Սուրբ Գրիգոր Նարեկացու Գանձարանում առանձնահատուկ տեղ ունեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձմանը նվիրված տաղերն ու փոխերը։ Իր տաղերում և և դրանց վերջին դրվագ համարվող փոխերում Նարեկացին օգտագործելով բանաստեղծական արտահայտության միջոցները, խորհրդաբանորեն ներկայացնում է եկեղեցական այս կամ այն տոնի նշանակությունը։ Համբարձման նարեկացիական երկու տաղերում և փոխերում օրվա սուրբգրային ընթերցումներին համապատասխան, Հիսուս Քրիստոս հեթանոսների ու չարի դեմ պատերազմող ու հաղթանակող Թագավոր է։ Նա Հարությունից հետո 40 օր եղել է երկրի վրա ու հանդիպել աշակերտներին ու հավատացյալներին, ներկայացրել իր վարդապետությունը։ Նրա սխրանքը հիացնում է երկնային զորքին՝ հրեշտակներին, որոնք նրան երկինք են հրավիրում, փառք տալիս ու ավետում Համբարձումը։ Փոխերում արդեն Համբարձման դրվագի մյուս մասնակիցներն են՝ առաքյալները։ Նրանք փառք են տալիս Փրկչին և խնդրում նրան կատարել խոստումն ու չմոռանալ իրենց։ Ներկայացնում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու Համբարձման տաղերից ու փոխերից մեկը գրաբար և Հենրիկ Բախչինյանի վերծանությունը։
Գանձ Համբարձմանն Քրիստոսի Աստուծոյ
Էբ Տաղ
Էն է Ինք Էէն.
եղանի էակ եղելի՝ անեղից, աներբից.
յաւիտեան անհաս՝ իմանի անկէտ, այժմուս՝ հասու
ծոցածագենի Ծագումն, Ծի՛ր մըշտածաւալ, անփոխ
Մինն յԷից զարմից, յԵրազգայից համագոյ՝
Շաւիղ անքայլ ոտից ընթաց:
—Ես Էին նըման՝ Աննըմանին իմոյ՝ զիմն առեալ,
առից Պատճառ բերեալ վերամբարձ Երկնից օդng.
մատինայօրին պատկեր ի նոյն տիպ զարդարեալ.
վեհ, երագընթաց Շաւիղ կամ՝ ել ի Նա գոյ:
Տաղաւար եղեւ առ Կոյսն, Առաքողին կամք պարտեալ
ընդունակ ժամու. եհաս, ահա, ժամ կատարման․
ի խաչըն բարձրանալ դիտին՝ առ Հայր համբարձումըն:
Ամբարձ յերամից յԵրազգայից վերասլացիկ Սա զարմացմամբ,
թեւատրոհաթեւ շառաչմամբ՝ բոյլ հիւթ ճոխարան դասուց․
մի առ մի հրաւիրէր. — Փոյթ յասպարէզ մատիք:
— Ո՞վ է Սա՝ սաստիկաշունչ Բոսորայ երփնազարդեալ:
— Սա այն Թագաւորն է քաջ՝ կորովաբար ի պատերազմէ եկեալ:
— Ի վե՛ր համբարձէք, իշխա՜նք, ըզդրունս:
Առ Հայր զաւետիս պատմեալ.
— Ահա Սիրելի Քո սիրեցելոյ սըրտիդ, զոր վըկայեցեր.
«Դա սիրելի Որդի»:
Ի գիրկս Հայրենի նըստեալ՝ ի համբոյր սըրբութեան:
— Սուրբ Հոգին սիրով պատուեալ զիմ գընդին ըզհետ:
— Պարգեւըս քեզ պարտ է լընուլ անսուտ խոստման պարտիս
«Ընդ ձեզ եմ յաւիտեան»:
Վերծանություն
Աստուածն Ինքն Աստծուց է։ Լինելով անստեղծ, անժամանակ` եղաւ էակ նյութականն, լինելով յաւիտեան անտեսանելի, անսահման՝ այժմ եղաւ հասանելի: Նա՝ Ծագումը Հօր ծոցից, մշտածաւալ, անփոփոխ Ճանապարհը, Մեկը Աստուածութեան զարմից, համագոյ Երրորդութիւնից, ոտք չդիպած Շաւիղը:
— Ես իմ Աննմանին՝ Հայր Աստծուն եմ նման, որն ինձ, որպէս Սկզբնապատճառ, երկիր բերեց բարձրագոյն Երկնքից. Իր մատներով ստեղծած նոյն (մարդկային) պատկերով զարդարեց ինձ. վեհ, արագընթաց Շաւիղ եմ` Նրա մօտ ելնելու:
Բնակուեց Սուրբ Կոյսի մէջ, Առաքողի (Հայր Աստծու) կամքով ենթակայ եղաւ ժամանակին, հասաւ, ահա, ժամը վախճանի. բարձրանալով խաչին՝ համբարձուեց Հօր մօտ:
Սուրբ Երրորդութեան երամները (հրեշտակները) Նրա վերասլաց համբարձումից զարմացած, թեւերը շառաչմամբ թափահարելով, հոծ խմբերի բոյլով, կանչում էին միմեանց.
- Շտապ ասպարե՛զ ելէք:
- Ո՞վ է Սա՝ այսպէս սաստիկաշունչ Բոսորից գունազարդուած:
- Սա այն Թագաւորն է քաջ՝ խիզախօրէն պատերազմից եկած:
- Բարձրացրէ՛ք, իշխաննե՛ր, դռները վեր:
Հօրն աւետիս տուեցին
- Ահա Քո սիրող սրտի Սիրելին, որի մասին վկայեցիր. «Դա է իմ սիրելի Որդին»:
- Հօր գրկում նստեց՝ սուրբ համբոյրով.
- Սուրբ Հոգին սիրով փառաւորեց իմ խմբին (առաքեալներին) ինձանից յետոյ
- Պարգեւս պարտաւորեցնում է քեզ՝ կատարելու անսուտ խոստումդ. «Ձեզ հետ եմ յաւիտեան»:
Էգ Փոխ
Այն փոքրիկ հօտին տըրտմեալ
վըտակս արտասուաց բըղխեալ,
այն սակաւ գընդին՝
ողորմ աւաղուկ աղէտ:
Զաչս ի վեր համբարձեալ յերկինս.
— Որ ես Հայր որբոց յուսով,
ո՞ւմ յանձն արարեր ըզմեզ.
տարակոյս բաժին է մեր:
Յիշեա՛, յիշեա՛, մի՛ մոռանար, Տէ՛ր,
խոստացար անսուտ բանիւ՝
ընդ մեզ լինել զաւուրս կենաց՝
մինչեւ կատարած երկրի:
Վերծանություն
Այն փոքրիկ տրտմած հօտը արտասուքի վտակներ թափեց, այն սակավամարդ խումբն աղիողորմ աւաղեց:
Աչքերը յառեցին երկինք.
-Դու, որ յուսացող որբերի Հայրն ես, ո՞ւմ յանձնեցիր մեզ, տարակոյսն է բաժինը մեր:
Յիշի՛ր, յիշի՛ր, մի՛ մոռացիր, Տէ՛ր, խոստացար անսուտ խօսքով` մեզ հետ լինել կեանքի բոլոր օրերին՝ մինչեւ վախճանն աշխարհի:
Տաղի ու վերծանության աղբյուրը՝ Հենրիկ Բախչինյան, Գրիգոր Նարեկացու Գանձարանը, Երևան, 2016: