• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ամենաըմբոստ օպերային արիան․ Բիզեի Կարմենն ու Հաբաներան

Ամենաըմբոստ օպերային արիան․ Բիզեի Կարմենն ու Հաբաներան

Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թվականի մարտի 3-ին՝ Փարիզի Օպերա-Կոմիկ թատրոնում։ Օպերայի առաջին գործողության ընթացքում Կարմենը ներկայացնում է ինքն իրեն՝ երգելով «L’amour est un oiseau rebelle» («Սերը ըմբոստ թռչուն է») արիան, որն ավելի հայտնի է «Հաբաներա» անունով։ Այս երգը  ոչ միայն օպերային արվեստի ամենաճանաչելի մեղեդիներից է, այլև գլխավոր հերոսուհու աշխարհայացքի երաժշտական արտահայտությունը։ Ինչպե՞ս ծնվեց օպերային արվեստի ամենահայտնի մեղեդիներից մեկը, և ի՞նչ է պատմում այն կնոջ մասին, որի ազատությունը ոչ ոք չկարողացավ սահմանափակել։

 
Կուբայական Հաբաներան և Կարմենը

 

Հաբաներան պարային երաժշտության տեսակ է, որը ձևավորվել է Կուբայում՝ Հավանայի երաժշտական միջավայրում, ապա տարածվել Եվրոպայում։ Այն բնորոշվում է յուրահատուկ ռիթմով, որի մեջ զգացվում են շարժման ճկունությունն ու զուսպ, բայց ընդգծված ռիթմը։ Այս արիայի  երաժշտական հիմքում կոմպոզիտորն օգտագործել է իսպանացի երգահան Սեբաստիան Իրադիերի՝ El Arreglito երգի մեղեդին։  Ժ․ Բիզեն այդ մեղեդին օգտագործել է Կարմենի կերպարը ներկայացնելու համար։ Հաբաներայի ռիթմը չի ենթադրում միայն պարային շարժում։ Այն ստեղծում է նաև որոշակի հոգեբանական վիճակ ու տրամադրություն՝  գայթակղիչ, ինքնավստահ և չենթարկվող․ այնպիսին, ինչպիսին օպերայի գլխավոր հերոսուհին է՝ Կարմենը։ Այդ մասին են նաև արիայի խոսքերը․

 

Սերը բոհեմական ծնունդ է վայրի,
Օրենք ու սահման նա երբեք չունի։
Թե ինձ չես սիրում, ես քեզ եմ սիրում,
Իսկ թե սիրեցի՝ զգո՛ւյշ կաց։

 

Ըմբոստ թռչուն Կարմենն ու Մերիմեի հերոսուհին

 

Ժ․Բիզեի օպերան հիմնված է ֆրանսիացի գրող Պրոսպեր Մերիմեի «Կարմեն» վիպակի վրա։  Սակայն օպերան վիպակի ուղղակի երաժշտական վերապատմությունը չէ։ Լյուդովիկ Հալևիի և Անրի Մելյակի լիբրետոն վերափոխում է սկզբնաղբյուրի սյուժեն, փոխում կերպարների հարաբերությունները և նոր շեշտադրումներ հաղորդում պատմությանը։ Բիզեն նույնպես մասնակցել է օպերայի տեքստի մշակմանը, հատկապես «Հաբաներայի» խոսքերի վերջնական ձևավորմանը։

Պ․Մերիմեի վիպակը կառուցված է որպես պատմություն՝ պատմության մեջ։ Պատմողը ճանապարհորդության ընթացքում հանդիպում է Դոն Ժոզեին, իսկ հետագայում  բացահայտում նրա անցյալն ու Կարմենի հետ հարաբերությունները։ Վիպակի Կարմենը խելացի, ինքնուրույն և վտանգավոր կին է։ Նա կարողանում է կառավարել մարդկանց, օգտվել նրանց զգացմունքներից և հասնել իր նպատակներին։ Նրա ազատությունը զուգորդվում է խորամանկության, երբեմն՝ դաժանության հետ։

 

Օպերայում Կարմենը նույնպես պահպանում է իր անկախությունն ու անհնազանդությունը, սակայն երաժշտությունը նրա կերպարին հաղորդում է լրացուցիչ հուզականություն։ «Հաբաներան» նրան տալիս է ինքնաներկայացման հնարավորություն:  Այստեղ կարևոր է ոչ միայն ազատության գաղափարը, այլև սիրո անկայունությունը։ Կարմենի համար սերը հաստատուն զգացմունք չէ, այլ մի բան, որը կարող է ծնվել և մարել՝ անկախ  պարտավորություններից։ Այս իմաստով «Հաբաներան» ոչ միայն Կարմենի բնավորության ներկայացումն է, այլև նրա հետագա ճակատագրի կանխազգացումը։ Արիայում բարձրաձայնվող ազատության գաղափարը դառնում է օպերայի հիմնական դրամատիկական  առանցքը։ Դոն Ժոզեն Կարմենի նկատմամբ ունեցած զգացմունքը վերածում է տիրապետելու ցանկության։ Նա ցանկանում է, որ Կարմենը պատկանի իրեն և ենթարկվի իր կամքին։ Կարմենը, սակայն, չի ընդունում այդ պահանջը։ Կարմենը  հավատարիմ է մնում իր ազատությանը,  նույնիսկ այն ժամանակ, երբ դրա գինը դառնում է սեփական կյանքը։

 

 

Art 365

25.10.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.