• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայկական գործվածքի թանգարանը Դիլիջանում

Հայկական գործվածքի թանգարանը Դիլիջանում

Այսօր առավելապես առողջարանային համարվող Դիլիջան քաղաքն աստիճանաբար վերգտնում է նաև մշակութային իր ինքնությունը։ Քաղաքի  հին փողոցները, փայտաշեն, քանդակազարդ  պատշգամբներով տները, արվեստանոցներն ու թանգարանները ստեղծում են մի միջավայր, որտեղ անցյալն ու ներկան ապրում են կողք կողքի։

Հին Դիլիջանի ազգագրական միջավայրում իր առանձնահատուկ տեղն ունի Հայկական գործվածքի թանգարանը: Այն ոչ միայն գործվածքի առաջին մասնագիտացված  թանգարանն է Հայաստանում, այլև ժողովրդական արվեստների ու քաղաքի մշակութային հիշողության յուրօրինակ պահոց։

Եվ խորհրդանշական է, որ  թանգարանի նոր ցուցադրությունը բացվում է հայ ժողովրդական արվեստի երախտավոր, թանգարանի հիմնադիր Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի հին Դիլիջանը պատկերող գեղանկարչական աշխատանքների ցուցադրությամբ։

Այդ նկարներն են, որ հյուսում են մշակութային հիշողության անտեսանելի ցանցը կամ գործում աստղազարդ այն գորգը, որով թանգարանի այցելուն ճանապարհորդելու է հայկական գործվածքի առինքնող աշխարհում։

  

 

Գործվածքը՝ հիշողություն

 

Գործվածքը  պարզապես կենցաղային իր չէ։ Ցուցադրվող գորգերը, կարպետները, ասեղնագործությունը, ժանյակները, ազգային տարազների կտորներն ու ծիսական գործվածքները ներկայացնում են  ընտանեկան պատմություններ, համայնքային հիշողություն, գեղարվեստական ինքնահատուկ մտածողության։ Յուրաքանչյուր նախշ, գունային համադրություն կամ հյուսքի եղանակ փոխանցել է ոչ միայն գեղագիտական ճաշակ, այլև աշխարհընկալում, հավատալիքներ և ինքնության կոդեր։

 

Պատմական շենք՝ նոր առաքելությամբ

 

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը գործում է քաղաքի  պատմական շենքերից մեկում։ Այն կառուցվել է 1896 թվականին։ Ժամանակին  եղել է Հովհաննես Թումանյանի մտերմուհի ու մեկենաս իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, իսկ ավելի ուշ դարձել  ժողովրդական արվեստի մեծ նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի բնակարանը։ 1979 թվականին հենց նրա նախաձեռնությամբ այստեղ հիմնադրվեց ժողովրդական արվեստի թանգարանը, որն այսօր, վերականգնման և նոր  հայեցակարգի շնորհիվ, վերածվել է Հայկական գործվածքի թանգարանի։

«Նրա ռազմավարական կարևոր ծրագրերից էր ստեղծել Հայաստանի ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման համար կարևոր հանգույցներ: Նպատակ էր դրված կորստի եզրին գտնվող արհեստները վերակենդանացնել, օժանդակել գիտելիք կրող մարդկանց և փրկել արդեն ժամանակի փոշու տակ հայտնված ժողովրդական արվեստի կարևոր նմուշները», - կարդում ենք ցուցադրություն ուղեկցող տեքստում։

Այս նպատակով էլ Հովհաննես Շարամբեյանը հայտնի ազգագրագետ, արվեստաբան Սերիկ Դավթյանի հետ նախաձեռնում  է ժողովրդական արվեստների վերակենդանացմանն ուղղված  մի մեծ ծրագիր։ Այդ ծրագրի կարևոր հանգույցներից էր Դիլիջանի  ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադրումը։ 

 

Ասեղնագործ պատմություն

 

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է հայկական գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության և ժանյակագործության տարբեր դպրոցներ, տեխնիկաներ և տարածաշրջանային առանձնահատկություններ։ Գործվածքը ներկայացվում է կիրառական արվեստի այլ նմուշների կողքին՝ յուրօրինակ համադրությամբ։ Այսպես  ամբողջանում է ժողովրդական միջավայրն, և հայ մշակույթի այս ճյուղերը ներկայանում են իրենց ընդհանրություններով ու բազմազանությամբ։ 

Ցուցադրության մեջ ընդգրկված են ոչ միայն Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի հավաքածուները, այլև նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և պատմամշակութային թանգարանների ֆոնդերից։ Դրանք հնարավորություն են տալիս մեկ վայրում տեսնել հայկական գործվածքի զարգացման բազմադարյա ճանապարհը։ Գործվածքի թանգարանի հայեցակարգը մշակել ու ցուցադրությունը համադրել է Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Յուրաքանչյուր ցուցանմուշ մի պատմություն է, ինքնահատուկ տեքստ որը կարելի է «կարդալ» նախշերի, գույների և ձևերի միջոցով։ Այդ տեքստերը պատմում են ժողովրդակն արվեստի, որևէ գյուղի, տարածաշրջանի կամ ընտանիքի, ծեսերի, սովորությունների ու հավատալիքների մասին։ 

Գործվածքները հիացնում են իրենք պատրաստման մեծ հմտությամբ, ինքնահատուկ տեխնիկայով ու ոճով։

Զարմացնում է ժողովրդական վարպետների մեծ երևակայությամբ։

Հայկական գործվածքի թանգարանը պահպանում ու ապրեցնում է հյուսածո պատմությունները, որոնք շարունակվում են գործվել, ասեղնագործվել և վերակենդանանում են յուրաքանչյուր այցելությամբ։

Art 365

26.06.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.