1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանով հաղթահարեց Երկրի ձգողականությունը և սկսվեց մարդու կողմից տիեզերքի նվաճումը։ Այս դարակազմիկ իրադարձությունը ոչ միայն բացեց տիեզերքի դռները մարդու առջև, այլև սկիզբ դրեց մի նոր մշակութային դարաշրջանի, որը կոչվեց Տիեզերական դարաշրջան (Space Age): Աշխարհն այլևս առաջվանը չէր, և այս իրադարձությունը իր արտացոլումը գտավ նաև 1960-1980-ական թվականների արվեստում։ Ինչպես ամբողջ աշխարհում, Խորհրդային միությունում և Հայաստանում նույնպես, այդ կարևոր թվականից սկսյալ ու հետագա երկու տասնամյակում ստեղծվեցին այս թեմայով արվեստի գործեր։ Հայաստանում տիեզերական ռոմանտիկան իր ինքնահատուկ արտահայտության ձևերը գտավ գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության մեջ։ Ի մասնավորի, Երևանի քաղաքային միջավայրում 1970-1980-ականներին հայտնվեցին մի շարք ֆուտուրիստական խճանկարներ, որոնք փառաբանում էին գիտությունն ու տիեզերքի նվաճումը։ Ներկայացնում ենք այս խճանկարներից երեքը, որոնք այսօր էլ կան:
Կարեն Աղամյան, «Առաջընթաց» (1983 թ.)
Կ․ Աղամյանի այս խճանկարը տիեզերական թեմայով ամենահայտնի գործերից է։ Այսօր այն գտնվում է հորինվածքին ներդաշնակ միջավայրում՝ Կոմիտաս պողոտայում գործող «Զանգակ» գրատան տարածքում։ Խճանկարը բաղկացած է երեք մասից․ կենտրոնում պատկերված է սկաֆանդրով տիեզերագնաց, որը սավառնում է տիեզերքում: Հեղինակը համադրել է գիտական առաջընթացը դասական արվեստի հետ. պատկերներից մեկը հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդուն»՝ խորհրդանշելով մարդու մարմնի երկրաչափական կատարելության ու տիեզերքի կապը։ Իսկ երրորդ պատկերում տիեզերք թռչող մարդն է՝ ազատ ու անկաշկանդ ճախրանքի մեջ։

Զոհրաբ Միրզոյան, Էդվարդ Քարսյան, Կարապետ Շեխյան, «Թռիչք» (1984-1986 թթ.)
Այս ծավալուն աշխատանքը գտնվում է Շենգավիթ թաղամասի, տրոլեյբուսի պարկի շենքերից մեկի պատին։ Խճանկարը ներկայացնում է մարդու ձգտումը առ տիեզերքի խորքեր։ Մոզայկան ունի վառ գույներ ու դինամիկ կոմպոզիցիա, ինչը բնորոշ էր այդ տարիների ֆուտուրիստական ոճին։

Կարապետ Եղիազարյան, Հրայր Կարապետյան, Խաչատուր Գյուլամիրյան, Վաղինակ Մանդակունի և Ալեքսանդր Վզատյան: Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի խճանկար (1977 թ.)
Սա Հայաստանի ամենախոշոր խճանկարներից մեկն է, որը նախկինում զարդարում էր Երևանի Կապի ինստիտուտի շենքի ճակատային մասը, իսկ այսօր՝ տեղափոխվել ու հանգրվանել է այդ շենքի տեղում կառուցված բարձրահարկի ճակատային մասում։
Պաննոյի կենտրոնական մասում պատկերված են մարդկային կերպարներ, որոնք մարմնավորում են գիտնականներին ու տիեզերագնացներին: Խճանկարում առկա են ռադիոալիքների, արբանյակային ալեհավաքների և էլեկտրոնային սխեմաների ոճավորված պատկերներ, որոնք խորհրդանշում են տեղեկատվության փոխանցումը տիեզերական անսահմանության մեջ:
