Հայ նշանավոր նկարիչ Արշակ Ֆեթավճյանը, որ առավել հայտնի է իր՝ Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ձևավորումներով, բազմաժանր նկարիչ է։ Նրա ժառանգությունն են կազմում՝ կտավներ, որմնանկարներ, գծանկարներ, ջրաներկ նկարներ, ներկայացումների ձևավորումներ և այլն։ Ա․ Ֆեթվաճյանը համարվում է հայ առաջին ջրանկարիչը։ Նրա ջրաներկ աշխատանքների մեջ առանձնում են Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքի եկեղեցիների ու այլ ճարտարապետական կոթողների պատկերները։ Կառույցներ, որոնք կամ այսօր չկան, կամ մնացել են համեստ ավերակներ։ Անի ու հարակից շրջաններ իր շրջագայությունների ընթացքում նկարչը 20-րդ դարասկզբին ստեղծում է 30 ջրաներկ աշխատան և 1500 մատիտանկար՝ վերստեղծելով ու նկարներում պահպանելով հայ ճարտարապետության բացառիկ հուշարձաններն ու դրանց զարդաքանդակները։
1906 թվականին Արշակ Ֆեթվաճյանը Վիեննայում հրատարակում է Անին ներկայացնող 15 ջրաներկ աշխատանքների գունավոր բացիկների, նաև իր յուղաներկ նկարների քարտերի մի հավաքածու։
«Առանց հավակնություն ունենալու Անին ամբողջ ներկայացուցած լինելու, կկարծեմ, որ հավաքած եմ այս ալպոմի մեջ Բագրատունյաց մայրաքաղաքին և նորա անմիջական շրջակայքի ավերակներեն ամենեն նկարչականները»,- գրում է նկարիչը բացիկների հավաքածուի շապիկին:
«Իմ նկարների մեջ ես աշխատել եմ պահել յուրաքանչյուր քարի և գույնի հարազատությունը, որպեսզի դրանք չլինին ավերակներ, այլ մի մի փորթրե Անիի ավերակների: Ձեռնարկելով այս գործին՝ աչքի առաջ ունեցել եմ ամեն բանից առաջ, զուտ ժողովրդական մի գործ կատարել, տալ ժողովրդին արժան և կարելի հնարքը գեղեցկագիտական մի վայելք ունենալու և Անիի հավետ ողբալի պատկերներին դեմ հանդիման կանգնեցնելով զինք` միջոց տալ մտածելու»,-գրում է հայագետ Հակոբ Տաշյանին։
Նկարիչը երազում է ժամանակ գտնել և ավերակ դարձած շքեղաշուք թագավորանիստ քաղաքը պատկերել ավելի մանրամասն, կազմել խոնարհված եկեղեցիների ու կառույցների հատակագծերը․
«Հենց որ մի քիչ թեթևանամ այս անգամ շալկված պարտքես կգամ իրագործելու մի ուրիշ և անհամեմատ բարձր գործ, որ է՝ Անին 24 պատկերներով և պանորամայով և յուրաքանչյուր ավերակը վերակազմած ճարտարապետական պատկերներով և հատակագծերով՝ նորեն 24 հատ, մի այդքան երես ևս հավաքածո Անվո ճարտարապետական շինվածոց մեջ գործածված քանդակների տեսակներուն և երեքլեզվյան պատմությունը մեր հիմնահատակ Անիին՝ գրված ամենակարող գրչի մը կողմե»:
Չնայած նկարչի այս երազնաքն իրականություն չի դառնում, սակայն նա Անիի տպավորիչ նկարները կարողանում է ներկայացնել 1908 թվականին Թիֆլիսում կազմակերպված ցուցահանդեսին։ Այսօր էլ այս ջրաներկերը տպավորում են իրենց գունային ներդաշնակությամբ, ճարտարապետական հուշարձանների պատկերավորման ճշգրտությամբ։ Բայց առավել դրանք փոխանցում դիտողին Արշակ Ֆեթվաճյանի հիացմունքը մեր միջանադարյան ճարտարապետության գանձերով ու դրանք ինչ-որ կերպ պահպանելու ու մեզ ու աշխարհին ներկայացնելու ձգտումը։
Աղբյուրը՝ Լ․Չուգասզյան, Արշակ Ֆեթվաճյան․ հայ նկարիչը Արևմուտքի և Արևելքի միջև, «Էջմիածին», 2003, Ժ-ԺԱ։