• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» և Վերդիի «Տրավիատան»

Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» և Վերդիի «Տրավիատան»

1852 թվականին Փարիզում իտալացի նշանանավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին դիտում Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» վեպի հիման վրա բեմադրված պիեսը։ Այդ ներկայացումն այնքան է տպավորում կոմպոզիտորին վրա, որ նա գրեթե անմիջապես որոշում այն դարձնել  օպերայի։ Շատ արագ ծնվում է  «Տրավիատան»․ մի ստեղծագործություն, որը թեև սկզբում տապալվեց, սակայն հետագայում դարձավ համաշխարհային օպերային արվեստի ամենասիրված գործերից մեկը։ 

Առաջին հայացքից կոմպոզիտորի ընտրությունը կարող էր տարօրինակ թվալ։ 19-րդ դարում օպերաները հիմնականում պատմում էին թագավորների, պատմական հերոսների կամ առասպելական կերպարների մասին։ Իսկ Դյումայի ստեղծագործության գլխավոր հերոսուհին կուրտիզանուհի էր։ Գործողությունները տեղի էին ունենում ժամանակակից Փարիզում, իսկ ողբերգության պատճառը ոչ թե պատերազմն էր, այլ հասարակության կեղծ բարոյականությունը։

      Սակայն, հենց սա էլ գրավում է Վերդիին։  Կոմպոզիտորը համոզված էր, որ օպերան պետք է խոսի ոչ միայն անցյալի, այլև իր ժամանակի մարդկանց ու խնդիրների մասին։ Նրա համար կարևոր էր բեմ բարձրացնել այնպիսի պատմություն, որտեղ հանդիսատեսը կտեսներ իր իրականությունը։

      Այս ընտրության մեջ կար նաև անձնական պատճառ։ Այդ տարիներին Վերդին ապրում էր հայտնի սոպրանո Ջուզեպպինա Ստրեպպոնիի հետ՝ առանց պաշտոնական ամուսնության։ Նրանց հարաբերությունները հաճախ էին քննադատվում հասարակության պահպանողական մասի կողմից, իսկ Ստրեպպոնին իր անցյալի համար մշտապես ենթարկվում էր  դատապարտման։ Շատ երաժշտագետներ կարծում են, որ Վերդին Վիոլետայի կերպարում տեսնում էր ոչ միայն Դյումայի հերոսուհուն, այլև ընդհանրապես այն կնոջը, որին հասարակությունը մերժում ու պախարակում է նրա կենսագրության պատճառով։

      Վերդին ցանկանում էր նաև, որ օպերայի գործողությունները տեղի ունենային Փարիզում՝ ժամանակակից զգեստներով ու միջավայրում։ Սակայն, գրաքննությունը դա չափազանց համարձակ համարեց և պահանջեց պատմությունը փոխադրել ավելի վաղ դարաշրջան։ Կոմպոզիտորի մտահղացումը միայն տարիներ անց ամբողջությամբ իրականացվեց։

     Հետաքրքիր է, որ «Տրավիատայի» առաջին՝ 1853 թվականի ներկայացումը հաջողություն չունեցավ։ Հիմնական պատճառներից մեկը դերակատարների անհաջող ընտրությունն էր․ հանդիսատեսը չէր հավատում երիտասարդ ու մահամերձ Վիոլետայի կերպարին։ Սակայն արդեն մեկ տարի անց, նոր բեմադրությամբ, օպերան մեծ հաջողություն ունեցավ և սկսեց իր հաղթարշավը աշխարհի թատրոններում։

«Տրավիատայի»  ամենից հայտնի բեմադրություններից մեկում գլխավոր դերում Մարիա Կալլասն է։ Կալասի Վիոլետան համարվում է օպերայի պատմության ամենահաջող մեկնաբանություններից մեկը․

Վերդին Դյումայի ստեղծագործությունն ընտրեց ոչ միայն գեղեցիկ սիրո պատմության համար։ Նրան հետաքրքրում էր շատ ավելի կարևոր հարց՝ արդյո՞ք հասարակությունն իրավունք ունի դատելու մարդուն նրա անցյալի համար։ Այդ պատճառով էլ Վիոլետան դարձավ ոչ թե «ընկած կնոջ», այլ սիրո, արժանապատվության և անձնազոհության խորհրդանիշ։

Թերևս հենց սա է «Տրավիատայի» անմահության գաղտնիքը։ Ավելի քան 170 տարի անց այն շարունակում է հուզել հանդիսատեսին, որովհետև պատմում է ոչ միայն սիրո, այլև նախապաշարմունքների, հասարակական կեղծ բարոյականության և մարդկային ազնվության մասին։

 

 

 

Art 365

26.07.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.