1830 թվականի դեկտեմբերի 10-ին է ծնվել ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսընը(1830-1886)։ Բանաստեղծուհի, որը կենդանության օրոք հրատարակել է շուրջ մեկ տասնյակ բանաստեղծություն և հայտնի դարձել միայն մահվանից հետո՝ ահռելի ազդեցություն թողնելով համաշխարհային պոեզիայի զարգացման վրա։ Է․ Դիքինսընը զարմանալիորեն միավորում է ինքնամփոփ էությունն ու ազատ մտածողությունը։ Հայտնի է, որ նա ամբողջ կյանքում չի լքել Մասաչուսեթսի փոքրիկ Ամերսթ քաղաքում գտնվող իր հայրական տունը, սակայն մահից հետո նրա թողած շուրջ 1800 բանաստեղծությունները կտրել ու կտրում են ժամանակ ու տարածություն՝ հիացնելով իրենց խորությամբ, նորարարությամբ, մտածողության կերպով ու արտահայտության նոր ձևերով։
Դիքինսընի պոեզիայի հիմնական նորարությունը պոետական լեզվի մեջ է․ անսովոր ռիթմեր, իմաստային ընդհատումներ ու շեշտեր, անկանոն հանգեր, մեծատառերի յուրահատուկ կիրառություն, որոնք բառերին ու ամբողջ բանաստեղծությանը իմաստային նոր երանգներ են հաղորդում։ Այս և գեղարվեստական այլ առանձնահատկություններ Դիքինսընին դարձնում են համաշխարհային մոդեռնիստական պոեզիայի սկզբնավորողներից մեկը՝ նույնիսկ նախքան մոդեռնիզմի պաշտոնական ծնունդը։ Թեմատիկ առումով բանաստեղծու գործերը նույնպես բազմազան են․ մահը և նոր իրականություն, սեր ու ներքին պայքար, լռություն ու հայեցում։ Լուռ, ինքնամփոփ ներհայեցումն է, որ ազատություն է տալիս բանաստեղծուհուն, արտաքին աշխարհի աղմուկներից անդին բացում նոր ու խորը տարածություններ, ծնում նոր ապրումներ ու խորհրդավոր ընկալումներ։ Էմիլի Դիքընսինի շատ գործեր թարգմանվել են նաև հայերեն։ Ներկայացնում ենք այդ թարգմանություններից մի քանիսը։
Բախտը քաղցր է նրա համար
Բախտը քաղցր է նրա համար,
Ում բախտը չի բերել երբեք.
Քաղցր հյութն զգալու համար
Մեծ պապակ է պետք:
Հաղթողներից և ոչ մեկը,
Ում դրոշը ցոլաց անթարթ,
Չգիտե, թե ինչ ասել է
Լինել միշտ անպարտ:
Մեռնող պարտվածն այն լավ գիտե,
Ում ականջին հեռվում պայթեց
Ցավոտ, սակայն այնպես հստակ
Հաղթանակը մեծ։
Հույսը երգող մի թռչուն է
Հույսը երգող մի թռչուն է,
Թափառում է նա հոգում՝
Ու գեղգեղում առանց բառի,
Երբեք նա չի հոգնում:
Անուշ է երգը սյուքի հետ,
Մրրիկն՝ անգութ այնպես,
Որ սառեցնում է թռչնակին,
Որ տաքացնում էր մեզ:
Լսել եմ երգը ցուրտ երկրում,
Եվ ծովերում անտակ,
Բայց նա երբեք վհատվելիս
Ինձնից չուզեց փշրանք:
թարգմ․՝ Սամվել Մկրտչյանի
Հաղթանակը ուշ է գալիս
Հաղթանակը ուշ է գալիս,
Դիպչում սառող շուրթերին.
Ցրտահարված արդեն-
Անզգա.
Ինչքան քաղցր կլիներ այն,
Կաթիլը միայն.
Ժլա՞տ էր այդքան Աստված:
Բարձր է Նրա սեղանը մեզ համար-
Ոտնաթաթերի վրա էլ՝ անհաս:
Փշրանքը փոքր բերանների համար է,
Շիկահավերի համար՝ կեռասը,
Արծիվներին խեղդում է ոսկի նախաճաշը:
Աստված ճնճղուկներին է հավատարիմ,
Որ քիչ սեր ունեն – քաղցել գիտեն:
Հոգին ընտրում է հանրությունն իր
Հոգին ընտրում է հանրությունն իր,
Հետո՝ դռները փակում-
Երկնային այդ մեծ խմբին
Ոչ ոք չի խառնվում:
Անտարբեր, երբ կառքերն են կանգնած
Դարպասի առաջ նրա ցած-
Անտարբեր, երբ գորգին
Արքան է ծնկած:
Ես գիտեմ նրան- բազմությունից
Ընտրում է մեկին-
Հետո՝ փեղկերն ուշադրության
Փակում- նման քարին:
Ես մահացա գեղեցկության համար
Ես մահացա գեղեցկության համար,
Հազիվ էի գերեզմանիս մեջ հարմարվել,
Երբ մեկը, կողքիս գերեզմանից,
Որ ճշմարտության համար էր մահացել
Հարցրեց կամաց. «Ինչի՞ մեռար»:
«Գեղեցկության համար»:
«Ես էլ՝ ճշմարտության,
Եղբայրներ ենք»,- ասաց:
Խոսեցինք մենք, ինչպես
Գիշերն հանդիպած հարազատներ –
Մինչ մամուռը մեր շուրթերին հասավ
Եվ ծածկեց անունները մեր:
թարգմ․՝ Հերմինե Նավասարդյանի
Հայր մեր, որ երկնքում ես
Հայր մեր, որ երկնքում ես,
Հոգ տար մկնիկի մասին,
Որ կատվի թաթերի մեջ է:
Մի պստիկ տեղ գտիր քո արքայությունից
նշված՝ «Մկան համար»:
Սերովբեական խաղաղ դարակում բաժակների
Թույլ տուր նրանց ամբողջ օրը կրծել,
Մինչ բանից անտեղյակ անիվները հեծանվի
Հանդիսավոր կերպով կգլորվեն հեռու:
Ես գնացի շնորհակալություն հայտնելու
Ես գնացի շնորհակալություն հայտնելու,
Բայց նա քնած էր:
Անկողինը փորված էր քարի մեջ,
Գլխավերևում ու ոտքերի տակ՝ լիքը ծաղիկներ,
Որ ճամփորդներն էին թողել ու հեռացել:
Մարդիկ, որ կուզեին շնորհակալ լինել,
Բայց նա քնած էր:
Ավելի հեշտ էր ծովն անցնել
Ու տեսնել նրան չմեռած,
Բայց ժամանակը ետ բերելը
դանդաղ է ստացվում մի քիչ:
թարգմ․՝ Հասմիկ Սիմոնյանի
Թարգմանությունների աղբյուրներ՝ Սամվել Մկրտչյան,
Թարգմանություններ (2 հատորով), Երևան, 2009
www.granish.org www.grakantert.am