Ֆուտբոլի անբաժանելի մասը երկրպագուներն են, որոնք էլ տարբեր կերպ, հաճախ երգերով աջակցում են իրենց սիրելի թիմերին, հատկապես ազգային հավաքականներին։ Այդ երգերը ոգևորում են ֆուտբոլիստներին ու ֆուտբոլասերներին, դառնում են հաղթանակները նշելու, հույզերն արտահայտելու միջոց, ընդգծում ազգային միասնությունը։ Եթե Անգլիայի հավաքականի երկրպագուները երգում են Sweet Caroline-ը, իսկ իտալացիները՝ Po po po po po po po-ն, ապա 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղերից առաջ մարզադաշտերում հնչում է Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» նշանավոր երգը ։
Ինչո՞ւ Ազնավուր
Այս առինքնող երգի՝ «Emmenez-moi»-ի («Տարե՛ք ինձ, տարեք»), առաջին իսկ հնչյուններից հետո տասնյակ հազարավոր ֆրանսիացի երկրպագուներ միաձայն երգում են ստեղծագործությունը՝ այն վերածելով յուրօրինակ օրհներգի։ Այլ հանգամանքներում, այլ նպատակներով ու ապրումներով ավելի քան կես դար առաջ գրված այս քնարական երգը նոր կյանք ու իմաստներ ստացավ Աշխարհի առաջնության շրջանակում և միավորեց ֆրանսիացի երկրպագուներին։
Այս ընտրությունը պատահական չէր։Պարզվում է, որ «Emmenez-moi»-ն ֆրանսիական ֆուտբոլում նոր երևույթ չէ։ Այն տարիներ շարունակ կապված է եղել Լիոնի «Օլիմպիկի» երկրպագուների հետ։ Սակայն այնտեղ երգը հնչել է բոլորովին այլ ձևով. երկրպագուները Ազնավուրի մեղեդու վրա ստեղծել էին իրենց սկզբունքային հակառակորդ՝ Սենտ Էտյենի դեմ ուղղված երգ («Emmenez-moi à Geoffroy-Guichard...»), որը դարձել էր Լիոն–Սենտ Էտյեն պատմական դիմակայության խորհրդանիշներից մեկը։
Բացի այդ, Շառլ Ազնավուրը ֆրանսիական մշակույթի ամենաճանաչված խորհրդանիշներից է, իսկ նրա երգերը վաղուց դարձել են ֆրանսիական մշակութային ինքնության անբաժանելի մասը։ «Emmenez-moi»-ի ընդգրկումը նախախաղային երաժշտական ծրագրում հիշեցնում է, որ Ֆրանսիան աշխարհին ներկայանում է ոչ միայն իր ֆուտբոլով, այլև իր արվեստով։
Միասնական երազանք
«Emmenez-moi»-ն ստեղծվել է 1967 թվականին։ Խոսքերի հեղինակը Շառլ Ազնավուրն է, երաժշտության հեղինակը՝ նրա մշտական ստեղծագործական գործընկեր Ժորժ Կառվարենցը։ Երգը թողարկվել է 1968 թվականին և հետագայում դարձել Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։
Առաջին հայացքից թվում է, թե երգը ճանապարհորդության մասին է։ Ազնավուրի հերոսը չարքաշ կյանքով ապրող մարդ է, որն ամեն օր նայում է նավահանգիստ մտնող նավերին և երազում է հեռանալ։ Նա ցանկանում է մեկնել հեռավոր՝ արևով ողողված երկրներ, որտեղ կյանքը գուցե ավելի գեղեցիկ է, ավելի թեթև, ավելի երջանիկ։ Սա փախուստի երգ չէ։ Սա հույսի, ազատության և նոր հորիզոնների ձգտման երգ է։
ՏԱՐԵՔ ԻՆՁ, ՏԱՐԵՔ
Նավահանգստում, որտեղ ձանձրույթից,
Ծանր բեռներից մեջքս է կորանում,
Մրգերով բեռնված նավեր են գալիս
Ու հանգրվանում:
Նրանք գալիս են ու երկրներից
Հեռու-հեռավոր,
Բերում են մտքեր թափառաշրջիկ
Ու արտասովոր:
Բերում են մտքեր խաբուսապատկեր,
Լազուր երկնքի
Ցոլքերի մասին:
Ու բարկ բուրմունքն է իմ շուրջը ծորում
Այն երկրների օտար, անծանոթ,
Եվ հավերժական ամառների շոգ,
Ուր, համարյա մերկ, մարդիկ են ապրում
Ծովի տաք ափին:
Ես, որ իմ կյանքում
Երկինքն եմ տեսել Հյուսիսի միայն,
Այս գորշությունից փրկվել եմ ուզում,
Ուզում եմ փոխել իմ վարքը ունայն:
Տարե՛ք ինձ, տարե՛ք աշխարհի ծայրը,
Տարե՛ք ինձ, տարե՛ք հրաշք երկրներ,
Ինձ թվում է, թե թշվառությունը
Արևի ներքո թեթև կլիներ:
Բարերում, երբ մենք արևամուտին,
Նավազների հետ սեղան նստելով,
Ասում-խոսում ենք աղջնակների ու սիրո մասին`
Գինի խմելով,
Ես ցնդվում եմ,
Ու մտքիս թևով
Զարմանահրաշ ամառվա գրկում,
Ու տեսնում եմ, թե ձեռքերը պարզած,
Ինչպես է սերը խելագարի պես
Հանկարծ թռչում եմ ու հայտնվում եմ
Պառկում՝ ավազին,
Վազում իմ դիմաց,
Ու փարվում եմ ես
Իմ երազանքին:
Իսկ այն ժամին, երբ բարը փակում են,
Ու նավազները
Գնում-նստում են իրենց նավերը,
Ես երազում եմ մինչև լուսաբաց՝
Նավահանգստում մեն-մենակ կանգնած:
Տարե՛ք ինձ, տարե՛ք աշխարհի ծայրը,
Տարե՛ք ինձ, տարե՛ք հրաշք երկրներ,
Ինձ թվում է, թե թշվառությունը
Արևի ներքո թեթև կլիներ:
Գուցե հենց այդ պատճառով էլ երգն այնքան բնական տեղավորվեց ֆուտբոլային միջավայրում։ Ֆուտբոլն էլ, ի վերջո, ճանապարհորդություն է։ Ամեն մրցաշար նոր ճանապարհ է, յուրաքանչյուր խաղ՝ նոր հանգրվան, իսկ յուրաքանչյուր երկրպագու իր հավաքականի հետ միասին գնում է դեպի մեծ երազանք, որի անունը հաղթանակ է։
Հենց այդ համամարդկային գաղափարն էլ, հավանաբար, բացատրում է, թե ինչու է երգն այսօր նույնքան արդիական, որքան կես դար առաջ։ Մարզադաշտում այն այլևս միայն մեկ մարդու երազանքը չէ. այն դառնում է հազարավոր մարդկանց միասնական ձայնը։
Մի գեղեցիկ օր,
Որպեսզի մեկնեմ,
Մի խարխուլ նավի
Նավահնոցում
Անգամ կաշխատեմ,
Ճամփա կընկնեմ ու կգնամ դեպի
Իմ տղայական երազանքները
Ու կղզիները հեռու, մեկուսի։
Որտեղ ամեն ինչ կյանքի համեմատ
Ոչինչ է, զրո,
Ուր աղջիկները, թույլ ու վեհերոտ,
Գերում են սրտեր,
Նրանք հյուսում են, ինձ ասել են, որ
Ծաղկե մանյակներ՝
Մարդկանց արբեցնող,
Մարդկանց խենթացնող:
Մի օր կփախչեմ` ես իմ անցյալը նավում թողնելով,
Եվ ես խղճի խայթ չեմ զգա բնավ,
Առանց ճամպրուկի, լիաթոք սրտով,
Ես կերգեմ զիլ, զրնգուն ձայնով.
Տարե՛ք ինձ, տարե՛ք աշխարհի ծայրը,
Տարե՛ք ինձ, տարե՛ք հրաշք երկրներ,
Ինձ թվում է, թե թշվառությունը
Արևի ներքո թեթև կլիներ (թարգմ․` Սամվել Գասպարյան, Ազնավուրը՝ ծանոթ և անծանոթ, Երևան, 1990):
Ֆուտբոլային մարզադաշտային երգերը սովորաբար ունեն պարզ կրկներգ, որը հեշտ է երգել հազարավոր մարդկանցով։ «Emmenez-moi»-ն այդ առումով գրեթե կատարյալ ընտրություն է։ Նրա մեղեդին դանդաղորեն բարձրանում է, իսկ կրկներգը հեշտությամբ հիշվում է։ Միևնույն ժամանակ, երգն ունի յուրահատուկ հուզական լիցք։ Այն ոչ թե մարտական կոչ է, այլ միասնական երազանքի արտահայտություն։ Գուցե նաև այս երգի երկրպագուների ոգեշունչ կատարման ազդեցությամբ է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականը Աշխարհի գավաթի այս խաղերում ուղղակի ճախրում է մարզադաշտում, մեծ առավելությամբ ու դիտարժան խաղով հաղթում մրցակիցներին ու սլանում դեպի վերջնական հաղթանակ։