• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
5 գիրք, որոնք մենք պատկերացնում ենք միայն Հակոբ Կոջոյանի նկարազարդումներով

5 գիրք, որոնք մենք պատկերացնում ենք միայն Հակոբ Կոջոյանի նկարազարդումներով

Դեկտեմբերի 13-ին լրացավ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի (1883-1959) ծննդյան 140-ամյակը: Հատկապես իր գրքային նկարազարդումներով ու ձևավորումներով հայտնի նկարիչը համարվում է հայ գրքային գրաֆիկայի հիմնադիր: Հ. Կոջոյանի գրաֆիկաներն ու ձևավորումներն՝ իրենց իրականացման  մեծ վարպետությամբ, ինքնատիպությամբ, գույների ու գծերի նուրբ համադրություններով, բնագրի հետ երկխոսության բացառիկ դրսևորումներով, յուրահատուկ ոճով հիացնում են նաև այսօր: Կոջոյանական գրքային նկարազարդումները խթանել ու խթանում են  ընթերցողի երևակայությունը, նպաստում գրական ստեղծագործությունների բովանդակության բացահայտմանը, ներշնչում ընթերցողին: Ավելին, կան գրքեր, որոնք անհնար է պատկերացնել առանց Հակոբ Կոջոյանի  ձևավորումների ու նկարազարդումների: Art365-ը ներկայացնում  գրքային գրաֆիկայի մեծ վարպետի այդպիսի 5 նշանավոր աշխատանք.

 

Եղիշե Չարենց, Գիրք ճանապարհի, 1933 

 

Եղիշե Չարեցնի կենդանության օրոք՝ 1934 թ. հրատարակված նրա վերջին՝ «Գիրք ճանապարհի» գիրքը բացառիկ է իր բովանդակությամբ, հարցադրումների սրությամբ, արտացոլված գաղափարներով, նաև հեղափոխական ու ինքնատիպ  ձևավորմամբ: Այն ամբողջությամբ արտահայտում է գրքի գաղափարներն ու հղացքը, ընդգծում Չարենցի այս ժողովածուի գաղափարախոսական կարևրագույն նշանակությունը, բանաստեղծի ոճի, կերպարի, նաև ժամանակի էպիկականությունը:

 

Ստեփան Զորյան, Հազարան Բլբուլ, 1925

 

Հայ ժողովրդական սիրված հեքիաթի Ստեփան Զորյանի մշակաման պատկերազադրումը ապշեցնում է իր երևակայության ուժով, ներշնչում հրաշալիի յուրահատուկ ոճավորմամբ: Գրքում 6 նկար կա, որոնցից ամենահայտնին  «Հազարան բլբուլի երգը» պատկերն է: Այն լիովին արտահայտում  է այս կերպարի ու ամբողջ հեքիաթի հիմնական գաղափարը՝ բնության զարթոնքն  ու կյանքի շարունակականությունը: 

 

Ակսել Բակունց, Սև ցելերի սերմնացանը, 1934

 

Ակսել Բակունցի այս հայտնի ժողովածուի նկարազարդումներն ու ձևավորումը համապատասխանում են այստեղ ընդգրկված պատմվածների, նաև հեղինակի ոճի առանձնահատկություններին: Լույսի ու ստվերի նուրբ հարաբերություններում Հ. Կոջոյանին հաջողվել տիպականորեն ներկայացնել Բակունցի գյուղաշխարհն ու մարդկանց՝ սկսած գրքի  ինքնատիպ ֆորզացից, ընդգրկելով հեղինակի դիմանակարն ու առանձին պատմվածքների ձևավորումները: 

 

 

Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, 1934

 

Միջնադարյան առակների Ա. Բակունցի կազմած այս գրքի նկարազարդումները ներշնչված են հայ միջնադարյան ձեռագրարվեստից, մասնավորապես գլխատառերի գրության ձևերից: Հ. Կոջոյանը գտել է կենդանական առակների նկարազարդման  ամենահամապատասխան ձևը՝ առակը բացող բառի առաջին տառի յուրահատուկ պատկերմամբ: 

 

Սասունցի Դավիթ, 1922

 

Հայաստանի ազգային պատկերասրահում է պահվում Հ. Կոջոյանի ամենահայտնի նկարներից մեկը, որը ստեղծվել է 1922 թ. Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմից ներշնչված: Հետագայում այն օգտագործվել է մեր ազգային դյուցազներգության գրեթե բոլոր հրատարակություններում: Նկարն ապշեցում է իրականացման բարդ տեխնիկայով, յուրահատուկ կոմպոզիացիայով ու ոճավորմամբ: Չափսերով փոքր, սակայն մոնումենտալ  այս պատկերում նկարիչն ամփոփել  է «Սասնա ծռերի» շուրջ երեք տասնյակ դրվագ: Էպոսի կենտրոնական իրադարձությունները  ներկայացված են վիտրաժային պատկերմամբ, դիպաշարի առանձին դրվագներով: Հետագայում հրատարակված Էպոսի բանավոր տարբերակների հատորները(1936, 1944, 1951) նույնպես ձևավորել է Հ. Կոջոյանը՝ ներշնչվելով հայ միջնադարյան ձեռագրերի արվեստով ու մանրանկարչությամբ: 

  

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

13.12.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.