• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Երաժշտական հանդիպում Թումոյում. Hooverphonic խումբը՝ թումոցիների հյուր

Երաժշտական հանդիպում Թումոյում. Hooverphonic խումբը՝ թումոցիների հյուր

Երբ բեմը պատկանում է երիտասարդներին, իսկ հանդիսատեսի աթոռին նստած են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, օրը վերածվում է բացառիկ փորձառության։

 

Մայիսի 6-ին Թումո Երևանը հյուրընկալեց բելգիական Hooverphonic խմբի անդամներին՝ երգչուհի Գեյկե Արնաերտին, բաս կիթառահար և համահիմնադիր Ալեքս Կալյեին, կիթառահար Ռայմոն Գիրցին, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Ռումին։ Հյուրերը շրջեցին կենտրոնով, ծանոթացան Թումոյի կրթական ծրագրերին և ուսանողների աշխատանքներին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երաժշտական ուղղության նորարարական մոտեցումներին։

Շրջայցից հետո խմբի անդամները ներկա գտնվեցին համերգին, որի ընթացքում Թումոյի ուսանողական բենդերը՝ «Ուրու», «Կանգուն» և «Զրանգի», կատարեցին ինչպես իրենց հեղինակային ստեղծագործությունները, այնպես էլ Hooverphonic խմբի ամենահայտնի երգերի՝ «Mad About You», «2 Wicky» քավր տարբերակները։ Խմբի անդամները՝ հանդիսատեսի դերում, մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին ելույթները՝ ողջ ընթացքում ոգևորելով և խրախուսելով ուսանողներին։

Համերգին հաջորդեց բաց զրույց՝ հարց ու պատասխանի ձևաչափով։ Ուսանողները հետաքրքրվեցին երաժիշտների ստեղծագործական ընթացքից, ոգեշնչման աղբյուրներից և իրենց մասնագիտական ուղու կարևոր պահերից։ Ալեքս Կալյեն պատմեց, որ երաժշտությամբ զբաղվելը իր համար երբեք որոշում չի եղել. «Եթե տաղանդը քո մեջ է, պարզապես սկսում ես անել այն, ինչից չես կարող խուսափել։ Տաղանդն այն է, ինչ քեզ ստիպում է առաջ գնաս, տեղում չմնաս, բայց տաղանդը պետք է դու էլ քո կողմից առաջ մղես, զարգացնես։ Զարգացնելու համար պետք է համառություն ու անկեղծություն»։ Նա հորդորեց ուսանողներին չվախենալ ստեղծել, հանդես գալ, փորձել ու սովորել սեփական սխալների վրա։

Ռայմոն Գիրցն իր հերթին ընդգծեց, որ ոգեշնչումը կարող է լինել ամեն տեղ՝ ֆիլմերում, մարդկանց պատմություններում, շրջակա միջավայրում։ «Պետք է բաց լինել կյանքի հանդեպ, որովհետև ամեն պահի հնարավոր է ստեղծագործելու ազդակ ստանաս»։

Քննարկման ընթացքում հյուրերը հատուկ ուշադրություն դարձրեցին դուդուկին․ ուսանողներից մեկը կատարեց փոքր երաժշտական հատված հայկական երաժշտական այդ գործիքով։ Բելգիացի խմբի անդամներին հատկապես հետաքրքրեց դուդուկի հնչողությունը։ Գեյկե Արնաերտը նշեց, որ գործիքն առանձնահատուկ ու զգայական է հնչում և, իր պատկերացմամբ, այն հետաքրքիր կարող է համադրվել էլեկտրոնային երաժշտության հետ՝ ստեղծելով նոր, ժամանակակից ձայնային լուծումներ։

Հանդիպումը եզրափակվեց ջերմ և մտերմիկ մթնոլորտում։ Հյուրերն ընդգծեցին՝ Թումոյի՝ ուսանողների «գունագեղությունը», կենտրոնի ազատ արտահայտման հարթակ լինելը։ Ժամանակակից տարբեր ոլորտների ուսուցանման մեջ Թումոյի նորարարական մոտեցումը մեծ տպավորություն էր թողել իրենց վրա։

«Մենք տեսանք մի միջավայր, որտեղ երիտասարդներն ունեն հնարավորություն իրենց տաղանդն ու միտքը զարգացնելու՝ ժամանակակից և ոգեշնչող պայմաններում։ Սա հազվագյուտ բան է, և մենք ուրախ ենք, որ եղանք այս գործընթացի մի մասը», - եզրափակեց Ալեքս Կալյեն՝ հավելելով, որ կցանկանար նման միջավայրում ու նման պատանիների համար աշխատարան վարել։

shushan karapetyan

14.05.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.