Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրականի նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։
Նարեկացին եղբոր հետ կրթություն ստացել է Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքում։ Նրանց ուսուցիչն է եղել ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը՝ Անանիա Նարեկացին։
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկավանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական գործունեությամբ։ Այդ ժամանակ էլ ստացել է Նարեկացի անունը։
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկավանքում։ Նրա գերեզմանը դաձել է սրբազան ուխտատեղի է դարձել հայ ժողովրդի համար։
Ըստ ավանդության, Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։
Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագույն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» երկն է, որը հաճախ պոեմ է կոչվում, թեև իրականում աղոթամատյան է՝ հոգին ու մարմինը բժշկող աղոթքների ժողովածու։
«Մատյան ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։
Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը՝ գրված որոշակի տոնին երգվելու նպատակով։ Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով։
Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների։
Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի» մեկնությունն է՝ գրված 977 թվականին Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով։
Հայաստանում կա 3 եկեղեցի, որոնք կրում են Սուրբ Գրիգոր Նարեկացի անվանունը՝ Վաղաշենի, Վանաձորում և Արմավիրում։
Երևանի թիվ 137 և Վաղարշապատի թիվ 2 դպրոցները կրում են Գրիգոր Նարեկացու անունը։ Երևանում կա նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն։ Իսկ Կիպրոսում կան 3 Նարեկ անունով հայկական վարժարաններ՝ Լիմասոլում, Լառնակայում և Նիկոսիայում։
2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ։
2001 թվականաին Հայփոստը շրջանառության մեջ է դնում Գրիգոր Նարեկացուն և Մատյան ողբերգությանը նվիրված նամականիշ։
Նարեկ անունը շատ տարածված է Հայաստանում։ Այն գրեթե ամեն տարի ամենատարածված անունների ցանկի առաջին եռյակում է հայտնվում։