• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Դանտե և Բեատրիչե․ երկրային սիրուց դեպի աստվածային սեր

Դանտե և Բեատրիչե․ երկրային սիրուց դեպի աստվածային սեր

Գրականության պատմության մեջ  դժվար է գտնել մեկ այլ կնոջ, որն այդքան մեծ ազդեցություն է գործել  գրողի ստեղծագործության վրա, որքան Բեատրիչեն  Վերածննդի  մեծ բանաստեղծ Դանտե Ալիգիերիի (1265–1321) գրականության վրա։ Դանտեի ու Բեատրիչեի  պատմությունն ավելի է քան սիրավեպը։ Բեատրիչեն իտալացի բանաստեղծի համար ոչ միայն ներշնչանքի աղբյուր էր, այլև հոգևոր փորձառության ու վերափոխման առաջնորդող, ճանապարհ դեպի Աստված ու աստվածային մեծ սեր։

 

Ո՞վ էր Բեատրիչեն

 

Բեատրիչեին Դանտեն  առաջին անգամ հանդիպում են Ֆլորենցիայում, երբ երկուսն էլ երեխաներ էին։ Դանտեն մոտ ինը տարեկան էր, իսկ Բեատրիչեն՝ նրանից փոքր։ Հաջորդ հանդիպումը լինում է ինը տարի անց։ Այս հպանցիկ հանդիպումները ամբողջությամբ փոխում են Դանտեի կյանքը։ Բեատրիչեի նկատմամբ զգացմունքները ամբողջությամբ կլանում են բանաստեղծին։ Ուսումնասիրողները այս հերոսուհուն նույնացնում են Բեատրիչե Պորտինարիի (1265-1290) հետ, որը ֆլորենտացի ազնվական ու հարուստ ընտանիքից էր: Իրական Բեատրիչեն, սակայն  ողբերգական ճակատագիր է ունենում։ Ամուսնանում է, ապա  մահանում շատ վաղ՝ ընդամենը 24 տարեկանում։ Նրա մահը ցնցում է բանաստեղծին։  Ուշագրավ է, որ Դանտեն և Բեատրիչեն, ըստ ամենայնի, գրեթե չեն շփվել։ Սակայն երկու  կարճ հանդիպումները բավական են լինում,  որպեսզի երիտասարդ բանաստեղծի երևակայության մեջ Բեատրիչեն դառնա գեղեցկության և բարոյական կատարելության մարմնավորում։

 

Բեատրիչեն «Նոր կյանք»-ում

 

Դանտեի առաջին մեծ ստեղծագործությունը՝ «Նոր կյանք» (La Vita Nuova) սոնետների ժողովածուն, ամբողջությամբ նվիրված է Բեատրիչեին։ Այս գրքում բանաստեղծը պատմում է իր սիրո պատմությունը, հանդիպումները, ապրումները, երազները և այն ցավը, որն զգաց Բեատրիչեի մահվան լուրը լսելիս։ Գրքի վերջում Դանտեն խոստանում է այլևս չգրել Բեատրիչեի մասին, մինչև չկարողանա նրա մասին ասել այն, «ինչ երբեք չի ասվել որևէ կնոջ մասին»։ Տարիներ անց այդ խոստումը պիտի իրականանար։

 

Բեատրիչեն «Աստվածային կատակերգություն»-ում

 

Դանտեի գլխավոր ստեղծագործությունում՝ «Աստվածային կատակերգություն» պոեմում, Բեատրիչեն այլևս պարզապես սիրելի կին չէ։ Նա վերածվում է երկնային իմաստության, աստվածային շնորհի և փրկության խորհրդանիշի։ Եթե պոեմի սկզբում Դանտեին Դժոխքի և Քավարանի խորխորատներով  առաջնորդում է հռոմեացի բանաստեղծ Վերգիլիուսը, ապա Դրախտի շեմին նրան փոխարինում է Բեատրիչեն․

 

Երբ ես տեսա իմ տիրուհուն, որ դարձած

Դեպի ձախ կողմ, պիշ նայում էր արևին.

Արծիվն անգամ նրան այնպես չէր նայած:


 Եվ ինչպես որ շողը ծագում է շողից

Ու վերստին բարձրանում է դեպի վեր,

Ինչպես բազեն, որ թռչում է վեր նորից,

 

Այսպես նրա սևեռաբիբ նայվածքից

Առաջացավ իմ հայացքը անսովոր,

Որով արփին ես դիտեցի ներքևից:


Այն, ինչ երկրում անկարող ենք մենք անել,

Աստ կարող ենք, շնորհիվ տեղանքի,

Որ ի վերուստ մարդկանց համար է հաստվել:


Ես այդ լույսին չտոկացի շատ երկար,

Բայց տեսա, որ նա կայծեր էր արձակում,

Ինչպես երկաթն հանված բովից թեժ ու վառ:


Տվնջյան լույսն հանկարծ աճեց իմ աչքում,

Ինչպես եթե ամենակալ Տերը մեր

Մի նոր արև դրած լիներ երկնքում:

 

Բեատրիչեն աչքերն հառել էր հավերժ

Երկինքներին, ես էլ նրան հառեցի

Իմ աչքերը զմայլյալ ու այլամերժ:

 

Նրա տեսքից գերմարդացա ես տակավ,

Գլավկն ինչպես դարձավ աստված ծովային,

Երբ մի տեսակ խոտ համտեսեց ու կերավ:

 

Գերմարդանալն անհնար է բացատրել,

Սակայն բավ է այս օրինակը նրան,

Ով կարող է այդ իր փորձով հաստատել:

 

 Թե ես միայն հոգով էի համբառնում,

Դու լոկ գիտես, ո՛վ երկինքը վարող Սեր,

Որ բարձրացրիր ինձ քո ուժով անհատնում:

 

Հերոսուհին առաջնորդում է Դանտեին դեպի երկնային ոլորտներ։ Նա մեկնաբանում է Դրախտի օրենքները, ցույց տալիս հոգևոր կատարելության հասնելու ճանապարները և Աստծու տեսությանն արժանանալու պայմանները․ 

 

Բեատրիչեն այս երգն այսպես սկսեց,

Այնուհետև առանց դադար առնելու

Իր սրբազան միտքը այսպես ինձ պարզեց.


«Մեծ պարգևը, որ Արարիչն էակին

Ստեղծելով՝ բաշխեց նրան բարությամբ,

Եվ որ նրա համար գանձ է թանկագին,

 

Դա ինքնիշխան ազատությունն է կամքի,

Որով օժտված և օժտվում են ի ծնե

Իմացական էակները հատկակի։

 

Այստեղից էլ քեզ կլինի պարգևած

Մեծ արժեքը ուխտի, եթե, իհարկե,

Մարդու ուխտին հավանություն տա Աստված:

 

Զի երբ Աստված և մարդ դաշինք են կնքում,

Զոհվում է այս թանկագին գանձն իմ ասած,

Եվ այդ բանը հոժար կամքով է արվում:

 

Ուրեմն ուխտին փոխարինող էլ ի՞նչ կա.

Ուրիշ բանով փոխարինել կամ փոխել,

Դա ուզել է, որ վատից լավ բան դուրս գա:

 

Ըստ այդմ էլ, եթե Վերգիլիոսը մարդկային բանականության մարմնավորումն է, ապա Բեատրիչեն՝ աստվածային ճշմարտության և հոգևոր լուսավորության։ Նա այն ուժն է, որը մարդուն բարձրացնում է երկրային սիրուց դեպի աստվածային սեր։

 

Օ՛, ճշմարիտ ճառագայթում Սուրբ Հոգու։
Ինչպես հանկարծ նա շողշողաց այնպես վառ,
Որ շլացրեց անզոր աչքերն իմ երկու։

Բեատրիչեն այնքան չքնաղ էր դառել
Ու զվարթուն, որ նրա տեսքը հիմա
Ես չեմ կարող հիշողությամբ պատկերել։

Երբ շլացած աչքերս նորից բացվեցին,
Տիրուհուս հետ փոխադրված ինձ տեսա
Նոր բարձրադիր մի երկնքում բերկրածին։

Իմ համբարձման անդրադարձա ես իսկույն՝
Ի շնորհիվ փայլատակման նոր երկնի,
Որ ինձ թվաց արտասովոր շառագույն։

Ամբողջ սրտով ու բարբառով բոլորի
Ես հայտնեցի իմ գոհությունն Աստուծո,
Որ դարձրել էր ինձ արժանի նոր շնորհի։

Բնագրի աղբյուրը՝ Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն,

թարգմ․՝ Արբուն Տայան, Երևան, 1983։

Art 365

10.06.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.