5-րդ դարի պատմագրության էջերում պահպանվել ու մեզ են հասել ոչ միայն տղամարդկանց հերոսական, ողբերգական ու գեղեցիկ կերպարներ, այլև կանանց։ Ի մասնավորի Եղիշե պատմիչը Վարդանանց հայոց պատերազմի ու Ավարայրի ճակատամարտի հավաստի, տպավորիչ ու ոգեշնչող պատկերների կողքին ներկայացնում է նաև հայ հերոսների կանանց, մայրերի, քույրերի վարքի առինքնող պատկերներ։ Թեև պատմիչն ասում է, որ անուն առ անուն գիտե գերվածների ու նահատակների հինգ հարյուր կանանց, սակայն միաժամանակ չգիտի շատ-շատերինը, ըստ այդմ էլ՝ նրանց ներկայացնում հավաքական ամբողջության մեջ, որպես Հայոց փափկասուն կանայք։ Նրանք դժվարագույն պայմաններում, կորուստների ցավի ու չփարատվող վշտի մեջ պահպանում են իրենց խոնարհությունն ու առաքինությունը, դիմանում փորձություններին, կիսում իրենց սիրելիների ճակատագիրն ու ողբերգությունը։ Պատմիչը ցույց է տալիս ընդհանուր վտանգի ու ողբերգության մեջ, ապա նաև պատերազմից հետո հասարակության տարբեր շերտերի համերաշխությունը։ Եղիշեն ստեղծում հայոց կանանց առինքնող ու գաղափարապես հագեցած հավաքական կերպար, որը նույնիսկ այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը։ Ներկայացնում ենք Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» նշանավոր երկի, հայ կանանց նվիրված հատվածը։
Իսկ երանելի առաքինիների և կապվածների ու պատերազմում ընկածների կանանց ամբողջ Հայոց աշխարհում ես հաշվել չեմ կարող, որովհետև չիմացածներս ավելի շատ են, քան թե իմացածներս: Հինգ հարյուրի չափ անուն-անուն ճանաչում եմ, ո՛չ միայն նրանց, ովքեր ավագագույններից էին, այլև շատերին կրտսերագույններից:
Բոլորը միահամուռ երկնավոր նախանձով լցված ամենևին պակաս չմնացին նրանցից, ովքեր աշխարհ չէին մտել: Որովհետև թե՛ ավագագույնները և թե՛ մանկագույնները հավատի միևնույն առաքինությամբ զգեստավորվեցին: Ամենևին չհիշեցին` մայրենի ազատության փափկության անունը, այլ իբրև այնպիսի մարդիկ, որոնք հենց սկզբից նեղությունների են համբերել շինական սովորությունների օրինակով և տանջվելով են անցկացրել իրենց կյանքը, նրանցից է՛լ ավելի մեծ վշտերի համբերել հանձն առան:
Ո՛չ միայն իրենց հոգիների մեջ մխիթարված էին հավիտենական հույսի աներևույթ զորությամբ, այլև մարմնի նեղություններով է՛լ ավելի կրեցին ծանր բեռը։ Որովհետև թեպետ ամեն մեկն էլ իրենց ձեռնասուն սպասավորներն ունեին, բայց նրանց մեջ չէր երևում, թե ո՛րն է տիկինը և կամ ո՛րը նաժիշտը. բոլորի զգեստները` միատեսակ էին և միապես երկուսն էլ պառկում էին գետնին: Ոչ մեկը մյուսի համար անկողին չէր գցում. որովհետև մինչև իսկ չգիտեին խոտեղենները` ջոկել միմյանցից. միևնույն թուխ գույնն ունեին փսիաթները և միևնույն սև գույնի էին գլխատակերի բարձերը:
Չկային նրանց համար առանձին անուշահամ կերակուրներ պատրաստող խոհարարներ և ոչ էլ ջոկ հացարարներ՝ նրանց ազատների սովորության համաձայն սպասավորելու համար, այլ [այդ ամենը] ընդհանուր էր: Շաբաթամուտն [անց էին կացնում] անապատում բնակվող միայնակյացների կարգով: Ո՛չ ոք մյուսի ձեռին ջուր չէր լցնում, և ո՛չ էլ կրտսերները ավագներին սրբիչ էին մատուցանում. փափկասուն կանանց ձեռքը օճառ չընկավ, և յուղ չառաջարկվեց ուրախության հանդեսների համար: Նրանց առջև` մաքուր սկուտեղներ` չդրվեցին և ո՛չ էլ բաժակակալներ տրվեցին ուրախության համար. նրանցից ոչ մեկի դռների մոտ նվիրակ չկանգնեց, և պատվական մարդիկ չկանչվեցին նրանց խնջույքի սեղանին. նրանց մտքերից չանցավ, թե գուցե սնուցանող որևէ դաստիարակ կամ մի սիրելի հարազատ ունեն:
Փոշոտվեցին ու ծխոտվեցին նորահարսների սրահակներն ու առագաստները և սարդի ոստայններ` ձգվեցին նրանց հարսնարաններում . կործանվեցին նրանց դահլիճների բարձր գահերը և խանգարվեցին նրանց սեղանների պարագաները. ընկան-կործանվեցին նրանց ապարանքները, և տապալվեցին ու ավերվեցին նրանց ապաստան ծառայող ամրոցները: Չորացան-ճռզեցին նրանց ծաղկանոցների բուրաստանները, և արմատախիլ եղան նրանց գինեբեր այգիների տունկերը:
Իրենց աչքերով տեսան իրենց կայքերի հափշտակությունը և իրենց ականջներով լսեցին իրենց սիրելիների վշտերն ու չարչարանքները, նրանց գանձերն առան, թագավորական արին, և ամենևին զարդեր չմնացին նրանց երեսների վրա:
Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որոնք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահավորակների մեջ. շարունակ բոբիկ ու ոտքով էին գնում աղոթատները, առանց ձանձրանալու ուխտելով և խնդրելով, որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը:
Ովքեր իրենց մանկությունից հորթերի ուղեղներով և էրեների` փափուկ մսով էին սնվել, մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում վայրենիների նման և ամենևին չէին հիշում իրենց սովորական` փափուկ կյանքը: Նրանց մարմինների մորթը սև գույն ստացավ, որովհետև ցերեկն արևակեզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետնի վրա էին
քնում:
Մշտական սաղմոսներն էին նրանց բերանների մրմունջները, իսկ կատարյալ մխիթարությունը` մարգարեների [գրքերի] ընթերցումն էր: Երկու-երկու միաբանվեցին` իբրև իրար համաձայն ու հավասար ամոլներ՝ ուղիղ տանելով արքայության ակոսը, որպեսզի առանց վրիպելու հասնեն խաղաղության նավահանգիստը:
Մոռացան իրենց կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ, կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։ Միամտությամբ հաղթեցին խորամանկությանը և սուրբ սիրով լվացին նախանձի կապտագույն ներկվածքը. կտրեցին ագահության արմատները և չորացան նրանց ոստերի մահաբեր պտուղները: Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությունը և միևնույն խոնարհությամբ հասան երկնավոր բարձրությանը: Աղոթքով բաց արին երկնքի փակված դռները և սուրբ` խնդրվածքներով հրեշտակներին ցած բերին փրկության համար. ավետիս լսեցին հեռաստանից և փառավորեցին աստծուն բարձունքում:
Այն այրիները, որ նրանց մեջ կային, նորից առաքինության հարսներ դարձան և իրենց վրայից վերացրին այրիության նախատինքը: Իսկ կապվածների կանայք կամովին կապեցին իրենց մարմնավոր ցանկությունները և հաղորդակից եղան սուրբ` կապվածների ` չարչարանքներին. իրենց կյանքում նմանվեցին մեռած քաջ նահատակներին, և հեռվից մխիթարիչ վարդապետներ եղան բանտարկվածներին: Իրենց մատներով աշխատեցին ու կերակրվեցին, և թագավորից նրանց համար նշանակված ռոճիկը տարեցտարի թոշակ էին անում և նրանց ուղարկում` մխիթարելու համար: Նմանվեցին անարյուն ճպուռներին, որոնք իրենց երգի քաղցրությամբ ապրում են առանց կերակրվելու և կենդանի են միայն օդ ծծելով՝ նմանվելով անմարմին [հրեշտակ]ներին:
Շատ ձմեռների սառույցներ` հալվեցին, գարուն հասավ և նոր ծիծեռներ եկան. կենցաղասեր մարդիկ տեսան և ուրախացան, բայց նրանք երբեք չկարողացան տեսնել իրենց անձկալներին: Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հավատարիմ ամուսիններին, բայց նրանց աչքերը կարոտ մնացին նրանց երեսների ցանկալի գեղեցկությունը` տեսնելու: Որսի բարակները վերջացան, և բոլորովին դադարեցին որսորդների արշավանքները: Նրանք հիշվեցին միայն գրված հիշատակարաններով, և ոչ մի տարեկան տոն նրանց հեռու օտարությունից տուն չբերեց. նրանց ճաշատեղերին նայեցին ու արտասվեցին և բոլոր ատյաններում հիշեցին նրանց անունները: Շատ արձաններ էին կանգնեցրած նրանց անվանը, և ամեն մեկի անունը նշանակված էր նրանց վրա:
Եվ մինչդեռ այսպես ամեն կողմից ալեկոծվում էին նրանց մտքերը, նրանք ամենևին չթուլացան երկնավոր առաքինությունից: Դրսից նայողներին երևում էին որպես սգավոր և չարչարված այրիներ, իսկ իրենց սրտերում զարդարված ու մխիթարված էին երկնավոր սիրով:
Այլևս սովորություն չարին հեռու երկրից եկած մեկին հարցնելու, թե ե՜րբ կլինի, որ տեսնենք մեր սիրելիներին. այլ այն էր նրանց իղձն ու աղոթքն առ աստված, որ ինչպես սկսել են, այնպես էլ քաջությամբ ու երկնավոր սիրով լի նույնը գլուխ հանեն-վերջացնեն:
Ե՛վ մենք, և՛ նրանք առհասարակ ժառանգենք` երկնքի արքայությունը և հասնենք այն ամենին, ինչ որ խոստացված է աստծու սիրելիներին հանուն մեր տեր Հիսուս Քրիստոսի: