1894-1896 թթ․ Արևմտյան Հայաստանում հայկական կոտորածները ծանր ազդեցություն են գործում ամբողջ հայ իրականության վրա։ Արևելյան Հայաստանում ու Կովկասում ապրող հայ մտավորականները տարբեր նախաձեռնություններով փորձում են օգնել իրենց արևմտահայ եղբայրներին։ Այս շրջանում Հովհաննես Թումանյանը ակտիվորեն մասնակցում է հայ գաղթականությանն աջակցող տարբեր կոմիտեների աշխատանքներին։ Գաղթականների վիճակին ծանոթանալու և տեղերում «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր հիմնելու նպատակով 1895 թ․ նոյեմբերին Հովհ․ Թումանյանը մի մեծ ուղևորություն է կատարում Բորժոմ-Ախալցխա-Ախալքալաք-Ալեքսանդրապոլ-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ճանապարհով: Այս ճանապարհորդության, գաղթականների հետ հանդիպումների, կոտորածների մասին լսած պատմությունների տպավորությամբ, նաև անձնական ու առողջական տարբեր խնդիրների ազդեցությամբ են թերևս այս շրջանում ծնվում «Երկու սև ամպ», «Գիշեր», «Գաղթականի երգը» բանաստեղծությունները, «Լեռների հովիվը» և «Երկու հայր» արձակ գործերը։ Բանաստեղծի սևագրությունների ու անտիպների մեջ պահպանվել են այս շրջանում գրված այլ գործեր ևս, որոնք բովանդակային-գաղափարական ընդհանրություններ ունեն թվարկված գործերի հետ։ Դրանցից է 1896 թվականի հունվարի 14-ին գրված «Հույս» բանաստեղծությունը։ Այն թեև բովանդակային տեսանկյունից ավարտուն է, սակայն հեղինակը մշակումը կարծես չի ավարտել և հետագայում չի հրատարակել։
ՀՈՒՅՍ
Մթնեց... Ինչո՞ւ ես տխուր, իմ ընկեր.
Ո՜չ, մեր գիշերը շատ հեռու է դեռ,
Այս միայն վաղանցուկ մի ամպ էր խավար,
Բախտի մրրիկը բերեց մեզ համար,
Բերեց, քարշ արեց մեր գլխի վերև,
Մեր աչքից փակեց երկինք ու արև։
Բայց դու տակավին մի՛ ընկիր հոգով,
Նա կանցնի, կերթա յուր սև ընթացքով
Եվ լուսապայծառ արևը կրկին
Քաղցըր կըժպտա քո քնքույշ սրտին.—
Հավատա՜ [ուժին] գալոց օրերի,
Բայց [պարտությունը] հաստատ է չարի,
Որ ձգտեց բարվո շենքը խորտակել,
Լուսավորության շավիղը փակել,
Որ քո [գեղեցիկ] աչքին մանկական
Տվեց տխրություն և արցունք այդքան...
1896
Այս տպավորիչ բանաստեղծությունը առաջին անգամ հրատարակել է թումանյանագետ Արամ Ինճիկյանը 1972 թվականին «Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում» գործի հետ միասին։ Մեկնաբանության մեջ գրականագետը նշում է այս գործերի մասին․ «Արտահայտում են ազգային մեծ բանաստեղծի միասնությունը հայրենիքի քաղաքական ճակատագրի հետ, նրա հոգու անվեհերությունը և աննկուն հավատը տառապող ժողովրդի «գալոց օրերի»—լուսավոր ապագայի նկատմամբ»։
Այս բանաստեղծությունը մի թախծոտ, միաժամանակ լուսավոր ու առինքնող ջազային երգի է վերածել Մարտին Շահբազյանը։ Երգը կատարում է Լյուսի Եղիազարյանը։