Ես ձեզ ասում եմ` կգա Ոգու սով
Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով...
Ավետիք Իսահակյանի 1902 թվականին գրված այս նշանավոր ու մշտապես արդիական բանաստեղծությունը, Վարպետի այլ հայտնի ու անհայտ գործերի, նամակների, հուշերի հետ միասին ընդգրկված է Հայկ Համբարձումյանի «Ոչ մի շաբաթ առանց Իսահակյանի» ընտրանիում։ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացվեց Վարպետի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված «Զանգակ» հրատարակչության «Ոչ մի շաբաթ առանց գրականության» մատենաշարի արդեն 8-րդ հատորը։
Կյանքի վաղ տարիներից սկսյալ Ավ․ Իսահակյանը իր ակտիվ գրական ու քաղաքական գործունեության համար ենթարկվել է հալածանքների, բանտարկվել ու աքսորվել, երկար տարիներ անցկացրել արտասահմանում՝ տարագրության մեջ, իր մասնակցությունը բերել ազգային-ազատագրական պայքարին, իր ստեղծագործություններով արտացոլել ու ոգեշնչել այդ պայքարը։
Նա մեծ հայանպաստ գործունեություն է ծավալել արտասահամանում, իսկ Հայաստան վերադարձից հետո ջանքեր չի խնայել հայրենիքի գրական-մշակութային կյանքի զարգացման համար։ Գրքում ընդգրկված նյութերում անդրադարձներ կան Իսահակյանի հասարակական ու մշակությաին գործունեությանը:
Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում Վարպետը ստեղծել է ընթերցողական ամենատարբեր ճաշակները բավարարող բազմազան ու տարբեր գործեր։ Փոքրածավալ քնարական բանաստեղծությունների կողքին հեղինակել է ծավալուն քնարական ու էպիկական պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, առակներ ու պատմվածքներ, վեպ, գրել հիանալի հուշեր։ Ավ․ Իսահակյանի փոթորկուն կյանքի պատմությունն ինքնին մի մեծ վիպաշարի նյութ կարող է դառնալ, որի տարբեր էջեր ներկայացվում են գրքում:
Շնորհանդեսին մասնակցող բանաստեղծի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը ողջունեց այսպիսի հանրամատչելի, նոր ձևաչափով հրատարակությունների ստեղծումը, կարևորելով մեր դասակայն հեղինակների, մասնավորապես Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների վերընթերցումը, նրանց հայրենասիրական գաղափարների տարածումը։
«Ոչ մի շաբաթ առանց գրականության» նախագծի այս հատորը լրացնելու է գալիս մատենաշարի արդեն եղած 7 գրքերը՝ նվիրված Թումանյանին, Չարենցին, Տերյանին, Հրանտ Մաթևոսյանին, դասական ու անկախության շրջանի պոեզիային, և ընթերցողն արդեն տարվա ոչ միայն ամեն շաբաթ, այլև յուրաքանչյուր օր կարող է անցկացնել մեր մեծ գրողների ստեղծագործությունների ուղեկցությամբ: