1984 թվականի դեկտեմբերի 31-ին, հատուկ հեռուստատեսային տոնական երեկոյի ժամանակ կատարման համար է գրվել տարեմուտը, ամանորյա սպասումներն ու երազանքները մարմնավորող ամենահուզիչ երգերից մեկը՝ «Իմ Նորի տարի»-ն։ Այս սիրված երգի երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյանն է, իսկ անմիջապես հիշվող ու խորհրդավոր տրամադրություն պարգևող խոսքերը՝ բանաստեղծ Վահան Անդրեասյանինն (Տեր Թովմա քահանա Անդրեասյան) են։ Երգն առաջին անգամ կատարել են Արթուր Գրիգորյանն ու Տաթևիկ Հովհաննիսյանը․
Երգի մեղեդին իր տրամադրությամբ ու տոնայնությամբ մոտ է 1980-ականների արևմտյան երաժշտության Սուրբ Ծննդյան
երգերին, սակայն այն յուրօրինակություն է ստանում ինքնատիպ խոսքերով․
Համր է քաղաքը լուսե, գիշերվա գրկում քարացել է նա,
Համր է աշխարհը լուսե, վերջն է այս տարվա:
Ո՞վ է նա, ո՞վ է նայում, ի՞նչ պահեր եկան, ի՞նչ անդորր է այս,
Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է գալիս ու ժպտում, ահա...
Իմ Նոր տարի, հեռվից, ահա,
Լույսն է քո մոտենում,
Տարի, ուրիշ տարի, դու նվեր՝ սեր ու խնդության,
Դու իմ բարի, բարի այնքան,
Մեզ ներում ես ու վեր հանում,
Արի, մաքրիր քո բարությամբ:
Պահ է, ախ, պահ է մնում, որ հնչեն զանգեր, որ երգի նորը,
Պահ է, լոկ, պահ է մնում մեր տարվան անցյալ:
Համր է քաղաքը լուսե՝ այդ քայլերն են քո ու սպասումը մեր,
Համր է աշխարհը լուսե, բայց կգաս, օրհնյալ:
Իմ Նոր տարի, հեռվից, ահա,
Լույսն է քո մոտենում,
Տարի, ուրիշ տարի, դու նվեր՝ սեր ու խնդության,
Դու իմ բարի, բարի այնքան,
Մեզ ներում ես ու վեր հանում,
Արի, մաքրիր քո բարությամբ:
Բանաստեղծը քաղաքի համրության պատկերով ստեղծում է Նոր տարվա սպասման մեջ գտնվող տարեմուտի խորհրդավոր պահը։ Այդ համրությունն է, որ հաղթահարվում է երկար սպասված հյուրի լույսով, որը մաքրագործում է ու բարձրացնում մարդկանց առօրյայի ճահճից։ Եթե այս բառերը գրված չլինեին Խորհրդային շրջանում, թերևս այս երգը կարող էր ընկալվել որպես Սուրբ Ծննդյան հրաշալի ավետիսի սպասում, սակայն Սովետական միությունում տարեմուտին միայն Նոր տարուն էին սպասում և նրանից ակնկալում բոլոր բարիքները։ Գուցե, բանաստեղծը լույս բերող Նոր տարվա պատկերում ակնարկել է հենց Սուրբ Ծնունդը, դժվար է ասել։
Ստեղծումից տասնամյակներ անց էլ այս երգը փոխանցում է տոների հիմնական խորհուրդներն ու մաղթանքները՝ բարություն, սեր ու խնդություն։
Երգից սփռվող բարության, սիրո, խնդության, լույսի սպասման մաղթանքներին է միանում է նաև art365-ը։