Իր ամենանշանավոր բանաստեղծական շարքերից մեկը՝ «Ծիածան»-ը, Եղիշե Չարենց ավարտում է 1917 թվականի փետրվարին։ Նույն թվականին այն առանձին գրքով հրատարակվում է Մոսկվայում։ Շարքը նվիրված է բանատեղծի մտերմուհուն՝ Կարինե Քոթանճյանին՝ «Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..․» ընծայագրով։
«Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը», ինձ ոչինչ չէր ասել, մինչև ավարտելը, հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին։ Նույն օրերին նա հորից ստացավ ծանրոց։ Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկել, ուղարկում է գրպանի դանակներ ու պարսկական փուշիներ։ Մեծ էր Եղիշեի ուրախությունը։ Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրատարակել «Ծիածանը»», -հիշում է Կարինե Քոթանճյանը։
Ինքը՝ Չարենցը, «Ծիածան»-ի ստեղծման մասին հիշում է իր Չարենց-Նամե պոեմում․
Արթնացավ հրկիզող մի սեր...
Կարինե։
Կարինե Քոթանճյան...
«Ծիածանը»...
Արև՛ն է այնտեղ,—
Նաիրյան թախիծի միջից.
Հրկիզված իմ հոգին բանտել
Եվ ուզում էր անդարձ շիջի։
Իրանի արև՛ն էր շոգ—
Լացակումած կապույտը Նաիրի...
Ու թախիծը—խեղդող, ճնշող,—
Խառնված ոսկեման հրին։
Պոեմի այս հատվածի շնորհիվ էլ կարող ենք մեկնաբանել բանաստեղծական շարքի առանցքում ընկած երեք գույների խորհուրդը․ երկնագույնն ու մանուշակագույնը՝ կարոտ, թախիծ ու ձանձրույթ, իսկ այրող հուր-արևը՝ ոսկին՝ հերոսի հոգին՝ բանտված այդ ամենի մեջ։ Իհարկե, այլ մեկնաբանություններ ևս կան՝ կապված սիմվոլիստական պոեզիայի գունային խորհուրդների, նույնիսկ պարսակական փուշիների հետ։
Այս խորհրդավոր ու անչափ գեղեցիկ շարքը բացվում է Լուսամփոփի պես աղջիկ չքնաղ բանաստեղծությամբ․
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...