Հուշերով լի մոռացված ճամպրուկները
1956 թվական, Փարիզ։ Երկար դադարից հետո Էռնեստ Հեմինգուեյը չորրորդ կնոջ՝ Մերի Ուելշ Հեմինգուեյի հետ լինում է Փարիզում և մի օր ճաշում նշանավոր Hôtel Ritz Paris հյուրանոցում՝ հյուրանոցի տիրոջ հետ։ Հենց այդ ժամանակ էլ հյուրանոցի տերը հայտնում է, որ 1928 թվականին գրողը հյուրանոցի պահոցում երկու ճամպրուկ է մոռացել։ Երբ բերում են ճամպրուկները, պարզվում է, որ այնտեղ բացի կենցաղային տարբերը իրերը, հագուստը, որսորդության ու ձկնորսության համար նախատեսված պարագաները, մնացել են նաև 1920-ականների փարիզյան կյանքի մասին գրառումներով ու հուշերով լեցուն երկու տետր։
Այս անակնկալ գյուտը, այնպես է ոգևորում Հեմինգուեյին, որ նա նույնիսկ իրեն վատ է զգում, և ստիպված են լինում բժիշկ կանչել։ Հաջորդող 1957 և 1958 թվականներին Հեմինգուեյն արդեն աշխատում է փարիզյան գրառումների վրա և դրանք հուշագրական գիրք դարձնում։ 1959 թվականի գրողը գրքի սևագիր ձեռագիրը, որտեղ բացակայում էին առաջաբանն ու եզրափակիչ գլուխը հանձնում է հրատարակչությանը, սակայն այդպես էլ գիրքը հրատարակված չի տեսնում։ Գիրքն առաջին անգամ հրատարակվում 1964 թվականին, երբ հեղինակն արդեն չկար։ Այն հրատարակության է պատրաստում կինը, որն էլ նաև վերնագրում է վեպը։
Տոն, որ միշտ քեզ հետ է կամ շարժական տոն
«Եթե բախտդ բերել է այնքան, որ երիտասարդ տարիքում ապրել ես Փարիզում, ապա հետագա ամողջ կյանքիդ ընթացքում ուր էլ լինես, այն կմնա քեզ հետ, որովհետև Փարիզը շարժական տոն է»
Թեև հեղինակը նամակներից մեկում նշում է, որ ցանկանում է գիրքը կոչել «Փարիզյան էսքիզներ», նաև վերնագրի այլ տարբերակներ ևս ուներ, սակայն հիմնվելով Հեմինգուեյի զրույցներից մեկի ժամանակ ասված՝ բնաբանում բերված խոսքի վրա՝ հեղինակի կինը գիրքն անվանում է «A Moveable Feast»՝ «Շարժական տոն»։ Հեղինակը շարժական տոն ասելով ակնարկում է եկեղեցական տոնացույցի այն տոները, որոնց օրերը պայմանավորված Սուրբ Հարության տոնի ամսաթվով, փոփոխվում են։ Սակայն, իհարկե, գիրքը շարժական կամ անշարժ տոների մասին չէ, այլ Փարիզի, որը տոն է, որ միշտ Հեմինգուեյի հետ է, քանի-որ հիշողությունն է նրա երիտասարդության, առաջին կնոջ՝ Հիլդայի հետ ամուսնության ու երջանիկ օրերի մասին։
Փարիզը այն հեռավոր օրերին, երբ մենք շատ աղքատ էինք և շատ երջանիկ․․․
Գիրքը պատմում է Էռնեստ Հեմինգուեյի հետպատերազմյան՝ 1920-ական թվականների Փարիզյան օրերի մասին։ Գրքում հանդիպում ենք գրականության ու արվեստի հայտնի գործիչների՝ Էզրա Փաունդ, Ֆ․ Սքոթ Ֆիցջերալդ, Դոս Պասոս, Ջեյմս Ջոյս, Հերթրուդա Սթայն և այլք, սակայն, իհարկե, գլխավոր հերոսները նրանք չեն, այլ Փարիզը։ Հեղինակը մեծագույն վարպետությամբ վերականգնում է չավարտվող տոն-Փարիզի գույները, համերը, տրամադրությունը, մարդկանց։
Ընթերցողը պատմող հերոս-հեղինակի հետ լինում է Փարիզի հայտնի ու անհայտ վայրերում, սրճարաններում, փողոցներում, ապրում լիարյուն ու ոգեշնչող կյանքով։ Փարիզն իսկապես ներկայանում է որպես մի կենդանի, փոփոխվող, մշտապես ներշնչող քաղաք, որն ապրում ու ապրեցնում է։ Հերոսը չի հուսահատվում ստեղծագործական ու կենցաղային դժվարություններից, կարողանում է գնահատել կյանքի փոքրիկ գեղեցկությունները ու արժևորել անցողիկ երջանկության ակնթարթները՝ ընթերցողի մեջ էլ արթնացնելով ճամպրուկներում պահվող հուշեր անդառնալի օրերի ու տոների մասին՝ անկախ նրանից Փարիզում եղել ես, թե՝ ոչ։
Հայերեն
«Մագաղաթ» հրատարակչությունը լույս է ընծայել Հեմինգուեյի այս նշանավոր գործը հայերեն։ Գրքի թարգմանիչը գրականագետ Սևակ Ղազարյանն է, թարգմանության խմբագիրը՝ Արմեն Ղազարյանը, ձևավորումը կատարել է Վիտալի Ասրիևի։ Ուշագրավ է, որ երկար ժամանակ այս վեպը հրատարակվել է ըստ 1964-ի առաջին հրատարակության։ Սակայն 2009 թվականին գրողի որդին՝ Փաթրիքը և թոռը՝ Շոնը հիմնվելով է ձեռագրերի վրա՝ վերականգնել են վեպի բնագիրն այնպես, ինչպես թողել է հեղինակը։ Հայերեն թարգմանությունը կատարվել է գրքի հենց այս ամբողջական բնագրից։
Ներկայացնում ենք հատված Էռնեստ Հեմինգուեյի «Տոն, որ միշտ քեզ հետ է» վեպի հայերեն այս թարգմանությունից։
«SHAKESPEARE AND COMPANY»
Այդ օրերին գրքեր առնելու փող չկար։ Գրքեր վերցնում էիր «Shakespeare and Company» վճարովի գրադարանից, որը Սիլվիա Բիչին պատկանող գրադարան-գրախանութ էր Օդեոն 12 հասցեում։ Ցուրտ ու քամոտ փողոցում դա հաճելի, տաք, դուրեկան մի վայր էր՝ ձմեռային մեծ վառարանով, գրքերով լեցուն սեղաններով ու դարակներով, պատուհանագոգերին՝ նոր գրքերով, իսկ պատերին՝ մեռած ու կենդանի հայտնի գրողների լուսանկարներով։ Բոլոր լուսանկարները քարացած ակնթարթների էին նման, և անգամ մեռած գրողները այնպիսի տեսք ունեին, կարծես իրոք կենդանի էին։ Սիլվիան սուր դիմագծերով կայտառ դեմք ուներ, փոքրիկ գազանիկի պես աշխույժ, շագանակագույն աչքեր, և պատանի աղջնակի պես զվարթ, գանգուր դարչնագույն մազեր, որոնք նրա գեղեցիկ ճակատից վեր էին սանրված և խտանալով ավարտվում էին ականջների ու թավշյա շագանակագույն բաճկոնի օձիքի սահմանին։ Գեղեցիկ ոտքեր ուներ։ Բարի էր, կենսախինդ ու հետաքրքրասեր և սիրում էր կատակել ու բամբասել։ Ոչ ոք երբևէ ինձ ավելի լավ չի վերաբերվել, քան նա։
Շատ էի ամաչում, երբ առաջին անգամ մտա գրախանութ. բավարար փող չունեի գրադարանում գրանցվելու համար։ Սիլվիան ասաց, որ անդամավճարը կարող եմ մուծել, երբ ի վիճակի կլինեմ, ու իմ անունով այցետոմս դուրս գրեց և ասաց, որ կարող եմ այնքան գիրք վերցնել, որքան ուզեմ։
Ինձ վստահելու որևէ պատճառ չուներ։ Չէր ճանաչում ինձ և հասցեն, որ ասացի՝ Կարդինալ Լեմուան 74, հայտնի էր որպես աղքատների փողոց։ Բայց Սիլվիան հիասքանչ էր, հմայիչ ու սիրալիր, իսկ նրա ետևում պատի ողջ բարձրությամբ դեպի հաջորդ սենյակ, որ հասնում էր մինչև շենքի ներքին բակ, անվերջանալի ձգվում էին դարակներ ու դարակներ՝ գրադարանի հարստությունը։
Սկսեցի Տուրգենևից ու վերցրեցի «Որսորդի հիշատակարանը»-ի երկու հատորները, Դ. Հ. Լոուրենսի վաղ գործերից մեկը, կարծեմ՝ «Որդիներ և սիրահարներ»-ը, իսկ Սիլվիան ասաց, որ էլի վերցնեմ, եթե ուզում եմ։ Ընտրեցի «Պատերազմ և խաղաղություն»-ը՝ Քոնսթընս Գարնեթի թարգմանությամբ, ու Դոստոևսկիի «Խաղամոլը» և այլ պատմվածքներ» ժողովածուն։
— Շուտ չեք վերադառնա, եթե այդ բոլորը կարդալու եք, — ասաց Սիլվիան։
— Ես կգամ՝ վճարելու, — ասացի։ — Տանը փող ունեմ։
— Դա նկատի չունեի, — պատասխանեց։ — Կվճարեք, երբ հարմար լինի։
— Ո՞ր ժամերին է գալիս Ջոյսը, — հարցրեցի։
— Եթե գալիս է, սովորաբար օրվա ամենավերջում, — ասաց Սիլվիան։ — Երբևէ չե՞ք հանդիպել նրան։
— Մենք նրան տեսանք «Միշո»-ում՝ ընտանիքի հետ ճաշելիս, — պատասխանեցի։ — Բայց քաղաքավարի չէ երկար նայել մարդկանց, երբ ճաշում են, ու հետո՝ «Միշո»-ում թանկ է։
— Տա՞նն եք ճաշում։
— Հիմա՝ հաճախակի։ Լավ խոհարարուհի ունենք։
— Ձեր թաղամասի շրջակայքում ռեստորաններ չկան, չէ՞։
— Չէ՛։ Ո՞նց իմացաք։
— Այդտեղ էր ապրում Լարբոն, — ասաց Սիլվիան։ — Ամեն ինչից գոհ էր՝ բացի ռեստորաններից։
— Ճաշելու համար ամենամոտ լավ ու էժան վայրը Պանթեոնի կողմերում է։
— Ես ծանոթ չեմ այդ թաղամասին։ Մենք էլ ենք տանը ճաշում։ Դուք ու Ձեր կինը պիտի գաք մի օր։
— Դեռ սպասեք, տեսեք՝ վճարո՞ւմ եմ Ձեզ, — ասացի։ — Բայց ամեն դեպքում՝ անչափ շնորհակալ եմ։
— Շատ արագ չկարդաք, — ասաց նա։
Տանը՝ մեր երկսենյականոց բնակարանում, որտեղ չկար տաք ջուր, որը չուներ զուգարան, այլ միայն՝ ախտահանիչ շարժական աման (ինչն անհարմար չէր մեկի համար, ով սովոր է Միչիգանի դրսի արտաքնոցին), բայց որը նաև կենսուրախ, լուսավոր բնակարան էր՝ սքանչելի տեսարանով և գետնին փռված լավ ու հարմարավետ զսպանակավոր դոշակով (ծածկված ընտիր, գեղեցիկ վերմակով), պատից կախված մեր սիրելի նկարներով, — ես կնոջս պատմեցի այն հրաշալի վայրի մասին, որ գտել էի։
— Թե՛թի, բայց դու հենց էսօր պիտի հետ գնաս ու վճարես, — ասաց նա։
— Իհարկե, կգնամ, — ասացի։ — Երկուսով կգնանք։ Իսկ հետո կքայլենք գետափի փողոցներով։
— Արի քայլենք Սենի փողոցով ու անցնենք բոլոր սրահների ու խանութների ցուցափեղկերի մոտով։
— Անպայման։ Կարող ենք քայլել՝ ուր ուզենք։ Ու կարող ենք մտնել որևէ նոր սրճարան, ուր մեզ ոչ ոք չի ճանաչում, մենք էլ ոչ ոքի չենք ճանաչում, ու կարող ենք մի-մի բաժակ խմել։
— Կարող ենք երկու բաժակ խմել։
— Հետո կարող ենք որևէ տեղ ճաշել։
— Չէ՛։ Չմոռանաս՝ դեռ պիտի վճարենք գրադարանի համար։
— Կգանք տուն ու կուտենք էստեղ։ Ընտրիր ընթրիք կանենք ու կխմենք «Բոն», որ կառենենք ա՜յ էն հանրախանութից, որ երևում է մեր պատուհանից, «Բոն»-ի գինն էլ գրված է հենց ցուղափեղկի վրա։ Հետո՝ կկարդանք։ Իսկ հետո կմտնենք անկողին ու սեր կանենք։
— Ու երբեք չենք սիրի ոչ մեկի՝ բացի իրարից։
— Հա՛, երբե՛ք։
— Ի՜նչ հիանալի օր ու երեկո։ Բայց հիմա արի լանչ անենք։
— Շա՜տ սոված եմ, — ասացի։ — Սրճարանում աշխատել եմ ընդամենը մի բաժակ café crème*-ով։
— Ո՞նց աշխատեցիր, Թե՛թի։
— Ինձ թվում է՝ լավ: Հուսով եմ։ Ի՞նչ ունենք լանչի համար։
— Մի քիչ բողկ, լավ foie de veau**՝ պյուրեով, ու հազարով աղցան։ Խնձորի տորթ։
— Իսկ կարդալու համար ունենք աշխարհի բոլոր գրքերը, ու երբ գնանք ճամփորդելու, կարող ենք դրանք վերցնել մեզ հետ։
— Անկե՞ղծ։
— Իհարկե՛։
— Իսկ Սիլվիան Հենրի Ջեյմս էլ ունի՞։
— Իհարկե՛։
— Ա՜խ, — ասաց նա։ — Մեր բախտը բերել է, որ գտել ես էդ տեղը։
— Մեր բախտը մի՛շտ է բերում, — ասացի ու հիմարի պես չթխկացրի փայտին։ Մինդեռ բնակարանում փայտ կար ամենուրեք։
* Կաթով սուրճ (ֆր.)։
** Հորթի լյարդ (ֆր.)։