• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ժամանակների վկան․ Գրիգոր Խանջյան

Ժամանակների վկան․ Գրիգոր Խանջյան

2026 թվականի նոյեմբերի 29-ին լրանում է  հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի (1926–2000 թթ.) ծննդյան  100-ամյակը։ Հոբելյանի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահում  բացվեց  «Գրիգոր Խանջյան - 100. Ժամանակների վկան» ցուցահանդեսը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս անդրադառնալու նրա բազմազան ստեղծագործական ժառանգությանը, ներկայացնելու  հայրենիքի, պատմության և ազգային հիշողության հետ երկխոսելու խանջյանական ինքնահատուկ ձևը։

Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, գրքային նկարազարդումները և մոնումենտալ ստեղծագործությունների էսքիզներ։ Առանձնահատուկ  է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող «Լուսավորչի տեսիլքը» գոբելենի  ցուցադրությունը։ 

Նկարիչը թեև ծնվել ու մեծացել էր Երևանում, բայց իր արվեստում հաճախ վերադառնում է իր նախնիների  հայրենիք․  Վանի, Վասպուրականի, հայկական գյուղական կյանքի,  կենցաղի ու ավանդական մշակույթի պատկերները նրա համար պարզապես գեղարվեստական թեմաներ չեն։ Դրանք ընտանեկան հիշողության և կորուսյալ հայրենիքի հետ կապի պահպանման միջոցներ են։

Նրա ստեղծագործություններում ազգայինը ներկայանում է պատմական հերոսների ու մեծ իրադարձությունների միջոցով, սակայն միաժամանակ նաև ժողովրդական կենցաղով՝ կարպետ, կուժ, փայտյա դուռ, գդալ, խորհրդանշական դետալներով։ Ազգագրական նյութի հայտնաբերման ու կիրառության այս ձևերով Գրիգոր Խանջյանի մոտեցումները համընկնում են հայ մշակույթի մեկ այլ երախտավորի՝ Հովհաննես Շարամբեյանի սկզբունքներին։ Այս մոտեցումները կարելի է դիտարկել որպես ազգային գեղարվեստական մտածողության արդիականացման փորձեր։ Ազգագրական նյութի կիրառությունները, սակայն  ավանդական պատկերների կրկնություն չէին, այլ դրանք ապրեցնելու և ժամանակակից գեղարվեստական լեզվի բաղադրիչներ դարձնելու ծրագրի դրսևորում։

 1977 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի համար նկարիչն իրականացնում է «Լուսավորչի տեսիլքը» գոբելենի էսքիզը, որին հաջորդում են երկու մեծածավալ գործերը՝ «Հայոց այբուբենը» և «Վարդանանք» (1978-81): Այս  մտահղացումը հետագաում զարգացում է ստանում «Հայոց այբուբեն» (1992-94), «Վարդանանք» (1995-98) և «Վերածնված Հայաստան» (1998-2000) որմնանկար եռապատկերում, որը  գտնվում է Կասկադ համալիրի «Խանջյան» սրահում։

«Վարդանանք»-ը  միայն պատմական շրջադարձային իրադարձության գեղարվեստական ու տպավորիչ պատկեր չէ․ Գ․ Խանջյանի մտահղացման մեջ պատմական ժամանակը լայնանում է․ Վարդան Մամիկոնյանի և Ղևոնդ Երեցի կողքին հայտնվում են հայ ժողովրդի հետագա պատմության նշանավոր դեմքերը։ Այսպիսով, Ավարայրը դառնում է ոչ միայն ռազմական դիմադրության, այլև մշակութային ու հոգևոր ինքնության պահպանման խորհրդանիշ։ Պատկերում հայտնված հետագա շրջանի, հատկապես 20-րդ դարի գործիչների կերպարները մատնանշում են 5-րդ դարում սկսված ինքնության համար պայքարի հավերժականությունը։ 

Նկարիչը հետագայում նույնպես ստեղծում է մեծադիր գործեր  եկեղեցական-պատմական թեմաներով։ Դրանցից են «Վերածնունդ» գոբելենի վարագույրի էսքիզը`  Մարզահամերգային համալիրի համար, Էջմիածնի Մայր տաճարի Ավագ սեղանի խորանի «Աստվածածին» կտավը,  «Մայր Հայաստան» գոբելենի կարտոնը,  ստեղծագործություններ Հայաստանի ու  աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական եկեղեցիների համար։

Մեծամասշտաբ գործերի կողքին Գրիգոր Խանջյանը ստեղծել է փոքրածավալ, սակայն անչափ տպավորիչ գրքային ձևավորումներ։ Ամենահայտնին, իհարկե, Պ․ Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումներն են, որոնց ցուցադրության օրերին ժողովուրդը մոմեր էր վառում Նկարիչների միության ցուցասրահի առջև։

Նա նկարազարդել է նաև Հովհաննես Թումանյանի «Գիքորը», «Անուշը», «Լոռեցի Սաքոն», «Սասունցի Դավիթ», պոեմները,  Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Ավ․ Իսահակյանի առակները,   ինչպես նաև բազմաթիվ այլ գրքեր։ Առինքնող ու տպավորիչ են Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» պոեմի նկարազարդումները։  Նկարչի համար նկարազարդումը գրական ստեղծագործության պարզ պատկերային ուղեկցություն չէր, այն ինքնուրույն մեկնաբանություն, որն  ընթերցողի համար բացում էր  գրական երկի նոր շերտեր։

Ցուցահանդեսի համադրողներն են նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը, և Հայկուհի Սահակյանը։ Համադրողներին հաջողվել է նորովի ներկայացնել տարբեր թանգարաններում և հավաքածուներում պահպանվող ստեղծագործական ժառանգությունը։

«Արվեստագետներն ունեն զենքեր, որոնք երբեմն ծածուկ շատ ավելին էին ասում, քան բացահայտ։ Կարող էի ընդզել ու բանտարկվել, բայց այդ դեպքում երևի ափսոս կլիներ, եթե չստեղծվեր իմ «Վերք Հայաստանին», «Անլռելի զանգակատունը», «Հայոց այբուբենը», «Վարդանանքը», «Սասունցիների պարը»։ Դրանք իմ ժամանակակիցների հոգին մշակում և հղկում էին հայրենասիրական զգացումներով»,-նշում է նկարիչը՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին՝ «Երկիր» թերթին տրված հարցազրույցում։ 

Նկարչի այս դիտարկումը  բացահայտում է նրա ստեղծագործական նպատակադրումը, այն է՝ իր աշխատանքներով ձևավորել  ազգային ինքնագիտակցությունը։ Ըստ այդմ էլ՝ Գրիգոր Խանջյանը ստեղծագործությունները ո՛չ միայն ժամանակների վկաներն են, ո՛չ միայն հայոց պատմության տարբեր դարաշրջանների ու ներկայի երկխոսության օրինակներ, այլև գործեր, որոնք սնել են  ազգային ոգին, պետականության ու անկախության ձգտումները։  Գ․Խանջյանի արվեստում մաշտոցյան գրերը, Ավարայրի հերոսամարտը, Կոմիտասի կերպարը,  կորուսյալ հայրենիքի հիշողությունը, ժամանակակից մարդու առօրյան մեկ ամբողջություն են կազմում։ Այդ ամբողջության կենտրոնում հայ մարդն է՝ իր պատմական հիշողությամբ, ստեղծագործական ուժով և ինքնությունը պահպանելու կամքով։

Art 365

25.11.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.