• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Այս առավոտ, այն գիշեր․ պոեզիայի և նկարչության հանդիպումը

Այս առավոտ, այն գիշեր․ պոեզիայի և նկարչության հանդիպումը

Հուլիսի 9-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում մեկնարկեց և մինչ հուլիս 17-ը կշարունակվի  «Այս առավոտ, այն գիշեր» արվեստի նախագիծը։ Այս օրերին  կենտրոնը կվերածվի ժամանակակից պոեզիայի և նկարչության հանդիպման և երկխոսության յուրահատուկ հարթակի։ Նախատեսվում են հեղինակային Talks-եր, կլոր սեղաններ և «Բառի և պատկերի միջև» աշխատարանը։

Նախագծի բացմանը ներկայացվեց  «Այս առավոտ, այն գիշեր» եռալեզու (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն) գիրք ու համանուն ցուցահանդեսը։ 

«Այս առավոտ, այն գիշեր» գիրքը հերթական բանաստեղծական ժողովածու չէ․ այն կառուցված է որպես ամբողջական գեղարվեստական փորձառություն, որտեղ բառը, պատկերը և գրքի  ձևավորումը դառնում են մեկ ստեղծագործական ամբողջություն։ Գրքի նախաբանում  նշվում է, որ այն «չի պատմում, այլ բացահայտում է», այսինքն չի նկարագրում իրականությունը, այլ ստեղծում է նոր հարաբերություններ նրա հետ։ Նախագծի առանցքում՝ «երեք շրջանների» գաղափարն է։ Այս շրջանները խորհրդանշում են մտածողության, ներկայության և ժամանակի փոխհարաբերությունը․

Երեք շրջանները պատկեր չեն. դրանք մտքի գործողություն են, որի միջոցով  ներկան դադարում է երևալ որպես կետ և բացվում է որպես անորոշության  դաշտ, -գրում է նախագծի հեղինակ Գևորգ Այվազյանը։

Գրքի առաջին մասում ընդգրկված են Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայ ժամանակակից հեղինակներ՝ Նշան Աբասյանի, Անի Ասատրյանի, Ծովիկ Կարապետյանի, Րաֆֆի Ավետիսյանի, Սյուզան Խարտալյանի, Թամար Մարի Բոյաջյանի, Հասմիկ Սիմոնյանի, Մարալ Աքթոքմաքյանի, Ավագ Եփրեմյանի, Մհեր Արշակյանի, Անուշ Քոչարյանի, Մերի Մկրտչյանի և Մարուշ Երեմյանի ստեղծագործությունները, որոնք ներկայացված են հայերեն, ֆրանսերեն և անգլերեն։  Գրքի կազմողներն ու խմբագիրներն են՝ Գևորգ Այվազյանը, Քնարիկ Ներսիսյանը, Հայկ Համբարձումյանը և Թամար Մարի Բոյաջյանը։ Ժողովածուի գաղափարական առանցքը ձևավորում են Ամելի Ադամոյի «Հայաստան» գործը և նախագծի հեղինակ  Գևորգ Այվազյանի «Երեք շրջան»  տեքստը։ Այս գործերը ընթերցողին առաջարկում են գիրքը ընկալել ո՛չ միայն որպես պոեզիայի ժողովածու, այլև՝ ժամանակի, հիշողության, ներկայության և ինքնության շուրջ խորհելու տարածք։

Այս առաւօտը այդ գիշերը չէ,
եւ այդ գիշերն ալ այս առաւօտը չէ, 
բայց անոնք կը խօսին իրար հետ 
լռութեամբ մը որ բառեր չունի։
Իրար կը գտնեն այն պահուն
ուր մենք արդէն կորսուած ենք
եւ հենց այդ կորստեան մէջ
կը յայտնաբերենք
որ երրորդ շրջանը
ոչ ուրիշ տեղ է,
այլ հենց մեր նայուածքն է,
ուրկէ կը սկսի ամէն հնարաւորութիւն։

Գրքում ընդգրկված են ժամանակակից նկարիչներ՝ Հարութի, Ֆլորենս Օբրեքթի, Վահան Սողոմոնյանի, Աքսել Փահլավի, Անի Քանանյանի, Պիեր Աղաքիանի, Ալեքսանդր Ավագյանի, Անուշ Ղուկասյանի, Մայիդա Չավակի, Գիոմ Թումանիանի, Արման Վահանյանի, Թալին Զաբունիանի, Տիգրան Սահակյանի ստեղծագործություններ, սակայն կերպարվեստը ներկայացված չէ որպես գրականության ուղեկից։ Այս արվեստագետների աշխատանքները նույնքան ինքնուրույն են, որքան բանաստեղծությունները։ Դրանք չեն պատմում տեքստերի մասին և չեն փորձում դրանք բացատրել։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր գործ առաջարկում է սեփական ընթերցումը՝ գույնի, գծի, տպագրական մակերեսի, լռության և դատարկության միջոցով։ Գրքում ներառված բոլոր աշխատանքները ստեղծվել են սահմանափակ տպաքանակով և տպագրվել են ավանդական գեղարվեստական տպագրության տեխնիկաներով Երևանի «Սահակյան» արվեստանոցում։

Նկարիչների գործերում  գերիշխում են մինիմալիստական լուծումները, տպագրական տեխնիկայի ընդգծված ներկայությունը, լույսի և ստվերի հարաբերությունները, երկրաչափական ձևերն ու նշանային մտածողությունը։ Դրանք ոչ այնքան պատկերում են իրականությունը, որքան ստեղծում են մտածելու տարածք, նույն կերպ, ինչպես գրքում ընդգրկված բանաստեղծությունները։

Այս ուշագրավ ժողովածուն իրականություն է դարձել «Այվազյան» հրատարակչության, «MENK projet»-ի, ՀԲԸՄ-ի, Գեղագիտության ազգային կենտրոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործակցությամբ։ 

Art 365

10.07.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.