Իտալացի գեղանկարիչ Ջորջո դե Կիրիկոն (1888–1978) համարվում է մետաֆիզիկական գեղանկարչության հիմնադիր։ Նկարչության այս ուղղությունն է, որ զարգացման մեծ ազդակ ու ներշնչման աղբյուր դարձավ սյուրռեալիզմի համար։ Խորհրդավոր լռություն, տարօրինակ երկրաչափություն, ճարտարապետություն ու ստվերներ, միայնակ մարդիկ ու շենքեր․ այս և նկարչի ստեղծագործությունների ինքնահատուկ մթնոլորտն ապահովող այլ պատկերներ ներկայացնում են ոչ միայն իրականությունը, այլև մարդու ներաշխարհի ենթագիտակցական շերտերը։ Դե Կիրիկոի արվեստը ներշնչել է ոչ միայն նկարիչներին, այլև մեծ ազդեցություն ունեցել ընդհանրապես 20-րդ դարի արվեստի վրա։ Նկարիչ ուշագրավ ստեղծագործական ճանապարհ է անցել։ Ներկայացնում ենք նրա ստեղծագործության հինգ դրվագ, հինգ հայտնի կտավների ուղեկցությամբ։
Ջորջո դե Կիրիկոն մետաֆիզիկական նկարչության հիմնադիր
Դե Կիրիկոն մետաֆիզիկական արվեստի (Pittura Metafisica) հիմնադիրն։ Այս ուղղությունը ձգտում էր պատկերել իրականությունը ֆիզիկական աշխարհից անդին։ Մետաֆիզիկական գեղանկարչության համար կենտրոնական է մետաֆորը և երազը։ Այս ոճի նկարաներում համադրվում են առարկաների ճշգրիտ պատկերն ու տարօրինակ մթնոլորտը, որոնց միացումից է ծնվում յուրահատուկ էֆեկտն ու ազդեցությունը։ Բնութագրական է Կիրիկոյի Իտալիայի հրապարակները շարքը և 1911 թվականին ստեղծված Ժամի գաղտնիքը (The enigma of the hour) կտավը։ Արտասովոր լռություն, անշարժ պատկերներ, դատարկ հրապարակ։ Կյանքը կարծես շարունակվում է, ժամացույցը ցույց է տալիս ժամանակը, սակայն տագնապը փոխել է ժամանակի զգացողությունը։
Առեղծվածային քաղաքներ
Կիրիկոյի նկարներում հաճախադեպ են ճարտարապետական դատարկ միջավայրերի պատկերները։ Դրանք հիշեցնում են հունական կամ իտալական դասական քաղաքները, որոնք սակայն զրկվել են կյանքից։ Ճարտարապետությունը ծանոթ ու ավանդական է, սակայն բացակայում է մարդը։ Քաղաքը մարմին է առանց հոգու։ Նկարչի ամենահայտնի կտավներից է Փողոցի գաղտնիքն ու մելամաղձը (Misterio e malinconia di una strada) 1914 թվականին ստեղծված նկարը։
Սյուրռեալիստների նախահայր, բայց ոչ նրանց ընկեր
Թեև Անդրե Բրետոնը և սյուրռեալիստները բարձր էին գնահատում Կիրիկոյի վաղ շրջանի ստեղծագործությունները, սակայն նա երբեք յուրային չդարձավ սյուրռեալիստների շրջանում և հաճախ քննադատում էր նրանց գործերը։ Նկարչի սյուրռեալիստական հայտնի գործերից է Տագնապալի մուսաներ (Le Muse inquietanti, 1917) նկարը։
Վերադարձ կլասիցիզմին կամ նեոբարոկկո
1920-ականներից սկսած Կիրիկոն հեռանում է մետաֆիզիկական նկարչությունից և վերադառնում ակադեմիական ոճին։ Ստեղծում դասական թեմաներով ու արտահայտչամիջոցներով նկարներ, սակայն նեոբարոկկո ոճով։
Վենետիլ, Ռիալտոյի կամուրջ (Venezia, Ponte di Rialto, 1950)
Ինքնության որոնումներ
Հետագայում Կիրիկոն կրկին վերադառնում մետաֆիզիկական նկարչությանը, ավելին՝ նոր ստեղծված նկարները թվագրում որպես 1910-ականների գործեր։ Սակայն սա նա կեղծիք չի համարում, այլ ընկալում է որպես միստիկ վերադարձ երիտասարդության շրջանի արվեստին։
Ինքնադիմանկար զրահով, 1948
Ջորջո դե Կիրիկոն հիշատակվում է Հովհաննես Գրիգորյանի Դանդաղ ժամեր 1986 թվականի ժողովածուի բանաստեղծություններից մեկում։ Բանաստեղծության մեջ կարծես նկարագրվում են Կիրիկոյի նախասիրած տխուր ու դատարկ քաղաքները, միայնակ մարդիկ ու կանգ առած ժամանակը։ Քաղաքներ, որտեղ ամեն ինչ նույնն է՝ միայն չնչին փոփոխություններով։
Եվ ոմն Ջորջո դե Կիրիկո
ուզեց մտնել անմահների շարքը,
և դու այդ մասին իմացար բավականին ուշ,
օ, ինչպիսի տխրություն, ինչպիսի տխրություն:
Իսկ պատկերը մնում է նույնը՝ միայն չնչին փոփոխություններ:
Գավառական փոքրիկ քաղաքում այսօր մանր ձյուն է գալիս,
թերթի կրպակները լիքն են անիմանալի նորություններով՝
այնտեղ ամսագրերն են դեղնում գույնզգույն պատկերներով,
իսկ վաճառողը հպարտ է իր անուրանալի գոյությամբ:
Ներեցեք, բայց չէ՞ որ այս ամենը ճիշտ է,
ճիշտ է ամեն օր, ճիշտ է ամեն տեղ,
և երբ քայլում ես փողոցով ներքև
և հրապարակն է բացվում քո դիմաց,
դու մտածում ես՝ ահա տխրություն
և դու այդ մասին իմացար շատ ուշ:
Գավառական փոքրիկ քաղաքում
այսօր մանր ձյուն է գալիս,
իսկ դու թերթում ես գրքի մյուս էջը
և ականջի ծայրով լսում,
թե ինչպես լուսամուտի տակ
մի փոքրիկ տղա
սուլում է անհավատալիորեն ուրախ մի երգ:
Եվ հետո պատկերը մթնում է կամաց-կամաց,
և դու գիրքը ծալում – դնում ես մի կողմ
և գլուխ առնում ափերիդ մեջ
և մտածում երկար,
շատ երկար…