• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ես փոքրիկ բանաստեղծություն եմ․․․ Նարեկ Կոսմոս

Ես փոքրիկ բանաստեղծություն եմ․․․ Նարեկ Կոսմոս

 2024 թվականին լույս է տեսել երաժիշտ, երգահան, հեղինակ-կատարող Նարեկ Կոսմոսի բանաստեղծություններ՝ «Անց 48» անունը կրող ժողովածուն։ Դեռևս մինչ գրքի հրատարակությունն էլ Նարեկի երգերի երկրպագուների համար ակնհայտ էր, որ այդ երգերի խոսքերը լոկ երաժշտության համար չեն ստեղծվում, այլ ինքնուրույն բանաստեղծություններ են։ Այդուհանդերձ, ժողվածուն չի կրկնում Նարեկի երգացանկը, այլ գրեթե ամբողջությամբ ինքնուրույն գիրք է, որը հայ ժամանակակից պոեզիա է բերում ոճական նորություններ, գաղափարական ու թեմատիկ թարմություն և նոր տիպի  հերոս։ Բանաստեղծությունների քնարական հերոսը ձգտում է հասկանալ աշխարհը, փնտրում այն ընթերցելու ճանապարհները։ Առաջին հերթին աշխարհը նրա համար բացվում է գրականության ու արվեստի միջոցով։ Կյանքը երևակվում է որպես մի բաց, հաճախ անվերծանելի նշաններով լցված մի գիրք, որը հերոսը փորձում է  կարգաբերել։ Գալով մանկության դժվար, սակայն քաղցր  աշխարհից՝ հերոսը ձգտում է վախերն ու տագնապները հաղթահարել գրական ու երաժշտական փորձառությամբ, վերստեղծել իր աշխարհը որպես երգ։

Գրքում իրացվում են ինքնափնտրումի ու միայնություն, սիրո և ինքնախաբեության, մեծ աշխարհում տեղ գտնելու, ի վերջո, մարդու «թարգմանության» ու ընկալման դժվարությունների թեմաները։ Ներկայացնում ենք Նարեկ Կոսմոսի բանաստեղծությունների մի փունջ։

 

***
 ինձ թող թարգմանի Սամվել Մկրտչյանը.
 ես փոքրիկ բանաստեղծություն եմ
 Ուլիսեսից հետո…
 հա՛ հա՛,
 մի ճանճաչափ
 զգացմունք եմ,
 որ կպել եմ գրականության հոգուն…
 ու
 հիմա
 էս համաճարակի օրերին,
 ես կարդում եմ
 կյանքը ժամանակավոր մեկուսարանում
 ու հասկանում,
 որ
 գրելը միակ բանը չէ,
 որ կարող եմ…
 ու էս օրերին,
 երբ բոլորը
 մրցում են,թե ով է ավելի մենակ,
 ես սենյակիս մի պատը փորում
 ու անունը լուսամուտ եմ դնում…
 երբեմն թաղում եմ դուրսն այնտեղ,
 մարդկանց,
 մեքենաները…
 բայց ինչևէ,
 արի գանք հետ,
 ու ես կրկնեմ
Նարեկ Կոսմոս
 էլի ասեմ,
 որ կուզեմ ինձ
 Նա թարգմանի,
 ու ես դառնամ
 մի պստիկ բանաստեղծություն՝
 ժխորից կարված թղթին….
 ու ինձ բոլորն
 արտագրեն իրենց մենության վրա..
 իսկ դու,
 իսկ դու դարձիր գիշեր,
 ու արթնությունս
 շպրտիր քնի մեջ,
 ու կոպերիս նկարիր երազ,
 ուր
 Էլիոթը,Սարոյանն ու Ջոյսը կհարցնեն
 «Ե՞րբ ես Սամվելին տեսել»,
 ու ես բիթլզի բզզոցների արանքում
 թողած կիթառս կհանեմ
 ու կերգեմ
 Yesterday…

 

 Հ.Գ
Ես գրականության ճանճն եմ,
 ու ինձ ծափերը երբեք չեն սպանի…

 

***

 

 ինձ պետք են մեծ քաղաքներ,
 որ կարողանամ
 արտահայտել
 փոքր մտքերս…
 պետք են
 սուպերմարկետներ,
 ամենօրյա  ձանձրալի
 հերթեր..
 մի խոսքով
 ինձ պետք է
 ֆրանսուհի,
 ով կկարողանա
 լռել մաքուր հայերեն,
 ու ով կկարողանա
 պատրաստել
 ժենգյալով հաց
 մեկը-մեկին..
 ինչևէ...
 ես պետք է զուսպ լինեմ ծախսերիս մեջ,
 մանավանդ երբ ինձ եմ ծախսում..
 ամեն կերպ
 պիտի պայքարեմ
 պատասխանատվության համար,
 որ ամեն երրորդին
 չխառնեմ սիրո հետ…
 պետք է մեգապոլիսներում,
 շփոթեմ ինձ անծանոթների հետ,
 ու հենց նրանցից էլ 
իմանամ
 բնակությանս վայրը
Նարեկ Կոսմոս
 չունեցածս երեխայի 
դպրոցի հասցեն,
 ու ընդհանրապես
 նրա կարծիքը,
 ուսուցիչների մասին…
 և մեքենաների քաշքշոցների մեջ
 վերջապես
 գտնեմ ինձ հարմար
 պիտանի լռություն…
 մի խոսքով
 ինձ պետք են մեծ քաղաքներ,
 որ արտահայտեմ
 երկրիս բյուջեի չափ մտքեր
 շատ փոքր մտքեր,
 շատ փոքր մտքեր․․․

 

 ***

 

 ապրելով երկուսների ու երեքների
 հիմար թվաբանության մեջ…
 ես իմ վանդակավոր տետրում գրում եմ «մեկ»…
 որովհետև դու մեկն ես,
 երբեք մեկ չլինելով ինձ համար…
 որովհետև ԵՍ նշանակում է ԴՈւ… 
ինչքան էլ մեզ խաբեն բառարաններում…
 ու հիմա
 կիրակիներ ես շպրտում 
իմ շաբաթվա վրա…
 ու չնայած կիրակիները կոտրվում են…
 ես կուզեմ քեզ պատմել
 իմ կոտրված պարապության մասին
 որ նույնն է ինչ բոլորի սերը…
 որ իմը չէ..
 որ իմը չէ…
 ու երևի, հա՛,
 ավելի հարմար է քնել քո անքնութնության մեջ…
 քան եսերը դարձնել դու…
 ես պարզապես բուժում եմ
 իմ ու քո մեջ աճած հորիզոնական ծաղիկները…
 որ աճում են արդեն տրորված…
 իմ ու քո մեջ ջարդված 
հայելիներն ուղղակի մաքրում եմ ինձնից…
 ու երևի իմ ու քո մեջ ընկած ամեն բան կարոտ է…
 մի ստիպված կարոտ…
որ վրիպել է աստված…
 ուզում եմ իմանաս, 
որ մեկ բանաստեղծություն հետո
 տողերիցս մեկի կանգառում,
 իրար հետ ենք սպասելու
 գրվող երթուղայինի…
 դու, 
դու իմ միակ քուն,
 որ գիտես ուր ես տանում…
 որ տանում ես միշտ, 
չերազների միջով…
 ու միակ բանաստեղծություն,
 որ ավարտվում ես ստիպված…

 

 *** 

 

ես քեզ թողեցի
 երկհարկանի լռության մեջ,
 քաղաքի կենտրոնում...
 դեռ չձևակերպված
 նախադասության պես…
 ուզեցի հասցնել ինձ քեզ,
 բայց հասնել
 նշանակում է կանգնել ամուր,
 իսկ ես օղու վատ համի մեջ,
 լուծել եմ
 իմ բոլոր անլուծելի կատուներին...
 և պառկել եմ
 անհաստատ,
 անհարմար...
 և հոգնել եմ
 ունեցածս կատուներից
 ամենամեծից,
 ու բանաստեղծություններս
 հյուծող այդ կենդանին,
 էլ կենդանի չէ...
 գնաց կատուն,
 ինչպես կգնային
 բոլոր չկանխատեսված
 հիասթափությունները...
 բորբոքված աչքերը,
 առավոտ կանուխ
 կգնային,
 կգնային՝
 քնապարկերում ազատություն որոնելու...
և քեզ
 ուղղված
 բառերի ընտրության մեջ
 միաձայն ընտրվում է
 լռությունը...
 ու ղեկավարման
 առաջին իսկ փորձից
 սկսում է
 պատերազմել...
 ես քեզ թողեցի
 երկհարկանի լռության մեջ,
 ինչպես կթողնեի
 երեխայիս
 մինչև վերջ նայել
 մեր ընտանիքին,
 որը չկա․․․

 

***


 ես իմ մեջ
 վարձով եմ ապրում,
 ու ինձ մանրամասն եմ քեզ պատմում..
 ես ինձ չափազանց արագ եմ վարում,
 ու սխալ դարակներում դասավորում…
 իմ ապրած ծառից 
ես դասեր չեմ քաղում,
 ու այս կատակից,
 ես չեմ ծիծաղում..
 ու սպասվածից
 ավել եմ քնում,
 երբ ապրելու ցանկությունն ինձ
 չի արթնացնում..
 իմ կենցաղը պարզ
 օրինակ է ցավի,
 ես բնավորություն եմ
 ցանկացած ծովի…
 ես վերջին խոսքերն եմ
 խորտակվող նավի,
 ու ելքն եմ
 մարդ կոչված քարանձավի…
 ու գիտեմ, գուցե գիտեք,
 բայց ես անվերջ խոսելու եմ,
 ու եթե ինձ ընդհատեք
 ես մի պահ պակասելու եմ,
 երբ հեկեկալու չափ
 դեռ ասելիք ունեմ
 ու չգիտեմ այս երգս,
 որ պահին ավարտեմ…
 գուցե չփորձեմ շարունակել,
 իսկ եթե տխրությունս է
 կոճակներն արձակել
 ու բա՞ռն է շորեր հագել…
 մի քիչ էլ
 մի քիչ էլ սպասեք,
 ու երկնքից ընկած
 խնձորներ կհամտեսեք․․․

 

Art 365

12.05.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.