Սակավաթիվ օտարեկրացիներ են, որ ոչ միայն խորապես ուսումնասիրել ու թարգմանել են հայ բազմադարյա ու հրաշալի բանաստեղծությունը, այլև իրապես դիտել ու արժևորել են այն համաշխարհային գրականության համապատկերում։ Այդ փոքրաթիվ երախտավորների թվում է ռուս բանաստեղծ ու թարգմանիչ Վալերի Բրյուսովը։ «Հայաստանի պոեզիան» նշանավոր ժողովածուի կազմողն ու խմբագիրը գրքի առաջաբանում գրում է․
Մենք` ռուսներս, ինչպես նաև ողջ Եվրոպան, հայերին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ օգնության ձեռք է պետք` փրկելու նրան սուլթանի գազազած հորդաների բնաջնջումից: Մինչդեռ հայերը առավել մեծ իրավունք ունեն մեր և ողջ աշխարհի ուշադրությանը արժանանալու համար. դա այն բարձր մշակույթն է, որ հայ ժողովուրդը ստեղծել է իր ինքնուրույն գոյատևման բազում դարերի ընթացքում, և այն բացառիկ հարուստ գրականությունը, որ Հայաստանի ավանդն է մարդկության գանձարանում»:
Հիանալով հայկական պոեզիայով՝ Վ․ Բրյուսովը այն համարում է հայ ժողովրդի ազնվականության վկայական, արևելքի ու արևմուտքի միջև ստեղծված ինքնատիպ մշակույթի ու ոգու արտահայտություն։ Հայ ժողովրդի համար դժվարագույն ու ողբերգական ժամանակներում, Վ․ Բրյուսովը իր թարգմանություններով ու հայ պոեզիայի հրատարակություններով, ապա նաև Բաքվում, Թիֆլիսում ու Երևանում ունեցած դասախոսություններով ոգեշնչում է մեր ժողովրդին, ապագայի հույսեր ու հավատ ներշնչում։ Ինչպես հետագայում հիշում են այդ ելույթների ունկնդիր հայ գրողներն ու մտավորականները, նա ցույց տալիս, որ այսպիսի գրականություն ու ոգի ունեցող ժողովուրդը չի կարող ոչնչանալ, այլ հավերժ կյանք ունի ու մեծ առաքելություն։ Վալերի Բրյուսովը նույնիսկ շատ ու շատ հայերից առավել խորությամբ է ուսումնասիրում հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը և հասկանում, որ հիանալի ու ինքնօրինակ մշակույթի, մասնավորապես բանաստեղծության մեջ է հայ ժողովրդի գոյության պայմանը։ Եվ դրանց իմացությունն է, որ կարող է ապրեցնել դժվարին ժամանակներում։ Եվ պատահական չէ, որ մեր գրականության մեծերը, որոնցից շատերի հետ նաև մտերիմ էր բանաստեղծը, շատ բարձր են գնահատում Բրյուսովի վերաբերմունքը հայ մշակույթի նկատմամբ ու նրա հայանպաստ գործունեությունն ընդհանրապես։ Այս առումով նշանակալի են բանաստեղծի մտերիմ, Հովհաննես Թումանյանի երկու ելույթները՝ Վ․ Բրյուսովի թիֆլիսյան 1916 թ․ դասախոսությունների ու նրա կազմած ժողովածուի առթիվ։ Ներկայացնում ենք դրանցից մեկը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ
Էս օրերին, երբ՝ մեր ազգային աղետի ծանրության տակ ճնշված զգում ենք մեզ ֆիզիկապես անզոր ու տկար, էս օրերին հեռու հյուսիսից մեզ մոտ է գալիս ռուս հռչակավոր բանաստեղծը՝ Վալերի Բրյուսովը և խոսում մեր բարոյական–հոգեկան ուժի ու մեծության մասին՝ «Հայոց բանաստեղծության մասին»։
Նա հայոց բանաստեղծությունն անվանում է հայ ազգի ազնվականության վկայական:
-Այո՛, հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքուշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով, իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց արել աստծո՝ իրեն հետ երես առ երես:
Եվ նույնիսկ էսօր էլ՝ թեպետև իր հայրենիքի մի ծայրից մինչև մյուսը հոշոտված ու արյունաթաթախ՝ միայն խորապես խոցված ու ծանր վշտացած է հայը և ոչ թե խորտակված ու հուսահատ, և չի դադարել ստեղծագործության ոչ մի ասպարեզում:
Սրանից էլ ավելի մեծ ի՞նչ ազնվականության վկայական կարող է ներկայացնել աշխարհքին մի ժողովուրդ։
Եվ ահա էս տեսակ մի ստեղծագործող ազնվական ազգի արժանապատվության զգացմունքով ու ազնիվ հպարտությամբ կարող ենք ասել.
-Այո՛, մեր թանկագին հյուր ու ազնիվ բարեկամ, մենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը: Բայց էդ վկայականն էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու աստվածն են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, Էնքան էլ դժվար է կարդալը։ Սա են գիրն է, որի մասին մեր Սայաթ-Նովան ասում է.
«Ամեն մարթ չի կանա կարթա, իմ գիրն ուրիշ գրեն է...»:
Դուք եղաք էն հազվագյուտ մարդկանցից մեկը, որ կարողացաք կարդալ էս կախարդական գիրն ամբողջ աշխարհի առջև։ Մեզ էս կողմից քիչ են ճանաչում լուսավոր աշխարհքում, և մանավանդ Ռուսաստանում։ Ռուսաց նշանավոր գրողներից առաջինն եք դուք, որ ձեր հռչակավոր ընկերների հետ միասին մեր և մեր եղբայրակից ժողովուրդների ստեղծագործական կարողությունն ու գեղարվեստական գործերը հիացումով հանում եք լայն հրապարակ և փոխադարձ հարգանքի ու սիրո կապերով ժողովուրդները շաղկապում իրար հետ:
Էս բարձր ու գեղեցիկ գործի համար Հայոց Գրողների Ընկերության անունից հայտնում եմ Ձեզ մեր լիասիրտ շնորհակալությունը։ Ողջունում եմ Ձեզ, որպես ռուսական գրականության խոշոր ներկայացուցչի, և սիրով ու պատկառանքով խոնարհվում եմ ռուսական մեծ ազգի հոյակապ գրականության առջև Պուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Դոստոևսկու, Տուրգենևի, Չեխովի, Տոլստոյի և իրենց արժանավոր ժառանգների գրականության առջև, որի վրա կրթվել են մեր գրողներից ու մտավորականներից շատ շատերը: Մենք ինքներս մեր կողմից վաղուց ենք կապված ձեր գրականության հետ, այժմ էլ ավելի ուրախ ենք փոխադարձ կապի համար, որ հաստատում եք դուք, և Աստված տա՝ դուք միակը չլինեք, որ ռուս բարձր մտավորականու թյան կողմից գալիս եք մեզ մոտ սիրո ու հարգանքի խոսքերով:
1916