Գարունը հայ միջնադարյան բանաստեղծության՝ տաղերգության հիմնական թեմաներից է և միջնադարյան բանաստեղծների ներշնչման մեծ աղբյուրը։ Զարթոնք ապրող բնությունն՝ իր երփներանգ գույներով, ծառ ու ծաղկով, ամպ ու շաղով, վարդով ու բլբուլով, ռեալիստական գծեր ունենալով հանդերձ, իհարկե, առաջին հերթին հոգևոր նշանակություն ու կրոնական խորհուրդ ունի։ Բանաստեղծությունների հոգևոր նշանակությունը շեշտելու համար հեղինակները երբեմն հենց տաղի վերնագրում նշում են, որ այլաբանությամբ ներկայացնում են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը կամ Գալուստը, կամ տաղի մեջ մեկնաբանում խորհրդանշանները, նույնիսկ զգուշացնում ընթերցողին՝ Մի ի մարմին հասկանայք զբանս, այլ հոգևոր։
Այդուհանդերձ, այս պայծառ տաղերում հոգևոր ու աշխարհիկ խորհուրդները հանդես են գալիս միահյուսված, քանի որ մարդու հոգեկան աշխարհը արձագանքում է արտաքին ազդակներին, կենդանանում ու ներշնչվում բնության արթնացմամբ։ Գարնան գալուստը անմասն չի թողնում ոչ մեկին և հոգևորական բանաստեղծները կրոնական նշանակություններին զուգահեռ տաղերգություն են բերում նաև աշխարհիկ տրամադրություններ․ հիացում բնությամբ, ներշնչում արարչագործության հրաշքով, փառաբանություն, խինդ ու ծիծաղ, վայելք ու գինի և, իհարկե, սեր։ Կյանքը դիտվում է որպես պարգև, իսկ սերը աստվածային շնորհ։ Աստված այդ սերը բնության միջոցով պարգևում է մարդուն, արթնացնում նրա սրտում, ապա այդ սերը մարդուց փոխանցվում է բնությանն ու աշխարհին։
Գարնան ու վայելքի այս տրամադրություններն աստիճանաբար գերակշռող են դառնում, ծնունդ տալով բանաստեղծության նոր որակի։ Ներկայացնում ենք միջնադարյան գարնանային բանաստեղծության երեք գլուխգործոց։
Կոստանդին Երզնկացի
(1250-1314 թթ․)
Տաղ գարնան ազնիւ է
Ահա եղեւ պայծառ գարուն,
Հոտըն բուրեաց անուշ վարդուն,
Ձայնըն քաղցրիկ գայր պլպուլուն,
Եւ եղանակըն հաւերուն:
Ծաղկանց դաշտերըն գունըզգուն,
Սըփռին տերևքըն ծառերուն,
Յորդորեցան ջուրք գետերուն,
Լողան ձըկունք ի մէջ ծովուն:
Տերև սըփռին առաւօտուն,
Ցօղն ի վերայ իջեալ յամպոյն,
Նա ես՝ պըլպուլն ի քո սիրուն
Եմ քան զալիդ ի մէջ ծովուն:
Պըլպուլ նըստեալ վերայ վարդին,
Եղանակէր նա քաղցրագուն՝
Առաւօտէ մինչ իրիկուն.
Խեւ էր եղել վասըն հոտուն:
Աղաղակէր պըլպուլն ի վարդն.
― Առանց քեզ յո՞նց ելնում ի հուն.
Հանց քաղեցիր զշունչս ու հոգիս՝
Այլ չի մնաց երեսս գուն:
Հանց ողորմուկ ի վարդն ասաց.
― Իմ լուսատու արևըն դու,
Աստղըն զօհալ և մուշտարի,
Շամս ու ղամար իմ թաճըս դու:
Տպազիոն և շափիւղայ,
Ակըն սուտակ և շիկագուն,
Դու ես քաղաք Չինումաչին,
Մարդիկ ի քեզ յուշ կու մըտնուն:
Եկայք մանկունք ի պաղչանին,
Ծաղկունքըն ի մէջ վըրան զարնունք,
Ղումրին երգէ մեզ եղանակ՝
Թ՚այսօր եղև պայծառ գարուն:
Այսօր մարդիկ ուրախանան,
Որտեղ ընկեր ունին սիրուն,
Նոքա ի սէր մեր ժողովին,
Քաղցրիկ խըմեն յանուշ գինուն:
Չինարըն ու նունուֆարըն,
Նարգիզ ծաղիկըն խայտագոյն,
Մուրտըն, շուշան ու բրաբիոն
Եւ ըռահանն խիստ սիրուն:
Ծաղկունք սըփռին հարիւր հազար,
Կանաչ, կարմիր և գունըզգուն,
Թըռչունք ի յօդըս վերանան.
Օրհնեն զաստուածն ամենեցուն:
Գրիգորիս Աղթամարցի
(14880-1550 թթ․)
Տաղ գարնան Աղթամարցոյ
Գարունն է բացվեր վարդն ի պաղչանին,
Քաղցր եղանակեն պլպուլն ու ղումրին,
Սիրով են վառեալ ի կարմիր թըփին,
Կանաչ ու կարմիր տերև կու հագնին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
Է՜ շամս ու ղամար աստղ առաւօտին,
Պայծառ արեգակըն լուսով ի լին,
Լալ ակն ու գոհար ես դու մեծագին,
Ծիրանի ծաղիկ, գոյն մանուշակին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
Դու նշդարենի ծաղիկ շուշանի,
Դու կանաչ բըրքայ ի մէջ շուկային,
Քաղաքն Խութան ու Չինումաչին,
Խորասան բոլոր չէ՛ քո տեսոյդ գին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
Մոմեղէն մատունք, հոտ պալասանին,
Դա նուշ ու շաքար, տուփ անուշ խընկին.
Դա կարմիր խնձոր ի մէջ տերևին,
Ծաղկեալ բուրաստան և ցօղ արևին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
Մարգարիտ պայծառ ես դու մեծագին,
Ակամբ զարդարեալ ի յոսկի սէնին,
Նունուֆար ծաղիկ, գոյն ըռահանին,
Մուրտ և բալասան, փափուկ շուշանին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
Համասփիւռ ծաղիկ ես բուրաստանին,
Բրաբիոն պայծառ ի յԱդին դրախտին,
Զօհալ մուշթարին, աստղ առաւօտին,
Զօհրայ լուսաբեր, ղամար ու լուսին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
Շամս և արեգակն երկնային գընդին,
Թուխ ամպիդ նման ցօղես անձրևին
Ծառ կանաչտերև՝ դու պտղով ի լին,
Բողբոջեալ ծաղկով ոստ արմաւենին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով
Կընդրուկ և զըմուռ, խունկ ընդ հալուէին,
Քաղցր և ախորժակ համով շաքարին,
Ի յամէն դիհաց բըխէ ձեզ բարին
Եւ ձեզ հովանի նշան սուրբ խաչին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
Պահապան լինի աջըն հայրենին
Եւ փրկէ զձեզ ի չար վըտանգին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով։
Պաղտասար դպիր
(1683—1768 թթ․)
Տաղ գարնան
Պարուց թըռչնոց տո՜ւք աւետիս,
Սիրուն գարունն երևեցաւ.
Գեղեցկացեալ երևելիս՝
Ադին դրախտին նըմանեցաւ:
Արի՛, պիւլպի՜ւլ, ով խըղճալի,
Հերիք ողբաս անյուսալի,
Զի սիրելին քո բերկրալի
Ի մէջ այգւոյն յօրինեցաւ:
Հեզիկ հընչեալ գարնան հողմոյն
Եբեր ծաղկունս մեզ գոյնըզգոյն,
Զցօղիկն առեալ ի մեղմ ամպոյն,
Տեսիլ վարդին պայծառացաւ։
Այլազանեալ երեսք դաշտաց,
Լերանց, բըլրոց, բուսականաց,
Լըցեալ ծաղկօք գոգունք հովտաց,
Երկրիս ամէն զարդարեցաւ:
Րամից կուսից պըսակ փայլեալ,
Կոյս տիրածին, ծաղիկ ընտրեալ,
Քև կենաց հոտն ամէնօրհնեալ
Ի ծոցոյ հօր մեզ բուրեցաւ: