Հայ պոեզիայի թերևս ամենից «տաք» ու կրքոտ շարքը՝ «Ութնյակներ արևին»-ը Եղիշե Չարենցը գրել է 1921 թ․ մայիս-հունիս ամիսներին Երևանում։ Ինչպես իր գրեթե բոլոր շարքերը, որոնք նվիրված են ինչ-որ մեկին և հատկապես կանանց, այս շարքը նույնպես հասցեատեր ունի։ Բանաստեղծն այն ձոնել է կնոջը՝ Արփենիկին։ Սակայն այս տրիոլետների այս շարքը ավելին է, քան սիրային կամ բնապաշտական քնարերգությունը․ այն կրակի, ջերմության, կյանքի անսպառ ուժի գովքի մի կենսահաստատ պոեմ է՝ հյուսված արևի խորհրդանիշի շուրջ։ Այստեղ գերիշխում է կյանքի ու կրքի հաղթանակի տրամադրությունը։ Գեղարվեստական այս առանձնահատկություններով «Ութնյակներ արևին»-ը մոտենում արևմտահայ հեթանոսական բանաստեղծությանը։ Երկու դեպքում էլ սերն ու կիրքը կենսաբանական բնազդներ չեն, այլ տիեզերքի ստեղծարար ուժեր։ Բանաստեղծական պատկերները թեև բավական համարձակ են, սակայն դրանք հեռու են գռեհկությունից։ Բանաստեղծն այստեղ լայնորեն կիրառել է գունային խորհրդանիշներ, կիրք ու գործողություն ներկայացնող պատկերները։ Ամեն ինչ հոսում է ինչպես կյանքը, վառվում, ծփում, պայթում, թափվում, ճառագում։ Չարենցը ստեղծում է մի աշխարհ, որտեղ գեղեցկությունը չի հակադրվում ուժին, մարմինը՝ հոգուն, բնությունը՝ մշակույթին։ Այս ամբողջությունը ձևավորում է կենսասիրության մի փիլիսոփայություն, որի առանցքում արևն է՝ որպես լույսի, սիրո, ստեղծագործության և անընդհատ վերածնվող կյանքի խորհրդանիշ։
***
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.
***
Աղջկա կոնքերի նման
Երազուն, կիզուն ու հասուն`
Վառվում է արևի ծնծղան
Աշխարհի անհո՛ւն երազում:
Դաշտերից նժույգներ են վազում,
Վրնջում են կրքոտ ու վառ, –
Աղջիկները չար խոսք են ասում –
Ու խնդում Է արևը խելառ…
***
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
***
Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։
***
Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
***
Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…
***
Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը — տոթ, ձիերը — վառ, վազքը — խելառ:
Լո՛ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան. —
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա. —
— Ախ, վա՜յ նրանց, որ չապրեցին ու չտեսան…