով, փեշերով... 
Երեկոյան գիշերեցինք քուրդ հովիվների վրանում, և առավոտյան կանուխ, ոտքով, սկսեցինք բարձրանալ գագաթը... Սարսափելի դժվար էր՝ ձյո՛ւն ու քար, քար ու մեծ ժայռեր, թեք. շնչասպառ էինք լինում, բայց քանի բարձրանում էինք, տեսարանները ավելի վսեմանում էին, հորի­զոնները ընդարձակվում. երկիրը ավելի ցածրանում, շրջակա սարերը 
մանրանում, և հեռվից մեծ սարեր երևում... Ահա՛ և գագաթը, բա՛րձր, սո՛ւր, ազա՜տ, վե՛հ և միստիկական–փիլիսոփայական... Կեսօրին լեռան գլխումն. էինք, հրացանի որոտմունքով ողջունեցինք մեր վերելքը. ար­ծիվները շփոթված պտույտ գործեցին մեր գլխավերևը, միայն երկինքը և արևը մնացին լո՛ւռ, անտարբե՛ր և ազա՛տ... Փչում էր ազա՜տ քամին այդ բարձունքում և գնում դեպի Հիմալայ կամ ավելի հեռու՝ գալով ավելի հեռո՜ւ տեղերից... 
Ես հեռացա մի ժայռի վերա և դիտում եմ շուրջս, դիտակով նայում եմ... Ահա՛ հեռվում Կովկասյան լեռնաշղթան, Էլբրուս, Կազբեկ. ահա՛ Սև ծովը՝ մշուշի նման, ահա՛ անթիվ մանր սարեր, ձորեր, գետեր, լճեր, ահա՛ Արարատը, ահա Տաճկա–Հայաստանի լեռները... և շա՜տ, շա՜տ հրա­շալիքներ... Նայում ես, նայում ես և չես հագենում... Սկսում ես ընկնել 
մտածմունքների մեջ... Մտքերի ծով, մտքերի լեռնագագաթներ... Ի՞նչ է մարդը, ի՞նչ է նրա հոգին, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է մեռնում, որքան լավ է ապրել, ու բարձունքում երազել և հավերժ մտածել... Բայց մահ կա, բայց մարդը այս չնչին ավազից, որ այս ժայռի վերա է, ավելի կարճ կյանք ունի, այս ձյունից ավելի շո՜ւտ է հալչում... Եվ տխրում ես. հիշում ես սի­րած մարդկանց, ահա՛ ընկերներդ՝ մեռած, սպանված, բանտում՝ երևում են աչքիդ ու գնում, ահա մայրդ, սիրածդ աղջիկը՝ գնացին... և դու մնում ես լեռան գլխին մենակ, լեռան պես բարձր, մենակ և փայլուն...
 Մի րոպե սիրտդ թռչում է արծվի պես, և ուխտում ես՝ լինել մի՛շտ ազատ, բա՛րձր, հզո՛ր, սո՛ւրբ, մենակ և քաջ. ձգտել կատարելության, իդեալի և մեռնել ադամանդյա բարձունքում, երկնքին մոտ։ Աստծու ձեռ­քերի վերա...»:

Art 365

01.09.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.