Դավիթը հաղթեց մարմարե հսկա Գողիաթին
Հայտնի է, որ մարմարի հսկայական կտորը, որից ինչպես առասպելական հերոս հետագայում ծնվում է Դավիթը, շուրջ 40 տարի լքված ընկած էր Ֆլորենցիայում։ Տեղացիները քարին գիգանտ՝ հսկա անունն էին տվել։ Մինչ Միքելանջելոն, այլ քանդակագործներ փորձել էին այդ քայլից ծնունդ տալ Դավթին, սակայն հաջողացրել էին փչացնել քարը՝ անցքեր բացելով և թուլացնելով այն։ Բոլորը կարծում էին, որ քարն անպիտան է արվեստի համար, մինչև որ 25-ամյա Միքելանջելոն չստանձնեց այս աշխատանքը։

Ըստ քաղաքային խորհրդի հաստատած նախագծի Դավիթը Ֆլորենցիայի Սանտա Մարիա Դել Ֆիորե տաճարը զարդարող սուրբգրային 16 կերպարներից մեկը պետք է լիներ։ Խորհուրդը արձանների ստեղծման նպատակով պայմանագրեր է կնքում ժամանակի ամենահայտնի քանդակագործների հետ։ Դավթի արձանի ստեղծման համար պայմանագիր է կնքվում Ագուստինոյի հետ։ 1466 թվականին Ագուստինոն դադարեցնում է աշխատանքը դեռ չսկսած։ 1476 թվականին պայմանագիր է կնքվում մեկ այլ քանդակագործի՝ Ռոսսելինոյի հետ, սակայն նա էլ չի կատարում աշխատանքը։ Ջորջիո Վազարիի հաղորդման համաձայն, նույնիսկ որոշում են խորհուրդ հարցնել Լեոնարդո Դա Վինչիից։ Հենց նրա խորհրդով էլ թերևս 1501 օգոստոսին պայմանագիր է կնքվում Միքելանջելոյի հետ, որն էլ հաղթահարելով բոլոր դժվարությունները, նախորդ վարպետների՝ քարին պատճառված վնասները՝ ծնունդ է տալիս Դավթին։ Դավիթը հանճարեղ վարպետի օգնությամբ հաղթում է ահռելի մարմարի կտորին ու լույս աշխարհ դուրս գալիս։

Դավիթ և Հերակլես
1503 թվականին հունիսի 23-ին արձանը ներկայացվում է Ֆլորենցիայի իշխանություններին և ժողովրդին։ Սկսվում են խորհրդակցություններ, թե որտեղ պետք է տեղադրվի արձանը։ Անցնող տասնամյակների ընթացքում շատ բան էր փոխվել, նաև փոխվել է Ֆլորենցիայի գլխավոր տաճարն արձաններով զարդարելու ծրագիրը։ Երկար խորհրդակցություններից հետո որոշվում է արձանը տեղադրել Պալացիո Վեկկոյի մոտ։ 1504 թվականի հունսի 8-ին արձանը մեծ դժվարությամբ տեղադրվում է հրապարակում, որտեղ էլ Միքելանջելոն կատարում է վերջին աշխատանքները։ Նախատեսվում էր, որ քաղաքի մտավոր զորությունը խորհրդանշող Դավթի կողքին վարպետը պետք է ստեղծեր նաև Ֆլորենցիայի մարտական ուժը խորհրդանշող Հերակլեսին, սակայն այս ծրագիրն իրականություն չի դառնում։

Հանճարի «սխալները»
Արվեստաբանները հաճախ նշում են, որ Դավիթի աջ ձեռքն ու գլուխը անհամաչափ մեծ են մարմնի համեմատությամբ։ Սա պատահականություն չէ։ Քանի որ ի սկզբանե արձանը պետք է տեղադրվեր տաճարի տանիքի եզրին։ Միքելանջելոն հաշվարկել էր դիտանկյունը․ ներքևից՝ վերև նայելիս այդ մեծացված մասերը պետք է կատարյալ ու համաչափ երևային։ Բացի այդ, խոշոր աջ ձեռքը խորհրդանշում էր manu fortis-ը (ուժեղ ձեռք), ինչը Ֆլորենցիայի հանրապետության խորհրդանիշն էր։

Տարօրինակ աչքեր
Միայն վերջերս կատարված լազերային հետազոտությունները պարզեցին, որ Միքելանջելոն Դավիթի բիբերը քանդակել է սրտաձև։ Երբ լույսն ընկնում է արձանի վրա, այդ փոսիկները ստվեր են ստեղծում՝ հայացքին հաղորդելով անհավանական խորություն և կենդանություն։ Թվում է, թե արձանը հետևում է դիտողին։

Վստահելով Աստծուն
Միքելանջելոն առաջինն էր, ով Դավթին կերտեց առանց ռազմական հանդերձանքի ու լիովին մերկ։ Սա ոչ միայն տուրք էր անտիկ շրջանի գեղագիտությանը, այլև ընդգծումը, որ Դավիթը հրաժարվեց Սավուղի տված զրահից ու զենքից՝ վստահելով միայն Աստծուն և սեփական պարսատիկին։ Ի տարբերություն այլ արվեստագետների՝ Դոնատելլոյի կամ Վերոկիոյի դավիթների, որոնք պատկերված են Գողիաթի նկատմամբ տարած հաղթանակից հետո, Միքելանջելոյի Դավիթն այս քանդակում դեռևս չի հաղթել իր ահռելի թշնամուն։ Նա սպասման ու նույնիսկ որոշակի տագնապի մեջ է։ Ճակատը կնճռոտ է, հայացքը՝ լարված, աչքերի մեջ՝ ցասում ու անխուսափելի թվացող կործանման սպասում։ Սա այն պահն է, երբ պետք է նետվի քարը։ Իր ամբողջ մարմնական կատարելությամբ հանդերձ,Դավիթը մարդկային կամքի, հավատի ուժի, Արարչի նկատմամբ վստահության խորհրդանիշն է, այլ ոչ թե ֆիզիկական զորության։
