Թերևս կարող է տարօրինակ թվալ, բայց ֆիզիկայի օրենքները, տարբեր հայտնագործություններ, նպաստել են արվեստի, ի մասնավորի գեղանկարչության զարգացմանը։ Մինչև 19-րդ դարը նկարիչները խնամքով խառնում էին գույները՝ ստանալով անհրաժեշտ երանգը, և միայն դրանից հետո այն փոխանցում կտավին։ Սակայն իմպրեսիոնիզմի ծագումն ու զարգացումը համընկավ և սնվեց օպտիկայի զարգացումից։ Դեռևս 18-րդ դարում Իսահակ Նյուտոնի՝ բացահայտումը, որ սպիտակ լույսը բաղկացած է սպեկտրի տարբեր գույներից, նոր շունչ ստացավ ֆրանսիացի քիմիկոս Միշել Էժեն Շևրյուլի և գերմանացի ֆիզիկոս Հերման Հելմհոլցի աշխատություններում։

Շևրյուլի օրենքը և «հարևան գույների» ազդեցությունը
Շևրյուլը զբաղվում էր գույների փոխազդեցությամբ և 1839 թվականին հրատարակեց իր հայտնի աշխատությունը՝ De la loi du contraste simultané des couleurs՝ «Գույների միաժամանակյա հակադրության օրենքի մասին»։ Նրա ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ գույնը մարդու աչքը կարող է տարբեր կերպ ընկալել՝ կախված այն գույնից, որի կողքին այն գտնվում է։ Օրինակ՝ նույն մոխրագույնը սպիտակ ֆոնի վրա կարող է այլ կերպ ընկալվել, քան սևի կամ վառ կարմիրի կողքին։ Սա նշանակում էր, որ նկարչի ներկապնակի յուրաքանչյուր գույն «ապրում է» ոչ թե միայնակ, այլ հարևան գույների հետ հարաբերության մեջ։ Իմպրեսիոնիստների կտավներում օպտիկայի այդ առանձնահատկությունը դարձավ ստեղծագործական սկզբունք։
Գույների փոխազդեցությունը մեր մտապատկերում
Ըստ այդմ էլ՝ այս հայտնագործությունը հնարավորություն տվեց ներկապնակը տեղափոխել մարդու մտապատկեր։ Իմպրեսիոնիստները որոշեցին ներկերը չխառնել։ Նրանք մաքուր, չխառնված գույներն ուղղակի քսում էին կտավին, մնացածը թողնելով դիտողին։ Երբ մենք դիտում ենք Մոնեի Տպավորություն․ ծագող արև կտավը, տեսնում եք ընդամենը նարնջագույն, կապույտ ու մոխրագույն կետեր ու գծեր։ Սակայն մի փոքր ավելի հեռվից դիտելիս տեղի է ունենում հրաշքը՝ օպտիկական խառնումը։ Ի՞նչ է տեղի ունենում․ ֆիզիկայի օրենքների համաձայն՝ լուսային ալիքները, անդրադառնալով կտավի տարբեր կետերից, խառնվում են ոչ թե ներկապնակի, այլ դիտողի աչքի ցանցաթաղանթի վրա։ Արդյունքում ծնվում է լույսի թրթռոցի, մշուշի ու ջրի շարժման այնպիսի կենդանի տպավորություն, որին հնարավոր չէր հասնել ավանդական ակադեմիական նկարչության մեջ։

Կլոդ Մոնեն՝ ֆիզիկոս
Կլոդ Մոնեին կարելի է անվանել փորձարար-ֆիզիկոս։ Նրա հայտնի «Դեզերը» կամ «Ռուանի տաճարը» կտավները ոչ այլ ինչ են, քան լույսի ինտենսիվության և ալիքի երկարության հետազոտություն։ Նա նույն օբյեկտը նկարում էր օրվա տարբեր ժամերին՝ արևածագին, կեսօրին, մառախլապատ երեկոյան։ Մոնեն հասկացել էր այն, ինչ ֆիզիկան ապացուցում էր բանաձևերով. առարկան չունի հաստատուն գույն։ Օբյեկտի գույնը կախված է նրանից, թե տվյալ պահին մթնոլորտային ինչ շերտով է անցնում լույսը և ինչպես է այն բեկվում։

Իմպրեսիոնիստները հրաժարվեցին նաև սև գույնով ստվերներ նկարելուց, քանի որ բնության մեջ սև ստվեր գոյություն չունի. ստվերները միշտ երանգավորված են (կապտավուն, մանուշակագույն)՝ շրջակա միջավայրի լույսի անդրադարձման պատճառով։ Այսպիսով, իմպրեսիոնիզմը ոչ թե պարզապես զգացմունքային արվեստ էր, այլ գիտականորեն հիմնավորված հեղափոխություն, որը մարդկությանը սովորեցրեց տեսնել աշխարհն այնպես, ինչպես այն կառուցված է ֆիզիկայի օրենքներով։

Փոքրիկ վրձնահարվածների արվեստը
Եթե ավանդական ակադեմիական գեղանկարչությունը ձգտում էր մակերեսը դարձնել միասնական, հարթ և ավարտուն, և վրձնահարվածը պետք է հնարավորինս աննկատ լիներ, ապա իմպրեսիոնիստները անում էին հակառակը։
Նրանց վրձնահարվածները դարձան կարճ, արագ, առանձին և տեսանելի։ Առաջին հայացքից դա կարող էր անավարտության նշան լինել, սակայն իրականում այդ տեխնիկան թույլ էր տալիս փոխանցել տեսողական տպավորության փոփոխականությունը։ Կտավն այլևս չէր ներկայացնում առարկայի անշարժ, հավերժական վիճակը։ Այն կարող էր արձանագրել մի կարճ պահ՝ արևի ճառագայթի, օդի խոնավության, ջրի մակերևույթի կամ ամպերի շարժման պայմաններում։ Այդ պատճառով էլ «իմպրեսիոնիզմ» անվանումը՝ impression, «տպավորություն», այնքան բնորոշ դարձավ շարժմանը։
