• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Աստծո ներկայությունը լույսի ու խավարի սահմանին․ Այվազովսկու խորհրդավոր կտավը

Աստծո ներկայությունը լույսի ու խավարի սահմանին․ Այվազովսկու խորհրդավոր կտավը

 

Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:

Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:

Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ

Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից:

Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին:

Աստվածաշունչը բացող և արարչագործության առաջին օրը ներկայացնող  այս տողերն են թերևս ներշնչել  երիտասարդ Հովհաննես Այվազովսկուն՝ ստեղծելու իր ամենատպավորիչ ու նշանավոր նկարներից մեկը՝ «Քաոս․ աշխարհի արարումը» կտավը։ Նկարը Հովհաննես Այվազովսկին ստեղծել է 1841 թվականին, երբ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի այլ ուսանողների հետ ստեղծագործական շրջագայությամբ գտնվում էր Իտալիայում։  Այստեղ էլ  նա իր կտավը ներկայացնում է ցուցահանդեսի ժամանակ։ Այս միստիկ ու խորհրդավոր նկարը մեծ աղմուկ է բարձրացնում արվեստասերների շրջանում և հմայում նաև Հռոմի Պապ Գրիգորիոս XVI-ին։ Պապը ցանկանում է գնել նկարը, սակայն Այվազովսկին այն նվիրում է Վատիկանին։ Այվազովսկին դառնում է առաջին ռուսաստանցի նկարիչը, որի նկարը այդքան մեծ ուշադրության է արժանանում։ Պապը նկարչին պարգևատրում է ոսկե մեդալով և, ըստ որոշ աղբյուրների, ասում․

«Սա այն տեսիլքն է, որ հոգին զգում է, երբ կարողանում է հասնել արարչագործության պահի ընկալմանը»։Հանդիպման ժամանակ Պապը օրհնում է նրան՝ որպես արվեստագետ, ով կարողացել է «լույսի ու խավարի սահմանին ցույց տալ Աստծո ներկայությունը»։

Հետագայում՝ 20-րդ դարասկզբին այս խորհրդավոր ու ներշնչող նկարը Հռոմի Լևոն XIII-րդ պապը նվիրում է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը, որտեղ էլ այն այսօր գտնվում է։

 Տիեզերքի ծնունդը պատկերող այս նկարում մուգ գույները՝ սևն ու  մոխրագույնը հակադրվում են վառ ու լուսավոր երանգներին,  ինչն էլ խորհրդանշում է լույսի ու խավարի կռիվը։ Կենտրոնում՝ ուրվագծվում է Արարիչը՝ որպես  քաոսի ու լույսի բաժանող։ Այվազովսկին այստեղ վարպետորեն միահյուսում է  ռոմանտիզմի հուզական պաթոսն ու բարոկկոյի դրամատիզմը՝ ստեղծելով կոմպոզիցիոն լարվածություն։ Մարդու հայացքը՝ խավարից ձգվում է  կենտրոն՝ դեպի լույսի աղբյուրը։ Նկարի գրեթե եռաչափ խորությունը համադրվում է խորհրդավոր ու միստիկ  մթնոլորտին, ինչն էլ խորը ազդեցություն է թողնում դիտողի վրա։ 

 

Art 365

29.07.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.